News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած Հանրակրթության չափորոշիչների փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է «Հայ եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա հանել դպրոցական ծրագրից և ինտեգրել այլ առարկայի, այն է՝ «Հայրենագիտություն»։ 

NEWS.am-ը հարցազրույցում տեղ գտած որոշ դիտարկումների վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ  Եպիսկոպոս Գալստանյանից։

-Նախարարն ասել է, որ մոտ մեկ տարի է, ինչ այդ հարցի շուրջ քննարկումներ կան և նույնիսկ 2019թ․-ի տարեվերջին, երբ  իշխանությունը հայտարարել է իր  մտադրությունների մասին, որ ՀԵՊ-ի հետ կապված հարցը այսպես է լուծվելու,  իրենք կարծել են, որ  այդ կոնցեպտը հասցրել են որոշ շրջանակաների և հիմա այս քննարկումները տարօրինակ են։

Կարծելը, մտածելը, ենթադրելը դեռ խոսակցության կամ քննարկման հիմք չեն ոչ էլ քննարկում: Այս մասին բազմաշերտ պատասխան տվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ավելորդ եմ համարում նույնիսկ անդրադառնալ դրան:

-Ի վերջո ի՞նչ քննարկումներ են եղել նախարարության հետ այս հարցի շուրջ, բացի այն, որ մեկ անգամ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել  Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ։ Ըստ նախարարի՝ չափորոշիչները հրապարակելուց առաջ նախարարությունը շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն ուղարկել է այդ տարբերակը,  բայց որևէ առարկություն կամ դիտողություն չեն ստացել։  Նախարարը հայտարարել է, որ պատրաստ են ցանկացած քննարկման։

Հանդիպումների մասով, ինչպես դուք նշեցիք, արդեն իսկ անդրադարձ եղել է թե՛ Միքայել սրբազանից և թե՛ Հայր Զաքարիայից: Ամենայն հարգանքով, այդ բոլորը որպես քննարկում ներկայացնելը սոսկ շղարշ է: Ինձ անձնապես զարմացնում է գործընթացի շտապողականությունն ու հապճեպությունը և այս թելադրական վերաբերմունքը: Ի վերջո, ինչպես կրթության ոլորտի պատասխանատուներն են նշում, նպատակը դպրոցն է՝ դպրոցի բարելավումը, իսկ այն նախարարության սեփականությունը չէ, այլ հանրային համաձայնություն և պատասխանատվություն: Կրթության կարևորագույն հատկանիշը շարունակականությունն ու հիշողությունն են, և հետևաբար, բարեփոխումներն էլ՝ բառն ինքնին հուշում է, պետք է իրականացվեն այս տրամաբանությամբ և ոգով:

-ՀԵՊ առարկայի ողջ ծավալը հնարավոր կլինի՞ ներկայացնել այլ առարկայի շրջանակում:

Բնականաբար, ո՛չ: Նախ անդրադառնամ չափորոշիչներին, որոնք, մեղմ ասած, պարզապես հայերեն չեն: Օրինակ՝ վերջնարդյունքներից մեկը նշում է «գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք…և այլն»: Երբ այս չափորոշիչները կազմողներն իրենք հայերեն չեն գրում և արտահայտվում, որոնք, իմիջիայլոց, հայտնի էլ չեն, թե ովքեր են, ինչպե՞ս են ապագա դպրոցից նման վերջնարդյունք ակնկալում: Այն ուղղակի ծայրից ծայր հայերեն չէ: Երկրորդ՝ ակնհայտ է, որ ՀԵՊ առարկան միայն թվեր և իրադարձություններ չէ, այլ ամբողջական արժեհամակարգի ծանոթացում և գիտելիքի մատուցում, ինչպես նաև, և հատկապես, առանձին գիտակարգ է: Այդ նույն տրամաբանությամբ կարելի է հայոց լեզուն և հայ գրականությունը տարրալուծել հայ ժողովրդի պատմության մեջ, որովհետև դրանք անբաժան են և մեր ժողովրդի ինքնության և պատմական զարգացման անբեկանելի արժեքները: Երրորդ՝ շատ մատնանշված աշխարհիկ դպրոցում, ինչպե՞ս են դասավանդվելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Գրիգոր Նարեկացին, Մխիթար վարդապետ Գոշը և մեր մյուս մեծ հայրերը, որպես ո՞վքեր: Չորրորդ՝ ցայսօր չենք հանդիպել ո՛չ հայեցակարգի և ո՛չ էլ ռազմավարության, որից պիտի բխեին այս չափորոշիչները և դեռ սպասում ենք առարկայական չափորոշիչներին, որոնք անհայտ է, թե ի՞նչ կերպով են համատեղելու այս ամենը:

-Հայ առաքելական եկեղեցին պատրաստվո՞ւմ է նախաձեռնել հանդիպում  և այս հարցի շուրջ քննարկումներ ունենալ կրթության  գերատեսչության հետ։ Ի՞նչ առաջարկներ ունի եկեղեցին։

Կարծում եմ՝ արդեն բազմիցս նշվել է դրա անհրաժեշտության մասին՝ ոչ միայն նախարարության, այլև մասնագիտական և փորձագիտական հանրույթի հետ և ոչ միայն ՀԵՊ առարկայի խնդրով, այլև ընդհանուր դպրոցի բարելավման գաղափարով: Իսկ առաջարկություններն արդեն իսկ ներկայացվել են կամ կներկայացվեն, որքան ես տեղյակ եմ:

-Արայիկ Հարությունյանը հարցազրույցում անդրադարձել է նաև այն դիտողություններին,  թե ինչու է Հանրակրթության չափորոշչից բացակայում բարոյականություն բառը և հետևյալ միտքն է արտահայտել՝ «Եթե գրում ենք բարոյականություն բառը եւ միաժամանակ, օրինակ, նույն այդ եկեղեցու շրջանակներում կան մարդիկ, որոնք ունեն մեծ սեփականություն, որոնք «բենթլիներով» են շրջում, որոնք լինելով կուսակրոն, կուսակրոն չեն, այսինքն լոզունգներո՞վ պետք է առաջնորդվենք, իհարկե՝ ոչ… Բարոյական է այն քաղաքացին, որը ճանաչում է իր իրավունքներին ու պարտականությունները, գիտի օրենք, համակեցության կանոնները եւ այս ամեն ինչը նկարագրված է Հանրակրթության պետական չափորոշիչում որպես վերջնարդյունք․․․»։ Ինչպե՞ս եք գնահատում նախարարի՝ բենթլիներով շրջելու, կուսակրոն չլինելու վերաբերյալ խոսքերը։

Ափսոսում եմ, որ գաղափարական դաշտում քննարկումն իջեցվում է այս մակարդակի: Սա լավագույն ցուցիչը և բացահայտումն է, թե ի՞նչ է նշանակում երկխոսություն կամ քննարկում նախարարության կողմից: Ես միայն կավելացնեմ, որ մարդկության լավագույն ստեղծագործություններից մեկը եղել և մնում է հայելու գյուտը:

-Սրբազան Հայր, ՀԵՊ առարկան դպրոցներում դասավանդելով ի՞նչ խնդիրներ են լուծվում։ Ինչո՞ւ պետք է առարկան շարունակի դասավանդվել։

Կարծում եմ, որ պաշտոնապես առաջին քրիստոնյա պետություն հռչակված երկրում քաղաքացիները կոչված են խորապես ինքնաճանաչողություն ունենալու, ավելի լավը լինելու և ապրելու բարձրագույն արժեքներով: Ես հավատում եմ, որ մեր նպատակները, գոնե առերևույթ կերպով տարբեր չեն, մնում է միայն համբերությամբ, փոխադարձ հասկացողությամբ և անկեղծությամբ, և ամենակարևորը՝ սիրով առաջնորդվել և լուծել թե՛ դպրոցի և թե՛ լայն առումով մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Այս ասելով, դարձյալ պիտի հղում կատարեմ առաքելական պատգամին, որպեսզի «դադարեն օտար վարդապետություններ ուսուցանելուց և չզբաղվեն սկիզբ ու վերջ չունեցող առասպելներով և ազգահամարներով, որոնք վեճերի դուռ են բացում՝ փոխանակ օգնելու մարդկանց հավատի և Աստծո ծրագրերի իրականացմանը: Գերագույն պատվիրանը սերն է, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը: Այս պատվերը մոռացության տված դատարկ վեճերի մեջ մտնելով՝ շատերը վեր են կացել օրենք սովորեցնելու մեզ. մինչդեռ ո՛չ իրենց ասածն են իմանում, ո՛չ էլ Աստծու օրենքը, որի մասին ճառում են մեծ վստահությամբ» (Ա ՏԻՄ. Ա:3-8):

Տպել
Ամենաշատ