News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռազմական պարտությունները ադրբեջանցիները փորձում են փոխհատուցել տարբեր երկրներում հայերի նկատմամբ բռնարարքներով։ Անցած գիշեր Մոսկվայում, ավազակախմբեր կազմած, նրանք զանգվածային հարձակումներ են գործել հայերի վրա․ 5 հայ վնասվածքներ է ստացել, ջարդուխուրդ են արվել մեծ թվով հայկական համարներով մեքենաներ։ Ռուսաստանի հայերի միավորման անդամ Դավիթ Տոնոյանը  NEWS.am-ին հայտնել է, որ նախապես ծրագրված ագրեսիան սկսվել է տեղի ժամանակով 11-ից հետո Մոսկվայի Մարյինոյի, Բրատիսլավսկայայի եւ Լյուբլինոյի շրջաններում։ Տուժածներից մեկը տարեց տղամարդ է, մյուսները՝  երիտասարդ, որոնցից մեկին դանակահարել են որովայնի շրջանում, նա հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հայտնել է նաեւ, որ  վերջին մեկ շաբաթում ադրբեջանցիների հարձակումների եւս 5 դեպք է գրանցվել․ նրանք դեսպանատան հավաքարարուհուն են ծեծել,  մետրոյում  հարձակվել են Հարութ անունով հայ դուդուկահարի վրա, փողոցում զբոսնող  ամուսինների վրա եւ այլն։  Իրավապահներին հաջողվել է ձերբակալել 50 ադրբեջանցու։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մոսկվացի երիտասարդ հայերը պարեկախմբեր են կազմել եւ ողջ գիշեր հերթապահել կասկածելի փողոցներում։

Վկայակոչելով Infoteka24.ru կայքին՝ ադրբեջանցիների վայրագության դրվագները պատկերող տեսանյութ է հրապարակել քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը։ Կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի հոգով ծեծի ենթարկում մեքենայի մեջ նստած տղամարդուն, կոտրում մեքենայի ապակիները:

ՌՀՄ ներկայացուցիչ Դավիթ Տոնոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ՕՄՕՆ-ի ծառայողները ձերբակալում սանձերն արձակած ադրբեջանցիներին: Նրա խոսքով, ՕՄՕՆ-ը եւ «Ռոսգվարդիան» ամբողջությամբ շրջափակել են Մարյինոյի, Բրատիսլավսկայայի եւ Լյուբլինոյի շրջանները եւ ստուգում են բոլոր ավտոմեքենաները:

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Իլհամ Ալիեւն ու Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: «Նրանց  նախաձեռնությամբ ավազակները գիշերը Մոսկվայում հարձակվել են հայերի վրա, ծեծել են նաեւ մի ադրբեջանցու՝ շփոթելով հայի հետ: Ձերբակալված  5 տասնյակ ադրբեջանցու մեղադրանք է առաջադրվելու խուլիգանության եւ ազգային հողի վրա եկրպառակություն  հրահրելու համար: ՌՀՄ-ն կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ եւ կհետեւի քննության ընթացքին: Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրահրողներին, այլեւ այս հանցագործությունների «ոգեշնչողներին», նշել են ՌՀՄ համակարգողները եւ հայրենակիցներին զգոնության ու սադրանքներին չտրվելու կոչ արել:

Ադրբեջանցիների թիրախում են նաեւ հայկական ապրանքները։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ռուսական մամուլին հայտնել է, որ հայկական արտադրության պահածոները, հանքային ջուրը եւ ալկոհոլը հանվել են ադրբեջանցու պատկանող «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնների ցանցերից: «Սա արդեն սադրանք է, որն ուղղված է Ռուսաստանում առեւտրի կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետեւանքներով»,- ասել է Տողանյանը եւ ավելացրել, որ այդ ամենի մասին տեղեկացրել է իշխանությանը։

Ռուսաստանում բարձր մակարդակով արձագանքել է հոգեւոր իշխանությունը։ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հայաստանին եւ Ադրբեջանին երկխոսության կոչ է արել: «33-րդ տարին է, ինչ ձգվում է ժողովուրդների հակամարտությունը, 1989 թվականից ես մշտապես մասնակցում եմ այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու աշխատանքին: Դրա յուրաքանչյուր սրացում ընկալում եմ որպես անձնական ցավ»,- ասել է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը:

Ավելի ուշ թեմայի շուրջ հայտարարություն է արել նաեւ Դաշնության նախագահը։ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին իրավիճակը շատ զգայուն է  Ռուսաստանի համար:

Ադրբեջանցիներն ագրեսիվացել են նաեւ Ուկրաինայում։ Կիեւի հայերին պատկանող սրճարանների հրկիզման 2 դեպք է գրանցվել։ Ուկրաինայի հայերի միությունը խստորեն դատապարտել է այդ հարակումները, նշել, որ մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ, որոնցից օպերատիվ քննություն է ակնկալում:

Ադրբեջանցիների հարձակումների ընդլայնվող աշխարհագրությունը եւ հայկական դեսպանատների դեմ գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ դրանք ուղղորդում է պաշտոնական Բաքուն։ Հայաստանի արտգործնախարարության հայտարարության համաձայն, տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսեւորումն է եւ ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջեւ առանց աշխարհագրական սահմանափակման թշնամություն հրահրող  հռետորաբանության եւ քաղաքականության մեջ:

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը եւ մինչեւ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 4 անգամ։

Գերատեսչության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում ադրբեջանական SkyStriker անօդաչուների լուսանկարներ է հրապարակել եւ գրել․  «Հատուկ այն բանի համար, որ ոմանք Բաքվում եւ այլուր չկասկածեն մեր խոսքերին»:

Միացյալ Նահանգներում հերթական հաջողությունն է գրանցել հայկական լոբբին։  Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Այն օգնություն է նախատեսում Արցախին 1․4 միլիոն դոլարի չափով՝ HALO Trust-ի ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Տավուշում հուլիսի 14-ին ծանր վիրավորվելուց հետո կյանքի համար մոտ 10-օրյա պայքար մղած եւ զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։ Նրա մանկության ընկերը NEWS.am-ին պատմել է, որ Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում։ Արթուրը եւս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։

Աշտարակի խճուղում անցած գիշեր երիտասարդ ընտանիքի ողբերագական վթարից տուժած 3 ամսական աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում է, նա միացված արհեստական շնչառության ապարատին։ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի ու թոքերի սալջարդ, արյունազեղումներ, վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից։ Հիշեցնենք, որ փոքրիկի մայրը վթարից մահացել էր, հայրը ծայրահեղ ծանր վիճակում է։

Երևանի Հաղթանակ կամրջի մոտ կանխվել է երիտասարդի ինքնասպանության փորձը:

Մանկատան նախկին սանն ասել է, որ բնակարանի խնդիր ունի, որը ոչ մի գերատեսչություն չի ուզում լուծել։ Երիտասարդի մտերիմներին ու  ոստիկաններին հաջողվել է համոզել նրան հետ կանգնել իր մտադրությունից եւ չնետվել կամրջից:

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ մահացել է 910 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում  վարակվելու 451 նոր դեպք է գրանցվել: Այս պահին բուժվում է 9969 մարդ: Մահացել է 5 մարդ, որոնցից մեկը՝ այլ հիվանդությունից։

Ֆեյսբուքյան լայվով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժվող դեպքերի թիվը 10 հազարից ցածր է․ սա շատ կարեւոր նորություն է: Հիմքեր կան պնդելու, ասել է նա, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլեւ աշնան համաշխարհային հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ:

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Կասյան փողոցի եւ Կոմիտասի պողոտայի հատման հատվածում գյուղատնտեսական շուկայի առեւտրականները, որոնք ցանկանում են շարունակել այդ վայրում գյուղմթերք վաճառել, մինչդեռ ոստիկանները թույլ չեն տալիս:

Վաղը գնալու ենք այդ շուկան եւ վաճառենք մեր ապրանքը, եթե չեն թողնելու՝ թող չթողնեն, ասել են գյուղմթերք աճեցնողները։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ էլ  պահանջելում են իրենց տրանսպորտային միջոցներ տրամադրել՝ Ռուսաստան մեկնելու համար: Ամիսներով նրանք Հայաստանում են եւ չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ: «Գազպրոմբանկի» վարչության փոխնախագահ Տիգրան Խաչատուրովն ասել է, որ բանկի կարեւոր գործընկեր կառույցը բիզնեսի նոր ուղղություններ է զարգացնելու եւ  որոշվել է տնօրենների խորհրդի նոր կազմ ձեւավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը:

Չնայած միջազգային հանրության եւ հոգեւոր առաջնորդների կոչերին ու հորդորներին, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի փոխած  Թուրքիայի նախագահը, այսօր կայացած  առաջին ուրբաթօրյա աղոթքին նամազ է հնչեցրել։ Թայիփ Էրդողանը միացել է հազարավոր աղոթողներին, ծնկի իջել կապույտ գորգերի վրա։ Տաճարին կից Սուլթանահմեդ հրապարակում էլ մեծ էկրան եւ բարձրախոսներ են տեղադրվել՝ դրսում հավաքվածների համար աղոթքը հեռարձակելու համար։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով ու կազմել  485.29 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.36 դրամով ու հասել 562.79 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.47 դրամով ու հասել 618.07 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել 6.80 դրամ։

Հուլիսի 25-ի ցերեկը Հայաստանի որոշ շրջաններում, նաեւ մայրաքաղաքում, սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երեւանում  այս գիշեր կլինի 19-ից 21 աստիճան զրոյից բարձր, վաղը ցերեկը +33-ից +35։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ