News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Վարչապետը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցին մասնակցել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Վարչապետին տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաեւ նանո մանրաթելերի, ինչպես նաեւ նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն։

Մասնավորապես, այստեղ արտադրվելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը եւ մեկ տարվա ընթացքում կբավարարվի  ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը:

Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության եւ «Կալաշնիկով» կոնցեռնի միջեւ: Արտադրանքի մի մասը կհամալարի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է մեր երկրում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության հիմնումը եւ այն գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության արդյունք:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաեւ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ գործարանի կողմից փամփուշտների արտադրությունը Երեւան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։ Տվյալ տարածքները վերանորոգելուց եւ արդիականացված հոսքագծերով համալրելուց հետո, կսկսվի 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ, 9x18 մմ եւ 9x19 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրություն, որի արդյունքում նաեւ կավելանան նոր աշխատատեղեր։

ՌԴ «Սպեցմաշինժինիրինգ» ԲԸ-ի հետ կքնվել են մոտ 24 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր 7,62x39 մմ, 7,62x54 մմ, 12,7 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրության համար ժամանակակից եւ արդիականացված հոսքագծեր ու սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաեւ խորհրդային արտադրության առկա հոսքագծերը վերանորոգելու վերաբերյալ։

Կոտայքի մարզում գտնվող մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի եւ զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել