News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսից մահացածների թիվն անցած մեկ օրում ավելացել է 18-ով եւ հասել 521-ի։ Նրանցից մեկը 34-ամյա կին է, մյուսը՝ 39 տարեկան։ Վարակակիրներն ավելացել են 535-ով, ընդհանուր թիվը մոտենում է 30 հազարի:

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, այստեղ հաստատվել է COVID-19-ով հիվանդանալու 5 նոր դեպք: Վարակվածների շփման շրջանակը պարզվում է: Առայսօր հաստատված դեպքերի քանակը 141 է:

Հանրային կյանքի օրակարգային հարցը դարձյալ դիմակի խնդիրն էր, նաեւ այն չկրելու կամ սխալ կրելու համար տուգանքի մեծացման հեռանկարը։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է Ստեփանավանում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ ընդհարման տեսանյու. «Ստեփանավանում մարդկանց սպանում են դիմակի համար»։ Կադրերից երեւում է, որ ոստիկանները տարեց քաղաքացուն փորձում են բերման ենթարկել, ինչին ընդդիմանում են կանայք։

Տարեց տղամարդու նկատմամբ ուժ գործադրելու ընթացքում ոստիկանները նրան տապալում են գետնին։

Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել ոստիկանությունը, նշելով, որ մեքենայում գտնվող քաղաքացին եղել է առանց դիմակի, ալկոհոլի ազդեցության տակ։ Անձը հաստատող փաստաթղթի պահանջին արձագանքել է հայհոյանքներով, բերման ենթարկելու փորձերին՝ բռունցքների հարվածներով։ Տղամարդն ի վերջո բերման է ենթարկվել օժանդակ ուժերի օգնությամբ։ Հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է։

Իսկ պարետ Տիգրան Ավինյանը դիմակ չկրելու համար բացառություններ է սահմանել։ Ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ ունենան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Որոշումն ուժի մեջ է մտնում կեսգիշերից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը չի բացառում, որ օրակարգից հանված դիմակ չկրելու համար տուգանքի բարձրացման հարցը նորից գա խորհրդարան: Տուգանքի կրկնապատկման կամ հնգապատկման արդյունավետության վերաբերյալ հարցին նա անորոշ պատասխան է տվել. չեմ կարող պատասխանել՝ արդյունավետ կլինի, թե ոչ, ասել է նա:

Տուգանքների բարձրացման հարցում վերջնական հստակեցում չկա, շատ հնարավոր է, որ որոշ շտկումներ արվեն կամ չարվեն եւ նախագիծը նորից շրջանառվի, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա անդրադարձել է, իր խոսքով, հարցի ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային կողմին, ասելով, թե դա ոչ թե քմահաճույք է, ոչ թե տուգանելու ցանկություն, այլ որպեսզի քաղաքացիները գիտակցեն, որ դիմակով փրկում են սիրելի մարդկանց կյանքը: Արարատ Միրզոյանը պատասխանել է նաեւ մեկ տարում Ազգային ժողովում 580 միլիոն դրամի պարգեւավճարներին, այդ մոտեցումը համարելով արդարացված։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ 7 կողմ, 0 դեմ ձայնով, մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ԼՀԿ խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:

Նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ԿԸՀ-ն մեկ անգամ է մանդատ բաշխում՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, ինչպես նաեւ թափուր մանդատ առաջանալու դեպքում։ Քննարկման ընթացքում հնչել են տարաբնույթ մեկնաբանություններ, որոնցից են՝ ինչպես վարվի ԿԸՀ-ն, եթե «Լուսավոր Հայաստանից» հեռանա 15 հոգի։

«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը համարում է, որ ԿԸՀ-ն գնացել է կոնսերվատիվ ճանապարհով, չնայած կարող էր նախադեպային որոշում կայացնել։

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից Երեւանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց եւ Աշտարակի խճուղի: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այդ որոշումը պարզաբանել է երթեւեկության անվտանգության նկատառումներով։ NEWS.am-ը փոքրիկ հարցախույզ է անցկացրել վարորդների շրջանում՝ ճշտելու համար նրանց կարծիքն այս փոփոխության վերաբերյալ։

Ադրբեջանցին այս երեք օր է կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից, Ֆեյսբուքի իր էջում ահազանգել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Էս մեր ներքին բարդակը ե՞րբ է դադարելու»,- նշել է նա: NEWS.am-ի հետ զրույցում մեդիափորձագետը պարզաբանել է, որ մարդիկ ուղղակի պատշաճ ձեւով ինֆորմացիան չեն պահում, մեկը մյուսին են ուղարկում, ինֆորմացիայի անկազմակերպ փոխանակում է լինում։ Խնդիրը լուծելու ճանապարհը Մարտիրոսյանը համարում է պատիժներն ու կանոնակարգված ընդհանուր լուծումը:

Սպիտակ տան վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել, «Ամերիկայի ձայնին» հայտարարել են Սպիտակ տնից եւ հավելել, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ–ը կանգնած է հայ ժողովրդի կողքին»: Հիշեցնենք, որ Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մըքենանն

արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվերում վանդալիզմի թիրախ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին, ընդգծելով, որ այդ հարձակումը համամարդկային ողբերգությունների չիմացության հետեւանք է: Հուշարձանը հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում:

Սպիտակ տան խոսնակը Դոնալդ Թրամփի զարմուհու հուշագրությունն անվանել է «ստերի գիրք», թեեւ խոստովանել է, որ չի կարդացել այն: ԱՄՆ նախագահին, նրա եղբոր դուստրը բնութագրել է որպես «ստախոս նարցիս»։ Իր՝ «Ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն», հուշապատումի մեջ Մերի Թրամփը հորեղբորը մեղադրում է «ամբարտավանության եւ կանխամտածված անքաղաքավարության մեջ»: Նա գրում է, որ Թրամփը զարգացրել է «այլասերված պահվածք» եւ «սուտը կենսակերպ է համարում»:

Տարաբնույթ, այդ թվում սեռական բնույթի սկանդալներով հայտնի Քսենիա Սոբչակը ձերբակալվել է Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ, որտեղ պիկետներ են անցկացվում՝ ի պաշտպանություն լրագրող եւ «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովի: Սոբչակը Լյուբյանկա էր եկել «Ազատություն Իվան Սաֆրոնովին» գրառմամբ շապիկով։ Միայնակ պիկետների ընթացքում արդեն ձերբակալվել է երկու տասնյակից ավելի մարդ: Սաֆրոնովն, ի դեպ, մեղադրվում է պետական դավաճանության մեջ, ըստ ԱԴԾ-ի՝ նա ՆԱՏՕ-ի երկրներից մեկի հետախուզական ծառայությանը պետական գաղտնիք է փոխանցել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.62 դամով ու կազմել 485.74 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.65 դրամով ու հասել 547.57 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.91 դրամով ու հասել 608.34 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.82 դրամ։

Հուլիսի 9-13-ը հատկապես երեկոյան ժամերին Հայաստանում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրեւներ, տեղ-տեղ՝ կարկուտ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով: Երեւանում գիշերը եւ ցերեկային ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ 32-ից 34 աստիճան զրոյից բարձր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ