News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 4-ին, Հանրային հեռուստաընկերությամբ և «Togetherforchildren» YouTube-յան ալիքով հեռարձակված «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական համերգի շրջանակում հավաքվել է ավելի քան 4 միլիոն 600․000 դրամ։ Ողջ հասույթն ուղղվել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժմանը։ Այս մասին հայտնում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից:

«Միասին երեխաների համար» խորագրով համերգային երեկոյին միացել էին Արա Մալիկյանը (Իսպանիա), Արա Գևորգյանը (Հայաստան), Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ), Լենա Շամամյանը (Սիրիա), Սերուժ Քրաջյանը (Կանադա), Էլի Բերբերյանը (Կանադա), Կև Օրկիյանը (Անգլիա), Նյու Դոկտա/ New Docta խումբը (ԱՄՆ), Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ), «Գուսան» նվագախումբը (Արգենտինա):

Արվեստագետներն իրենց կատարումները նվիրել էին քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել դրամահավաքին։

Գործունեության երկու տարվա ընթացքում ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։

Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 495.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։ Հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է Հայաստանում մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքի և հյուրատան կառուցումը։ Մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքի շինարարությունն արդեն մեկնարկել է։

Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։

‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։

Տպել
Ամենաշատ