News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի որոշումն աշխարհում համար մեկ նորություններից մեկն էր դարձել: Այս մասին իր հոդվածում նշել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք Թուրքիայում, եւ ոչ միայն Թուրքիայում, մզկիթների են վերածվել, նաեւ կան մզկիթներ, որոնք, հակառակը, եկեղեցիների են վերածվել, մասնավորապես՝ Իսպանիայում։ Սակայն Սուրբ Սոֆիայի տաճարն այդ բոլոր դեպքերից տարբերվում է, որովհետեւ ժամանակին օսմանցիների համար այն իսլամական աշխարհում առաջնորդություն նվաճելու խորհուրդն ուներ, եւ հիմա այդ խորհուրդը վերականգնելու փորձն է արվում: Կրոնական գիտակցություն ունեցող մարդկանց համար նման խորհրդանիշներն առաջնային են եւ դրանք ընդունվում են առանց քննադատության։ Թուրքիան գնում է դեպի իսլամիզմ՝ վերականգնելով իր կորսված ավանդույթները, եւ այդ առումով կարեւոր է հասկանալ շարքային թուրքերի մտածողությունը ու դրա հնարավոր քաղաքական հետեւանքները։

Կոստանդնուպոլսի նվաճման խորհուրդը

Էրդողանի վարկանիշը Թուրքիայում անկում է ապրում, ընտրությունների ժամանակ նրա կուսակցությունն ամենախոշոր քաղաքներում պարտվել է եւ նման քայլով նա փորձում է իր վարկանիշը բարձրացնել: Դա էրդողանի խնդիրն է, մեզ այլ հարց է հետաքրքրում, թե ի՞նչ խորհուրդ այդ տաճարն ունի շարքային թուրքի համար եւ այդ իմաստով ինչո՞ւ է տաճարը մզկիթի վերածելը նրա վարկանիշը բարձրացնում: Դա ակնհայտորեն քաղաքական ակտ է, որը կարող է հեռու գնացող հետեւանքներ ունենալ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ստիպված ենք պատմական էքսկուրս կատարել:

Թուրքիայում ֆիլմերն ու սերիալները պրոպագանդայի հզոր միջոցներ են, որոնց շնորհիվ կոդավորում են հանրության գիտակցությունը՝ դրանք քաղաքական ու գաղափարախոսական նշանակություն ունեն: 2012-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Կոնստանդնուպոլսի գրավման մասին «Նվաճում 1453» ֆիլմը։ Այն սկսվում է Մուհամմադ մարգարեի տան դրվագով, որտեղ նա ասում է, որ «Կոնստանդնուպոլսն անպայման գրավվելու է, եւ այն գրավողը մեծագույն զորավարն է լինելու» (ֆիլմը տես այստեղ):

Այս խոսքերը նշված են հադիսներում` Մուհամմադի վարքի ու խոսքերի մասին ժողովածուներում, որտեղ բերվում են մարգարեի խոսքերը. «Կոստանդնուպոլսն անպայման նվաճվելու է, եւ որքան հրաշալի է այն էմիրը, որքան հրաշալի է այն զորքը, որոնք դա կանեն»:

Կոստանդնուպոլսի նվաճումը «Ալլահի կամքն» է, որը փոխանցվել է մարգարեի միջոցով: Մուսուլմանների համար դա սրբագործված առաքելություն է, եւ նա, ով այդ կամքը կկատարի, հատուկ կարգավիճակ է ստանում: Դա Օսմանյան խալիֆաթի սկիզբն է կարելի համարել, սակայն որի համար պետք էր նվաճել նաեւ մուսուլմանների համար սուրբ քաղաքները՝ Մեքքան ու Մեդինան, որը կատարեց Սելիմ Յավուզ սուլթանը 1517-ին․ Օսմանյան սուլթանատը պաշտոնապես հռչակվում է խալիֆաթ, իսկ սուլթանը՝ արդեն նաեւ խալիֆը, իսլամական աշխարհի առաջնորդ։ Խալիֆը Մուհամմադի «ժառանգորդն» է՝ տեղապահը, ճիշտ այնպես, ինչպես Հռոմի պապերը հանդիսանում են Պետրոս առաքյալի տեղապահները։

Սուրբ Սոֆիայի տաճարի նշանակությունը

Խորհրդանիշների դերը պետական կյանքում առաջնային եւ սակրալ նշանակություն ունեն։ Իսկ հավատքի խորհրդանիշներն ու խորհուրդները միավոր են մեծ քանակությամբ մարդկանց, նաեւ ապահովում են իշխանությունների լեգիտիմությունը։

Կոնստանդնուպոլսի գրավումը մուսուլմանների համար «Ալլահի կամքի» կատարում է նշանակում, այսինքն՝ կրոնական առաքելության ակտ է, իսկ Կոնստանդնուպոլսի կրոնական խորհրդանիշը Սուրբ Սոֆիայի տաճարն էր՝ հարյուրամյակներ ողջ աշխարհի ամենամեծ տաճարը, այն ժամանակվա ճարտարապետության գլուխգործոցն ու Բյուզանդական կայսրության խորհրդանիշը։ Պատահական չէր, որ Կոնստանդնուպոլսի գրավումից հետո անմիջապես տաճարը մզկիթի վերածվեց՝ դա իսլամի հաղթանակն էր ընդդեմ քրիստոնեության։

Աթաթուրքը փոխեց Թուրքիայի հարյուրամյակների քաղաքական բովանդակությունը՝ վերացրեց խալիֆայությունը, ստեղծեց աշխարհիկ պետություն, ամենադաժան եղանակներով պայքարում էր կրոնավորների դեմ (անգամ ցուցադրաբար մոլլաներին կախաղան բարձրացնելով եւ օրեր ի վեր նրանց այդ վիճակում թողնելով, որ բոլորը տեսնեն), վերացրեց սուլթանությունը՝ հայտարարելով հանրապետություն, լեզվի ռեֆորմներ արեց՝ մաքրելով լեզուն օսմանյան դարձվածքներից եւ Ղուրանի լեզվի` արաբերենի ազդեցությունից, հագուստի ռեֆորներ իրականացրեց՝ արգելելով կրոնական նշանակության հագուսները` տղամարդկանց ավանդական գլխարկներն եւ կանանց գլխաշորերը եւ այլն: Դրանք բնակչության մեծամասնության համար սրբապղծություններ էին: Ռեֆորմների շարքում էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելը: Դա նույնպես շատ մեծ խորհրդանշական քայլ էր, որով լուծարվում էր Կոնստանդնուպոլսի գրավման սակրալ նշանակությունը: Ավելին, մայրաքաղաքը տեղափոխվում է Անկարա՝ դրանով նսեմացնելով Կոնստանդնուպոլսի՝ որպես քրիստոնեական կայսրության գրավման իսլամական առաքելության խորդանիշը:

Վերադարձ ակունքներին. Էրդողանն՝ ընդդեմ Աթաթուրքի

Էրդողանը փուլ առ փուլ ի չիք է դարձնում Աթաթուրքի ռեֆորմները: Փաստացի բոլոր ռեֆորմները ետ են շրջվում, եւ պատահական չէ, որ այսօրվա Թուրքիան արդեն տարածքային ակնկալիքներ ունի հարեւան երկրներից՝ իրեն հռչակելով Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ։ Պետական քարոզչության հիմքում այլեւս իսլամն է՝ թույլատրում եւ խրախուսում են գլխաշորերի կրումը, կրոնական կրթության ծաղկում է սկսվել, ամենաբարձր ատյաններում խոսվում է նեոօսմանիզմի եւ խալիֆայության վերականգնման մասին: Անգամ սկսել է քննարկել մայրաքաղաքն Անկարայից Ստամբուլ տեղափոխելու հնարավորությունը: Փողոցներում Աթաթուրքի նկարները սկսում են փոխարինվել Էրդողանի պատկերներով:

Այս շարքում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը մեծ նշանակություն ունեցող խորհրդանշական քայլ էր:

Այս ամենը կատարվում է մեր հարեւան երկրում` Թուրքիայում: Փաստացի մենք ձեռք ենք բերում «նոր հարեւան»՝ սա այլեւս այլ երկիր է, Աթաթուրքի Թուրքիան չէ, ինչը մենք պետք է գիտակցենք եւ հետեւություններ անենք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ