News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ այլ առարկաների հետ ինտերգրման նախագիծը ս.թ. հուլիսի 9-ին քննարկվեց «Ապագայի կամուրջ» ՀԿ կողմից կազմակերպված առցանց տեսահանդիպման ընթացքում:

Քննարկմանը մասնակցում էին ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ, աստվածաբաններ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ և խնդրով մտահոգված այլ քաղաքացիներ:

Տեսահանդիպման ընթացքում մասնակիցները տարբեր տեսանկյուններից փորձեցին մեկնաբանել առարկայի համակցման նպատակները, չափորոշիչներն ազգային կրթական համակարգի ու կրթության ռազմավարության համատեքստում։ Շատերը կարծում են, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդեն պատմաբաններն ու աստվածաբանները, ոչ թե վերապատրաստված այլ ոլորտի մասնագետները, քանի որ համակցված առարկայական ծրագրերը ենթադրում են կրթության որակի վատթարացում. թե՛ դասավանդողի, թե՛ աշակերտի  ծանրաբեռնվածությունը և կենտրոնացվածությունը բավականին մեծ է լինելու: Ոմանք համակարծիք են այն հարցում, որ առարկայի գոյությունը չինտեգրված տարբերակով անուղղակիորեն խոչընդոտում է կրոնական համքարությունների ձևավորմանն ու նրանց քարոզչությանը:

Բանախոսներից մի քանիսը նշեցին, որ, այո, դպրոցն աշխարհիկ կառույց է և պետք չէ դասն աղոթքով սկսել, բայց ստվերել հայապահպանության, էթնիկական հատկանիշների, ազգային մտածողության զարգացման հնարավորությունները, անթույլատրելի է:

Աշակերտներից մեկը խոսեց դպրոցական օլիմպիադաների մասին, մասնավորապես՝ անդրադառնալով՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային, որն ընդգրկված է օլիմպիադայի առարկայական ցանկում. ինտեգրված առարկայի շրջանակում հնարավոր չէ լիարժեք բազմակողմանիորեն գնահատել աշակերտի գիտելիքները, ուսուցիչներից մեկն էլ հավելեց, որ հնարավոր է չէ տալ այն խորը գիտելիքները, որոնք նախատեսված են առանձին առարկայական ծրագրով՝ չնայած վերանայումներն ու կատարելագործումն անհրաժեշտություն է:

Հասարակական գործունեության ոլորտի ներկայացուցիչներից մեկը նշեց, որ իր անձնական դիտարկումների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի թեմատիկայում առկա են կրկնություններ այլ առարկաներից, ինչը թույլ է տալիս վերանայել փոխկապակցված առարկաների ծրագրերը:

«Ապագայի կամուրջ» ՀԿ համահիմնադիր-նախագահ Արման Տոնիկյանը նկատեց, որ պատասխանատու կառույցները քննարկվող նախագծով ներկայացվող հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխության հիմնավորումները պետք է ներկայացնեն ավելի արժանահավատ ու հանրամատչելի տարբերակով, ակտիվ մասնակցեն հանրային քննարկումներին և հրապարակեն ոլորտային հետազոտությունների արդյունքները, որոնք հիմք են որոշումների կայացման համար:

Հիշեցնենք, որ մինչև ս.թ. հուլիսի 10-ը քննարկման փուլում է գտնվելու «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ 2022-2023թթ. ուս.տարվանից գործելու են հանրակրթական առարկայական որոշ ծրագրերի վերափոխված տարբերակները, ինչը վերաբերում է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային։ Այն դուրս կգա դպրոցական ծրագրից և կինտեգրվի այլ առարկաների։

Տպել
Ամենաշատ