News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ որոշումը հանրային քննարկումների արդյունքն էր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի այս որոշմամբ պայմանավորված դատավորներն ավելի անկաշկանդ կլինե՞ն, դատավորն ասաց. «Ցանկացած նմանատիպ որոշման բովանդակությունից է կախված։ Այս պահին ինչպես դուք, այնպես էլ ես չգիտեմ»։

Հարցին՝ արդյոք այս որոշումն իր համար ապացո՞ւյց էր, որ դատական համակարգն անկախ է, Մխիթար Պապոյանն ասաց՝ իհարկե. «Ոչ միայն այս որոշումով, այլ բազմաթիվ այլ դատական որոշումներ»։

Լրագրողը հիշեցրեց, որ իրավաբանական համայնքը տեւական ժամանակ սոցցանցերում ֆլեշմոբ էր իրականացնում՝ ի աջակցություն դատավոր Ազարյանի հարցին՝ արդյոք այդ գործողություններն իրենք ազդեցությունն ունեցե՞լ է ԲԴԽ որոշման համար, Պապոյանն ասաց. «Գիտեք, ես բացառում եմ ցանկացած հանրային քննարկում որեւէ ազդեցություն դատավորի նկատմամբ չի լինում։ Ես չեմ կարծում, որ այդ որոշումը դրա արդյունքն էր»։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ն ապահովո՞ւմ է դատավորների անկաշկանդ լինելը, Մխիթար Պապոյանն ասաց. «Որոշ դեպքերում համակարծիք եմ այն կարծիքին, որ անում է ամեն ինչ, որոշ դեպքերում էլ միգուցե թերացել է, սակայն այս պահին ես չեմ կարող ասել՝ որ դեպքում եմ գտել լավ կամ վատ… շատ բարդ աշխատանք է իրենից ներկայացնում»։

Նշենք, որ քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը մերժել։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել էր, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ