News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լյուբեկի բնության եւ շրջակա միջավայրի թանգարանի հնագետների խմբին հաջողվել է հայտնաբերել Psephophorus polygonus անունով հին կրիայի մնացորդներ: Պեղումների ղեկավար Գերհարդ Հեփֆները գտածոն ներկայացնելիս ասել է, որ կենդանին մոտ երկու մետր երկարություն է ունեցել: Դրանից առաջ հայտնաբերվել են ընդամենը մի քանի առանձին կտորներ՝ երկու-երեք սանտիմետր չափերով, ինչը ցույց է տալիս, որ կաշվեպատ կրիաները ապրել են Հյուսիսային ծովում: Սողունների մնացորդները շատ հեշտ է տարբերակել հին կաթնասունների ոսկորներից՝ իրենց յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ, գրում է Naked-Science-ը:

Մի քանի շաբաթ հնագետները պեղել են կենդանու պատյանի եւ ոսկորների բեկորները: Հեփֆները եւ նրա թիմը հանել են մոտ 300 խոշոր կտորներ: Այնուհետեւ նրանք լվացել են դրանց վրայի կավը եւ բացահայտել են հարյուրավոր փոքրիկ բեկորներ: Դրանք մոտ 11 միլիոն տարեկան են, որոշներն էլ փոքրիկ փոսեր ունեն, որոնք վկայում են հին կրիայի վրա գիշատիչների հարձակման մասին: Բոլոր բեկորները կցուցադրվեն Լյուբեքի բնության եւ շրջակա միջավայրի թանգարանում:

Կաշվեպատ կրիաների էվոլյուցիան այսօր վատ է ուսումնասիրված: Այժմ գոյություն ունեցող միակ տեսակը Dermochelys coriacea-ն է, որն, ըստ երեւույթին, գտնված կենդանու ուղղակի սերունդը չէ: Սակայն ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել, ուստի բեկորները կկարողանան գիտնականներին ավելին պատմել այդ սողունների ծագման մասին: Կրիայի ցանկացած մնացորդ արժեքավոր գտածո է: Դրանք շատ հազվադեպ են հանդիպում հնագետներին, քանի որ սատկած կենդանիներին, որպես կանոն, անմիջապես կերել են ձկները, իսկ նրանց պատյանները արագորեն քայքայվել են ծովի ջրում:

Բացի կրիայի մնացորդներից, հնագետները ներկայացրել են եւս մի քանի գտածոներ: Դրանց մեջ կան քարացած մարջաններ, փշե գնդիկներ, դելֆինի գանգ եւ մրրկահավի ոսկորներ: Բոլոր գտածոները հայտնաբերվել են 8-20 մ խորությամբ, դրանք կազմել են Հյուսիսային ծովի հին կենսաբազմազանությունը, ասում է Հեփֆները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ