News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք ունենք ապիկար առողջապահության նախարար, որը բացի հրահանգ ստանալուց ուրիշ ոչ մի բանի ընդունակ չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հայտարարել է երգահան, պրոդյուսեր Միքայել Մարգարյանը, որը Երեւանի Հանրապետության հրապարակում մի քանի աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացրել  արտակարգ դրության երկարացման եւ դրա հետևանքով առաջացրած խնդիրների դեմ:

«Անկեղծ ասած շատ դժգոհ ենք արտակարգ դրությունից, համավարակի դեմ պայքարից, սոցիալական աջակցության ծրագրերից, կառավարությունն այսօր հոգ չի տանում իր ժողովրդի համար այնպես, ինչպես մենք կերազեինք, որ լիներ մեր նոր Հայաստանում»,- ասել է Միքայել Մարգարյանը:

Նրա խոսքով՝ այսօր իշխանությունները զբաղված են տարատեսակ ոչ ժողովրդական, շատ անգամ նաև ապազգային օրենքների ընդունմամբ և ոչ ոք չի մտածում, որ կան մարդիկ, որոնք այսօր իրենց պատճառով մնացել են առանց աշխատանքի:

«Համավարակը, ճիշտ է, ամբողջ աշխարհում է, սակայն բոլոր երկրների ղեկավարները կարողանում են  ելքեր գտնել ստեղծված իրավիճակից»,- նշել է Մ.Մարգարյանը։

Ակցիայի մասնակիցները մեքենաներով պտույտներ են գործել հրապարակում և բարձրախոսով կառավարությանն իրենց դժգոհությունը  հայտնել:

«Հարգելի կառավարություն, ՀՀ քաղաքացիներն ունեն լուրջ սոցիալական խնդիրներ՝ կապված արտակարգ դրության երկարացման հետ, խնդրում ենք ականջալուր լինել ժողովրդի կարիքներին: Քազաքացին ունի խնդիր՝ կապված դիմակի, վարկի, կոմունալի, գույքահարկի և այլնի հետ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, կոչ ենք անում ուշադրություն դարձնել ՀՀ քաղաքացիների կարիքներին»,- հայտարարել է ակցիայի մասնակիցը:

Բողոքի ցույցի մասնակիցները նշել են, որ իրավունք չունեն լռելու. «Հագնելով դիմակ՝ մենք լռում ենք մեր իրավունքների մասին»:

Դիմելով ոստիկաններին՝ Միքայել Մարգարյանն ասել է.

«Հարգելի ոստիկաններ, խնդրում ենք չմիջամտել քաղաքացիների խնդիրների բարձրաձայնմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ