News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանության ժամեր առաջ տարածած հաղորդագրությունը, թե 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ըստ որի մայրաքաղաքի այն ճանապարհներին, որտեղ երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժամից ավելի է սահմանված,  բոլոր այդ ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ, հանրային բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ֆեյսբուքյան օգտատերերը դժգոհում են փոփոխությունից և ընդգծում, որ այն խցանումների պատճառ կարող է դառնալ։

NEWS.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը կարծիք է հայտնել, որ  արագությունը վերին շեմը նվազեցնելը լուրջ խնդիրների չի կարող հանգեցնել։

«Մեծ հաշվով այս փոփոխությամբ Երևանի մի ծայրից մյուսը հասնելու համար րոպեների տարբերություն է լինելու։ Այսինքն՝ այն միտքը, որ արագության նվազեցումը բերելու է խցանումների աճի, ճիշտ չէ։ Օրինակ, Արգավանդի խաչմերուկից ավտոմեքենաները շարժվում են դեպի ԱՄՆ դեսպանատուն, այնուհետև լուսացույցի տակ հավաքվում, հետո շարունակում են երթուղին, ապա հավաքվում «Հաղթանակ» կամրջի լուսացույցի տակ, ինչ արագությամբ էլ միաժամանակ այդ 100 միավոր մեքենաները Արգավանդից հասնեն ԱՄՆ դեսպանատուն, նույն 100 միավորներն էլ շարժվելու են դեպի «Հաղթանակի» կամուրջի լուսացույց»,- ասաց նա։

Ղահրամանյանի խոսքով՝ խնդիր կարող է առաջանալ, օրինակ Մյասնիկյան պողոտայով և Դավիթ-Բեկ փողոցով բարձրանալու դեպքում։

«Որպեսզի շարժիչը չտաքանա, դրա համար փոքր-ինչ ավելի արագություն է անհրաժեշտ լինում»,- նկատում է նա։

Սրա հետ կապված «Վարորդի ընկեր» ՀԿ-ն Ճանապարհային ոստիկանությանը առաջարկներ կներկայացնի, որպեսզի որոշ հատվածներում մնա գործող արագության չափը։

Ընդհանուր առմամբ, սակայն, Սերգեյ Ղահրամանյանը փոփոխությունը մտահոգիչ չի համարում։ Եթե փոփոխությունն արվում է երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով, ինչպես նշում են ոստիկանությունում, ապա միանշանակ այն դրական է։

«Ես կողմ եմ ցանկացած փոփոխության, որոնց շնորհիվ կնվազի զոհերի թիվը, ելնելով նրանից, որ մեր երկիրն այժմ պատրաստ չէ այնպիսի ծախսերի, ինչպիսին է օրինակ՝ վերնանցումներ, ստորգետնյա անցումներ, նոր փողոցներ կառուցելը։ Եթե իմանամ, որ հնարավոր է այդ ամենը իրականացնել, բայց չեն անում, ես բնականաբար այդ մտքին չեմ լինի»,- ասաց նա։

Բացի այդ, Սերգեյ Ղահրամանյանը նշում է, որ կան փողոցներ, որտեղ տարբեր արագություն է թույլատրվում։ Այդ դեպքում քաղաքացիները վարելիս լարվում են, փորձելով վերհիշել, թե որ հատվածում ինչքան արագություն է թույլատրվում։

«Այս փոփոխությունը հավելյալ հորդոր է, որ պետք չի ուղեղը ծանրաբեռնել, պետք է իմանալ, որ ամբողջ Երևանում առավելագույն թույլատրված արագությունը 60 կմ/ժ է»,- նշեց նա։

Տպել
Ամենաշատ