News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ես ոչ միայն կողմ եմ այդ մոտեցմանը, այլեւ համարում եմ, որ դա իսկապես ժամանակակից մոտեցում է, այն աշխարհի շատ երկրներումն ներդրվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, «Մեդիակենտրոնի» տեսակապի ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ խոսելով ԿԳՄՍ-ի մշակած  ու հանրային քննարկման  ներկայացրած հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որով առաջարկում է ներդնել կարողությունների վրա հիմնված համակարգ:

«Սակայն  հարց է առաջանում, թե այս փաստաթուղթը ո՞ր ռազմավարության շրջանակներում ենք մենք դիտարկում, ո՞րն է մեր երկրի կրթական ճանապարհը: Փաստաթղթի հետ բանավեճեր եւ շատ տարակարծություններ չէին լինի, եթե  մենք ռազմավարությունը ունենայինք»,- նշում է բանախոսը:

Ըստ նրա՝ կարողունակություն բառի փոխարեն լավ կլիներ նոր բառ լիներ, քանի որ բանախոսի հավաստմամբ՝ նոր բառերն են ինչ-որ իմաստով նոր իրականություն ստեղծելու: «Կարողունակությունը ուսուցիչների համար քիչ թե շատ ծանոթ է՝ կարողություն, ունակություն տերմինները վաղուց հայտնի են: Մտահոգություն ունեմ, որ ուսուցիչներն այդ նոր մոտեցումը  առանձնապես չընկալեն:

Երկու բան կարող եմ ասել՝ կոմպետենցիա բառի մեջ 2 իմաստ հաստատ պետք է լինի: Առաջին իմաստով՝ սա ուսուցման մի մոտեցում  է, որտեղ ավելի կարեւորվում է գործնականը, այսինքն ոչ թե տեսական, վերարտադրողական գիտելիքները, այլ գործնական, կիրառականը:

Երկրորդ իմաստով, դա հասու լինելն է: Կոմպետենցիա բառի մեջ այդ արմատը ինչ- որ ձեւով պետք է լինի: Հայերենում այս պահին գործահասուն այդ տերմինը կարող է լինել, բայց չեմ կարծում որ  դա բարեհունչ է:

Մյուսը գործունակ տարբերակն է, բայց հայերենում այս պահին այդ բառը մի փոքր այլ իմաստով է օգտագործվում:

Պետք է մտածել, քանի որ   կարողունակություն տարբերակն այդքան էլ ընդունելի չէ»,-ասաց բանախոսը:

Փորձագետը նշեց, որ կարեւոր է այն, որ փաստաթղթում այնուամենայնիվ  մի փոքր ընդյալնված բացատրել՝ ինչ է կոմպետենցիալ մոտեցումը, քանի որ այն պետք է դառնա փաստաթուղթ ուսուցիչների համար: Նա նշում է, որ նախորդ չափորոշիչները այդպես էլ չդարձան ուսուցիչների ձեռքի գործիք, նրանք շարունակեցին նորից կառչած մնալ դասագրքերից:  Եվ հիմա պետք է հնարավորինս պարզ ձեւով բացատրել՝ ինչ է այն փոխում: Կրթության փորձագետը կարծում է, որ այն  վերամշակման կարիք ունի:

«Կարեւոր  եւ դրական բաներից մեկը, որ փաստաթղթում կա եւ  արժե դրա վրա ուշադրություն դարձնել այն է, որ  դպրոցներին տրվում է բավականին մեծ բովանդակային ազատություն՝ նախկինի համեմատ, եւ երկրորդ՝ վերանում է բացասական թվանշանը, նույն դասարան մնալը, սա նույնպես հումանիստական փոփոխություն է, որն  ընդունված է շատ երկրներում:

 Սակայն  մենք խնդիր ենք ունենալու գործող մշակույթի հետ, քանի որ, երբ համակարգից մի բան հանվում է, տվյալ դեպքում չորսուկես տարով հանում ենք թվանշանը, համակարգից  մի էլեմենտ հանելով՝ այդտեղ առաջանում է դատարկություն, իսկ այն պետք է  լցնել, եթե չլցվեց, այդ փոփոխությունը կարող է սխալ ուղղությամբ գնալ:

Սերոբ Խաչատրյանի խոսքով, այսօր  կան շատ  աշակերտներ, որոնք սովորում են թվանշանի համար եւ դա վատ է, բայց այն առավելություն ունի, այն կարճաժամկետ պարգեւատրում է տալիս աշակերտին, շատերին դա մոտիվացնում է: «Հանենք, համաձայն եմ, բայց պետք է փոխարինենք լավ ծրագրերով, լավ դասագրքերով, լավ ուսուցիչներով, քանի որ եթե պարզվեց, որ ուսուցիչն ու նրա ծրագիրը լավը չեն եւ թվանշան էլ չկա, այդ դեպքում ինչի՞ համար է այդ դպրոցը:

Կարող ենք ունենալ հետընթաց: Նյունն էլ վերաբերվում է բացասական թվանշանների վերացմանը՝ 1-ից 3 թվանշաններն այլեւս չեն համարվում բացասական, երկտարեցիությունն էլ վերանում է, բոլորս էլ գիտենք, որ այն վատ բան է, որեւէ կերպ այն չի օգնում կրթության որակին եւ նույն դասարան մնացած  աշակերտն հաջորդ տարի ավելի վատ է սովորում, չարանում ու վատ է նայում դպրոցին:

Բայց կային աշակերտներ, որ անում էին ամեն ինչ, որ ստանային դրական գնահատական եւ չմնային նույն դասարանում, ստացվում է, որ այդ շահագրգռվածությունը հնարավոր է այլեւս չլինի, այսինքն տվյալ փոփոխությունը ռիսկային է:

Փորձագետը վստահ  է, որ  կդժվարանա նաեւ ուսուցչի գործը քանի որ ջանք չգործադրող ու չսովորող աշակերտների թիվը կմեծանա, հետեւավար ավելի դժվար կլինի դասարանին կառավարելը:  Այս բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնել:

«Ամենակարեւոր բանը, որ կարծում եմ պետք է լինի այս փաստաթղթում ճանապարհային քարտեզն է, քանի որ նախորդ բոլոր փաստաթղթերը ձախողվել են դրա բացակայության հետրանքով: Չենք ունեցել թիմ, որը սրտացավ է տվյալ փաստաթղթի ճիշտ  իրագործմանն ու նպատակին հասցնելուն:

 Պետք է անցյալի սխալներն այս անգամ հաշվի առնենք, ռիսկերը գնահատենք ու չեզոքացնենք, քանի որ կրթության քաղաքականությունը դա իրականացնելն է:

Կրթության մասնագետը խոսեց եւս մեկ ռիսկի մասին՝ դա ֆինանսականն է, փաստաթուղթը ենթադրում է նաեւ բավական մեծ ֆինանսական ներդրումներ: «Մտահոգությունս այն է, որ ավագ դպրոցների ռեֆորմի օրին չընկնենք, այստեղ եւս որոշակի ռիսկեր կան, քանի որ եթե մեծ ներդրումներ չանենք ուսուցիչների զարգացման համար, նրանց նյութերով աջակցելու, մասնագիտական ցանցեր ստեղծելու, ապա այս ռեֆորմը եւս կարող է ձախողվել»:

Տպել