News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ ձեզ դիմել՝ հիշեցնելով, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում կորոնավիրուսը դեռևս բարձր մակարդակի վրա է, և հորդորում եմ յուրաքանչյուրիդ, որպեսզի դիմակները կրեք եւ պահպանեք առողջության բոլոր հնարավոր պաշտպանական նախապայմանները։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահը հանել է պաշտպանիչ դիմակը, նշելով, որ գործընկերներից եւ խցիկներից հեռու է գտնվում։

«Այցելում եմ Արցախ՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ։ Հանդիպել եմ Արցախի Հանրապետության նոր ղեկավարներին Երևանում, սակայն ուրախությամբ այստեղ եմ, որպեսզի շնորհավորեմ նորընտիր նախագահին՝ այս փայլուն հաղթանակի առիթով և, միաժամանակ, արցախահայությանը, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ շատ բարձր մակարդակով անցկացրած խորհրդարանական և նախագահական ընտրությունների առթիվ, նաև նրանց, ովքեր, մասնակցելով ընտրություններին, չեն հաղթել, սակայն մասնակցությամբ նույնպես ցույց են տվել, որ Արցախը ժողովրդավարական և ազատ երկիր է և կարող է ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնել», ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Արցախի նախագահի եւ նրա գործընկերների հետ զրույցները շատ օգտակար էին եւ հիմնական քննարկման ուղղություները նախեւառաջ միասնականության մասին էին։

«Արցախն ընտրություններից հետո միասնականության օրինակ է ցույց տալիս այն առումով, որ տարբեր քաղաքական ուժեր միավորվել են նույն կառավարության մեջ և ծառայելու են իրենց հայրենիքին, մեր հայրենիքին՝ Արցախի Հանրապետությանը։ Խոսեցինք նաև զարգացման տարբեր ուղղությունների մասին: Ես կարծում եմ՝ Արցախի Հանրապետությունը ապագայի համար մեկ ընտրություն ունի, և այդ ընտրությունը հզոր պետություն լինելն է եւ մնալը: Արցախի հիմնահարցը ուրիշ լուծում չունի, բացի հզոր Արցախից, և հզոր Արցախը ունի չորս հիմնական սյուներ: Առաջինն արցախահայության հայրենասիրությունն ու կամքն է, որն իր հետևից տանում է նաև ողջ հայության՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայրենասիրությունը, և նվիրումը Արցախին ու Արցախի արդար դատին: Երկրորդ սյունը, կարծում եմ, բանակն է: Արցախը 28 տարի առաջ ունեցել է և այսօր էլ ունի հաղթական բանակ, և ամեն ինչ պետք է անենք, որ այդ բանակը մնա հիմնական սյուներից մեկը: Երրորդ սյունը Արցախի Հանրապետության տնտեսությունն է, հզոր Արցախը պետք է հզոր տնտեսություն ունենա, և այդ տնտեսության առանցքը գյուղատնտեսությունն է: Այս մասին մանրամասն քննարկում ունեցանք Արցախի նախագահի հետ եւ գործնական, թե ինչպես Հայաստանի Հանրապետության նախագահը և իր գործընկերները կարող են օգտակար լինել, օգնել Արցախին, որպեսզի զարգանա երկրի տնտեսությունը: Չորրորդ սյունը ժողովրդագրությունն է: Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն, հետևաբար՝ ավելի մեծ բանակ։ Եթե իրար հետ կապելու լինենք, ապա հզոր տնտեսություն, հզոր ժողովրդագրություն», ընդգծել է ՀՀ նախագահը։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ իր այցելությունը շատ արդյունավետ  էր։

«Ուզում եմ վստահ լինեք, որ և՛ Հայաստանի Հանրապետության նախագահը, և՛ վարչապետը, և՛ կառավարությունը, բոլորս Արցախի կողքին ենք, և ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը շարունակի զարգանալ եւ ի վերջո պատմական իր առաքելությունն իրականացնի ողջ ժողովրդի համար։ Այսինքն Արցախի ազատ, ժողովրդավար, հզոր Հանրապետությունը տանի անվերջություն», ամփոփելով խոսքը նշել  է ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ