News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի 4 օրենսդիրների դեմ՝ որպես պատասխան քայլ ավելի վաղ ամերիկյան կողմի սահմանած վիզային եւ ֆինանսական սահմանափակումների Չինաստանի 4 նախկին եւ գործող պաշտոնյաների դեմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկյան կողմի գործողությունները (չինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ) կոպիտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին, կոպտորեն խախտում են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները եւ լուրջ վնաս են հասցնում չին-ամերիկյան հարաբերություններին: Չինական կողմը դա վճռականորեն դատապարտում է: Ի պատասխան ամերիկյան կողմի ոչ իրավաչափ գործողությունների՝ Չինաստանը որոշում է ընդունել պատժամիջոցներ սահմանել միջազգային կրոնական հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքի, սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Քրուզի, ինչպես նաեւ կոնգրեսական Քրիս Սմիթի դեմ»,- հայտարարել է դիվանագետը:

Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը նշել է նաեւ «Չինաստանի անվարան վճռականությունը ազգային անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության հարցում»: «Մենք կշարունակենք պայքարել Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ահաբեկչական եւ ծայրահեղական ուժերի դեմ, ինչպես նաեւ կտրականապես հանդես կգանք Չինաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի դեմ»,- շեշտել է Հուա Չունյինը:

«Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում անհապաղ չեղարկել իր սխալ որոշումը եւ դադարեցնել ցանկացած գործողություն, որը միջամտություն է Չինաստանի ներքին գործերին եւ ուղղված է նրա շահերի դեմ: Մենք հետագայում եւս կարձագանքենք համանման գործողություններին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ