News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ինձ համար ցանկացած որոշում ԲԴԽ-ից սպասելի էր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ԲԴԽ-ի հրապարակած որոշումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

«Եթե ինձ ոչ բարենպաստ որոշում կայացվեր, ապա ես կհամաձայնվեի»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք ԲԴԽ-ի այս որոշումից հետո դատավորներն ավելի անկաշկանդ են լինելու, դատավորն ասաց, որ չի կարող ասել։

Հարցին՝ ինքն իրեն համարո՞ւմ է անկաշկանդ դատավոր, Ազարյանն ասաց՝ այո։

Հարցին՝ ինչի՞ մասին է խոսում ԲԴԽ-ի այս որոշում, դատավորն ասաց. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որեւէ գնահատական տամ»։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի այս որոշումով պայմանավորված ինքը կարո՞ղ է ասել, որ ԲԴԽ-ն կախված չէ քաղաքական իշխանությունից, դատավորն ասաց. «ԲԴԽ-ն կաշկանդված չէ իշխանության ներկայացուցիչների կողմից արտահայտված տրամադրություններով»։

Նշենք, որ քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդն որոշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը մերժել։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել էր, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։

Տպել
Ամենաշատ