News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Թուրքիան  պարտավոր էր նման ձևով հանդես գալու, այսինքն՝  բարոյական աջակցություն ցույց տալու, որ ադրբեջանցների մոտ չջարդվեր այն գաղափարը, որ Թուրքիան իրենց թիկունքին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի ակտիվությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում օրեր առաջ սկսված ռազմական գործողությունների հարցում։

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ Թուրքիային պետք չէր Կովկասում հակադրության գնալ Ռուսաստանի հետ, որովհետև նա վատ հարաբերությունների ունի նաև Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ։

«Ուղղակի Թուրքիան ստիպված էր արձագանքել, այլ բան է, թե այդ արձագանքն ինչպես ընկալվեց Ռուսաստանի կողմից։ Նրանք հերթական դրսևորումը տեսան, որ Թուրքիայի էքսպանսիան, եթե ոչ հիմա, ապա ապագայում, եթե դա գաղափարախոսական բնույթ ունի, ավելի վտանգավոր է, ուղղված է հենց դեպի Կովկաս, Կովկասից դեպի Միջին Ասիա, Միջին Ասիայից դեպի Ռուսաստանի տարածք»,- ասաց նա։

ՀԱՊԿ-ի դիրքորոշում գոյությունի չունի։ Այսպես է  արձագանքում Ստեփան Դանիելյանը, հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս օրերին ՀԱՊԿ-ի կողմից արված հայտարարություններն ու դիրքորոշումը։

«ՀԱՊԿ-ում կան թուրքական երկրներ՝ Ղազախստան, Ղրղզստան, որոնք նաև համաթուրքական գործակցության երկրներ են։ Կան, չէ՞, երկրներ, որոնք թուրքական համադաշնության  անդամներ են, և ժամանակ առ ժամանակ իրենք խորհրդակցություններ են անցկացնում առաջին դեմքերով և այլն։ Եվ քանի որ սա Ադրբեջանի խնդիրն է, նաև Թուրքիայի հարցը կար, բնական է՝ ՀԱՊԿ-ից ինչ-որ արձագանք սպասել պետք չէր, որովհետև դա կքանդեր այն։ ՀԱՊԿ-ը մեզ համար պետք է էական չլինի։ Խնդիրը ՀԱՊԿ-ը չէ, խնդիրն այստեղ Ռուսաստանն է, մեր հարաբերություններն են, որոնք  արտահայտվեցին հատկապես ներվային կերպով Ռուսաստանի կողմից, և դրան խառնվեց Թուրքիան»,- ընդգծեց նա։

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը պլանավորված չի եղել, այլ  ինչ-որ իրադարաձությունների հետևանքով մթնոլորտը թեժացել է։ Մեր հարցին, թե խոսքը ի՞նչ իրադարձությունների մասին է, Ստեփան Դանիելյանն արձագանքեց․

«Բավականին ակնհայտ պիտի լինի,  թե ինչ է կատարվել։ Հիմա երևի չարժե դրա մասին խոսելը, ով որ հետևում, տրամաբանում է, հասկանում է՝ դիրքերի փոփոխություն է տեղի ունեցել, որն անակնկալ էր Ադրբեջանի համար»։

Ստեփան Դանիելյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում առաջացած լարվածության վերաբերյալ Ռուսաստանի հայտարարություններին, նշում է, որ Ռուսաստանին իր շահերից ելնելով,  պետք չէ, որ սահմանին թեժ լինի։

«Առավել ևս որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին որքան հնարավոր է պահել իր ազդեցության գոտում, նաև կան  տնտեսական շահեր։ Այս դեպքերից  հետո ադրբեջանական նավթն ու գազը սկսեց տեղափոխվել ռուսական խողովակաշարերով։  Այսինքն՝ Ադրբեջանն ավելի շատ տնտեսական կախվածության մեջ մտավ Ռուսաստանից։ Դա այն է, ինչ Ռուսաստանին պետք է։ Թե ի՞նչ է մեզ պետք, դա քննարկման այլ թեմա է»,- նշեց քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն է նկատում։

«Լարվածություն կա ոչ թե հայ–ռուսական հարաբերություններում, այլ Հայաստանի և  Ռուսաստանի  ղեկավարների միջև։ Մենք տեսնում ենք, որ ըստ էության հանդիպումներ չեն լինում, նույնիսկ հեռախոսազանգեր, մենք տեսնում ենք, թե ինչպես է ռուսական մամուլը մեկնաբանում այդ հարաբերությունները՝ շատ զգույշ, բայց քննադատաբար։ Մենք տեսնում  ենք՝ Հայաստանի իշխանության վերահսկողության տակ եղած մամուլը և իշխանության ներկայացուցիչները  ինչ խորհրդավոր կերպով են արտահայտվում, բնականաբար, դա լարվածության նշան է»,- ընդգծում  է քաղաքագետը՝ հավելելով, որ դրանց պատճառները  կապված են 2018թ․-ի գարնանը տեղի ունեցած իրադարձությունների հետ։

«Ռուսաստանում խորացած այն կարծիքը կա, որը Հայաստանում այլ երկրների շահերը հետապնդող ներկայացուցիչներ կան իշխանության ներսում, որը իրենք շատ ծանր են տանում։ Եթե լինեն մարդիկ, որոնք Հայաստանի շահերից ելնելով Ռուսաստանի հետ հակասությունների  մեջ լինեն, դա նորմալ կդիտվեր։ Հիշում եք, երբ ռուսական զենք  էր արտահանվում Ադրբեջան, Հայաստանում իշխանության ներկայացուցիչները շատ կոպիտ էին արտահայտվում, Ռուսաստանում հիմնականում արդարանում էին, հիմնավորում էին, որ ձեզ էլ ենք տալիս, նրանց էլ։ Կար խնդիր և ռուսները նորմալ էին համարում, որ նման հարցեր ենք առաջ քաշում, և իրենք  արդարանում էին, թշնամության ակտ  չէին դիտարկում, երբ որ հիմնավորումները չկան և պետական ծառայողները «պուտինյան Ռուսաստան» և այլ արտահայտություններ են  օգտագործում, ապա սա արդեն երևույթ է, որն արդեն այլ տեղ է տանում»,- նկատեց Ստեփան Դանիելյանը։

 Քաղաքագետը հիմքեր չի տեսնում, որ մոտ ժամանակներս  սահմանին պլանավորված սրացումներ կլինեն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները ծանր վիճակում են հայտնվել։

«Մենք տեսանք, որ Ադրբեջանում մարդկանց կուտակումներ եղան, իսկ Բաքվի ցույցերը դրանք Հայաստանի ցույցերը չեն։ Մեր մոտ կարող է 100 000 մարդ  հավաքվի, մեկ էլ մի ժամից հետո գնան, ոչ մի խոտ չտրորվի, իսկ Ադրբեջանում 20 000 հավաքվեն, արդեն սկսելու են խանութներ ջարդել, մեքենաներ վառել,  դա էդ ժողովրդի հատկությունն է։ Ամբոխի դեպքում իրենք լրիվ այլ հատկություններ են ցուցաբերում, և դա կարող է շատ վտանգավոր լինել  իշխանությունների համար»,- նշեց նա։

Ստեփան Դանիելյանից հետաքրքվեցինք, թե սահմանին ունեցած հաջողությունները ինչպե՞ս կարող ենք օգտագործել, որպեսզի նաև դիվանագիտական հաջողություններ ունենանք, ինչին ի պատասխան քաղաքագետն արձագանքեց․

«Եթե մենք ունենք այնպիսի հակադիվանագիտական վարչապետ, որ խոսում է՝ ինչ իր գլխին փչում է և օրվա պարբերությամբ հակասական հայտարարություններ  է անում, որը փչացնում է իր հարաբերությունները բոլոր երկրների հետ, ոչ միայն Ռուսաստանի, այլև մենք տեսնում ենք, որ արևմուտքի հետ էլ չեն հարաբերությունները ստացվում, Իրանի հետ սառեցված հարաբերություններ են,  նման պայմաններում ես  չես կարծում, որ մենք դիվանագիտական ինչ-որ հաջողություններ կունենանք, գոնե շատ մեծ  անհաջողություններ չունենանք, արդեն իսկ հաջողություն է»,- ասաց նա։

Հուլիս 7-ին, Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նշել, որ բանակցություններն անարդյունք են։ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք ուզում են ըստ էության բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Ստեփան Դանիելյանը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունը մեծ հույսեր էր  կապում Նիկոլ Փաշինյանի հետ, բայց կարծես թե այդ հույսերը չեն արդարանում։ Մեր ճշտող հարցին, թե ի՞ նչ հույսերի մասին է խոսքը, քաղաքագետն ասաց․

 «Որ եկել է նոր մարդ, որը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցն է եղել, միշտ արտահայտվել է փոխզիջումներով լուծման մասին։  Ինքը համարվում է արևմուտքի մարդ, համենայնդեպս  եթե ոչ ինքը, ապա իր ամբողջ շրջապատը, ենթադրում էին, որ այստեղ  կարելի է ինչ-որ լուծումներ գտնել, գուցե ինչ-որ փակ բանակցություններ են գնացել Ադրբեջանի հետ, ես չգիտեմ, թող այն մարդիկ խոսեն, ովքեր տիրապետում են այդ ներքին ինֆորմացիային, բայց բնականաբար կա հայ հանրություն, և ուզում է հազար Նիկոլ Փաշինյան լինի, չի կարող հանրության դեմ գնալ, առավել ևս իր նման պոպուլիստ անձնավորությունը, որի համար շատ կարևոր է հանրային կարծիքը։ Ինձ թվում է՝ ինչ-որ  հույսեր ունեին ադրբեջանցիները, սակայն  այդ հույսերը չարդարացան։ Ուղղակի խնդիրների առաջ էին կանգնել, բայց բանակցություններին պետք է մասնակցեն, ուրիշ ինչ պետք է անեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ