«Հաննա» մրրիկը քանդել է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանային պատնեշի մի հատվածը, որը հայտնի է որպես «Թրամփի պատ»: Տեսանյութը որում ենթադրաբար պատկերված է պատի մի հատվածի ավերման պահը, իր Twitter-յան էջում հրապարակել է մեքսիկացի լրագրող Ժենարո Վիլյամիլը, փոխանցում է Lenta-ն:
Կադրերում մարդիկ են երեւում, որոնք բանվորների պես են հագնված, իսկ ֆոնին պատն է, որը շատ նման է երկրի հարավային սահմանին ամերիկյան վարչակազմի կառուցածին: Պատի մի հատվածը փլուզվում է, ինչն ուղեկցվում է բարձր ձայնով: Լրագրողը նշել է, թե տեսանյութը նկարահանվել է ԱՄՆ Տեխաս եւ Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգների սահմանին:
Twitter-ի անգլո-, իսպանախոս հատվածում չափազանց մեծ տարածում գտած լուրը մեկնաբանել են ամերիկյան մաքսային եւ սահմանապահ վերահսկման ծառայության ներկայացուցիչները: Caller Times-ը փոխանցում է, որ նրանք կասկածել են տեսանյութի հավաստիությանը. նշել են, որ այն նկարահանվել է ցերեկը, իսկ մրրիկը Տեխասին առավել ուժգին հարվածել է գիշերը:
The Washington Post-ի լրագրող Նիկ Միրոֆը հիշեցրել է, որ պատի մի հատվածը ավերվել էր դեռեւս ընթացիկ տարվա հունվարին բնական աղետի հետեւանքով, եւ դա իսկապես տեղի է ունեցել, պարզ չէ միայն, թե համացանցում տարածված կադրերը որտեղ են հատկապես նկարահանվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանային պատ կառուցել 2016 թվականի իր նախընտարկան քարոզարշավի ժամանակ: Նա երկրի տարածքում ԱԴ ռեժիմ էր մտցրել, որ մյուս նախագծերի միջոցները վերաբաշխի: 2019-ի ամռանը երկրի Գերագույն դատարանը հավանություն էր տվել պատի կառուցման համար Պենտագոնի ֆոնդերից 2,5 մլրդ դոլարի հատկացմանը:











