Փա՜ռք 3-րդ բանակային կորպուսին՝ իր հրամանատարներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր քջում գրել է Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը եւ տեղադրել ՀՀ ԶՈւ 3-րդ ԲԿ-ին նվիրված նորաստեղծ քայլերգի տեսանյութը։
«Բանակային 3-րդ կորպուս հաղթական, Հայոց հողի հյուսիսային պահապան»․․․ այս բառերով է սկսվում նորաստեղծ երգը, որը նվիրված է այս օրերին Տավուշի սահմանին Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ հակառակորդի բոլոր ոտնձգություններն ու դիվերսիոն հարձակումները կասեցնող 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին ու հրամանատարությանը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ։
Այս օրերին սահմանի պաշտպանության, հակառակորդի օդային ու ցամաքային գործողությունները հստակ կասեցնող ու բոլոր ծրագրերը խափանող 3-րդ կորպուսն ու նրա հրամանատարը դարձել են հայության հպարտությունը։ Սոցհարթակների բազմաթիվ օգտատերեր հրապարակում են կորպուսի հրամանատարի՝ գեներալ Խաչատուրովի, լուսանկարը՝ որպես հայկական զենքի մերօրյա հաղթանակների խորհրդանիշի, ուղեկցելով այն գովեստի, մաղթանքների, հուսալիության մասին գրառումներով։ Այդ լուսանկարներում, ի դեպ, Գ․Խաչատուրովը գնդապետի համազգեստով է, քանի որ 2019-ի սեպտեմբերին գեներալ-մայորի կոչման արժանանալուց հետո նոր լուսանկարի ժամանակ կամ ցանկություն չի ունեցել։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը որդին է 2008-16 թթ․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, որը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից եւ որին մեղադրանք առաջադրվեց «Մարտի 1-ի» գործով։





























