Երբ այս նոր կանոնակարգը ընդունվել էր, Հրայր Թովմասյանի եւ մի շարք այլ գործիչների հեղինակությամբ, ընդդիմությունը դեմ էր այս ծրարով քվեարկելուն: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
«Փաստարկները հետեւյալն էին, որ այդ մարդը քննարկմանը չի մասնակցում եւ սա հանրապետականները անում են, որ չգան գործի, ծրարներ ուղարկեն, նիստերը վարեն: «Ելք» դաշինքի 9 հոգանոց ֆրակցիայում կար սկզբունք՝ չօգտվել այդ մեխանիզմից եւ երբեւէ ծրար չթողնել եւ մենք երբեք չենք թողել: Հետո եղավ հեղափոխություն, եկավ նոր իշխանությունը եւ դա դարձավ լեգիտիմ գործիք:
Հիմա քիչ չի դա լեգիտիմ է դարձել, հիմա եկել եք ասում եք, քանի որ դա նորմալ է, եկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված մի հատ էլ ծրար ուղարկի: Ժողովուրդ կարո՞ղ է մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, եւ այս դահլճում կարող է մեկ ժամից օրինակ երկրի ղեկավար փոխվի: Այդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորին չտեսնեք, տանը ի՞նչ իմանանք զենք են դրել գլխին, ինչ է ստորագրել: Էդ դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում, սա աբսուրդ բան է, վերցրեք, հետ տարեք»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամբողջ երկիրը տեսավ, թե ինչպես «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրություն փոխեց առանց որեւէ խոչընդոտի, այսինքն ձայները բավարար է: «Մենք այս ընթացքում ձայների խնդիր ենք ունեցե՞լ, չենք կարողացել աշխատե՞լ: Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում, դա ի՞նչ մեթոդ է: Իշխանափոխությունը եղել է կանոնակարգը չենք փոխել քիչ չի, մի հատ էլ ավելի վատթացնում եք»,-ասաց նա:
Մարուքյանն ռաջարկեց ոչ միայն չընդունել այս օրինագիծը, այլ նաեւ ընդհանրապես վերացնել ծրարով քվեարկելու ինստիտուտը:











