News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատաքննությունը 2,5  տարի  է, ինչ շարունակվում է: NEWS.am-ի հետ  զրույցում գործով մեղադրյալ Մանուկ Սիմոնյանի կնոջ փաստաբան Նաիրա Պետրոսյանը նշեց, որ վկաների հարցաքննության փուլին են հասել, հաջորդ նիստ նշանակված է սեպտեմբերի 3-ին:

Նշենք, որ մարզպետի խորհրդականի կինը իրեն մեղավոր չի ճանաչում ամուսնու սպանության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ եւ համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:

Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմանում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինը չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետեւ ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը եւ անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու եւ նվաստացնելու համար: Ռուզաննա Մկրտչյանը վերցնելով կացինը եւ խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն եւ նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինը տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին եւ արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմանում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմանում:

Տպել
Ամենաշատ