Այս մոլուցքը պետք է համեմատել խաղամոլների մոլուցքի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին  ֆեյբուքյան ուղիղ եթերում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը՝ անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին: Նա Ադրբեջանի քայլերը որակեց իբրեւ խաղամոլների մոլուցք.  «Նույն դիվահարության իրականությունն է: Մարդը կորցնում է, եւ իբրեւ թե  կորցրածը վերականգնելու հիմար մտածմունքներով է բռնկվում եւ կորցնում ամեն ինչ:

Մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ պետք է գտնվեինք: Սա Հայաստանի Հանրապետության հողն է, տերը մենք ենք  այս հողի»,- ասաց քահանան

Նա կոչ արեց հետեւել պաշտոնական լրահոսին՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի. «Նրանց ջարդվելն ու սսկվելը տեսնելու ենք, տղերքը սանձահարում են այդ խելագար դիվահարների  մոլուցքը, չարությունը»:

Քահանան, անդրադառնալով գիշերն Ադրբեջանի կողմից  դիվերսիոն ներթափանցման փորձին, ասաց, որ եւս մեկ դիվերսիոն խայտառակ հարձակում սանձվեց մեր զինվորների հմտության, անվախության եւ հայրենի եզերքն անսասան պահելու ոգու շնորհիվ:

Քահանան հորդորեց հայությանը լինել հանգիստ. «Մեր տղերքը հզոր են, մեր բանակը ուժեղ եւ հաղթական»:

 Այնուհետեւ քահանա Տեր Աբել Քարտաշյանը ուղիղ եթերում աղոթք արեց՝ խաղաղություն  խնդրելով Աստծուց: