News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Վերջինս պահանջում է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն:

Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,-նշել էր Մարուքյանը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ է նշանակված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, ով կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արման Բաբաջանյանը մանդատը վայր դնի:

Ինքը՝ Արման Բաբաջանյանը ԼՀԿ-ի դիմումը խոցելի է համարում. «Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են: Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ