Պարզվում է, որպես կրոնական կազմակերպություն Հայ Առաքելական եկեղեվին պետռեգիստրում հիմնադրվել է 1998 թվականին՝ երկու ֆիզիկական անձանց կողմից : Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին Գոշավանքում ընթացող «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասաց սահմանադրագետ Արթուր Ղամբարյանը:
Նա նշեց, որ օրենսդրության մեջ Հայ առաքելական եկեղեցուն տվել ենք պարզապես կրոնական կազմակերպության կարգավիճակ՝ իբրեւ օրենքի առջեւ բոլոր կրոնական կազմակերպության իրավունքները պաշտպանելու արհեստական նպատակից ելնելով. «Ի՞նչ իրավիճակ ունենք: Հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է նույնիսկ մինչեւ 301 թվականը՝ պետական կրոն ճանաչվելը, բայց պարզվում է, որպես կրոնական կազմակերպություն պետռեգիստրում հիմնադրվել է 98 թվականին՝ երկու ֆիզիկական անձի կողմից: Ինձ համար շատ տարօրինակ է, որ որեւէ մեկը կարող է ասի, որ Հայ առաքելական եկեղեցին գրանցվել է ֆիզիկական անձի կողմից: Եթե կրոնական կազմակերպություն է, սա նշանակում է, որ կարող է լուծարվել, ինքնալուծարվել: Պատերացնո՞ւմ եք՝ մենք քննարկեինք Հայ առաքելական եկեղեցու լուծարման կամ ինքնալուծարման հնարավորություն, դա որեւէ մեկի գիտակցության մեջ անգամ չի կարող տեղավորվել»:
Ղամբարյանի խոսքով՝ եթե եկեղեցին դիտարկում ենք զուտ կրոնական կազմակերպություն, նշանակում է իր սեփականությունը տնօրինելու իրավունք ունի, եթե մասնավոր իրավունքի տեսանկյունից ենք նայում:
«Գրիգոր Լուսավորչի աջը, Գեղարդը որեւէ կազմակերպության սեփականությո՞ւնն է, այն այդ կազմակերպության հաշվեկշռում է, բայց դրանք հայ ժողովրդինն են: Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ, գույքը համընդհանուր սեփականություն է համարվում, ազգային հարստություն է, բայց դա մեր Սահամանդրությամբ ամրագրված չի: Մենք հակապատմական մոտեցում ենք ցուցաբերել, երբ Հայ առաքելական եկեղեցին դիտարկել ենք որպես զուտ շարքային կրոնական կազմակերպություն, սա մեր մեծագույն սխալն է, որը պետք է արագ կերպով ուղղվի», – ասաց Արթուր Ղամբարյանը ավելացնելով, որ եթե քո եկեղեցուն հատուկ կարգավիճակ ես տալիս, ոչ մի միջազգային իրավունքին դա չի հակասում:
Նրա խոսքով` այսօր ժամանակաշրջանն է, որ պատմական իրավունքի տեսանկյունից այս հարցերը պետք է վեր հանվեն:
«Եվրոպական երկրներում պետություն-ազգային եկեղեցի իրավունքները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրերով: Դրանք կարող են հետագայում փոխվել միայն երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ»,- ընդգծեց Արթուր Ղամբարյանը: