Հայ ազգի առաջ դուռ փակելը ճիշտ չէ: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, Մոսկվայում ծիրան գնելու համար հավաքված հայերի մոտ ասաց մոսկվայաբնակ գործարար Սարիբեկ Գեւորգյանը:
«Էսօր մենք փորձում ենք բոլորին ապացուցել, որ հայ ազգի առաջ չի կարելի դուռ փակել եւ մենք շարունակելու ենք մեր առեւտուրը: Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի բիզնես անի, եթե ինչ-որ մեկին մի տեղ նեղացրել են, ասել են հայկական դրոշը պիտի հանվի, մենք ունենք 247հազար մետր տեղ, բոլորիդ է վերաբերում, 6 ամիս առանց գումարի մտնում եք, մինչեւնոտքի եք կանգնում ու դրանից հետո շարունակում եք ձեր բիզնեսը: Ցանկացողներին հրավիրում եմ Шёлковый Путь առևտրի կենտրոն, (МКАД, 32-й километр) իմ անունը Սարիբեկ Գեւորգյան է»,- ասաց նա` նշելով, որ վարձ տալու գումարի 10 տոկոսը ձեռներերցները պարտավորվում են ուղարկել Հայաստան սահմանին կանգնած զինվորներին:
Նշենք, որ նաեւ այստեղ է այսօր վաճառվել հայաստանից արտահանված ծիրան:
Նշենք, որ արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների եւ, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտում էր եւ թույլ չէր տալիս, որպեսզի հայերի Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում:
Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով եւ մասնավորապես՝ ծիրանով:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը եւ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ, որպեսզի խնդիրը վերջնականապես կարգավորվի:











