News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երկուշաբթի Հայաստանում նյարդային ֆոնը պահպանվել է բարձր միավորներով բուհ չընդունվածների բողոքի չմարող ալիքի պատճառով։ Հայաստանում կարծես վերականգնվում է վերջին տարիներին մոռացված բուհերի ընդունելության քննություններին հաջորդող զանգվածային դժգոհության ավանդույթը։ Չնայած ոլորտի պատասխանատուի կիրակնօրյա պարզաբանումներին, չընդունված դիմորդների ու նրանց հարազատների ցույցերը այսօր էլ շարունակվել են։ Երեկ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե ավարտել են լրացուցիչ թափուր տեղերի մրցույթները, ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Ըստ նրա՝ չընդունվածների ընդհանուր թիվը 223 է, որոնք կարող են սեպտեմբերին հեռակա ընդունելության ժամանակ դիմել բուհեր եւ, ըստ ամենայնի, կընդունվեն։ Ըստ նախարարի՝  լուծել են գերազանց գնահատական ստացած եւ բուհ չընդունված 6  դիմորդների հարցը, իրենց առաջարկին արձագանքել է 4 դիմորդ:

Իսկ առավոտյան լարված իրավիճակ էր ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, ոստիկանները թույլ չէին տալիս բուհ չընդունված դիմորդներին եւ նրանց ծնողներին մոտենալ շենքին: Նրանք ցանկանում էին հանդիպել նախարարի հետ: Ոստիկանների պատը ճեղքելով՝ դիմորդները մոտեցել են շենքին, ոստիկաներն էլ հորդորում էին  սոցիալական հեռավորություն պահպանել:

Այնուհետեւ  «Արայիկ հեռացիր» կոչերով բողոքողները հեռացել են գերատեսչության դիմացից եւ նստացույց սկսել Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ հենց ճանապարհի երթևեկելի հատվածներում: Մեծ թվով կարմիրբերետավորներն ակցիայի մասնակիցներին դուրս են բերել փողոցի երթեւեկելի հատվածից: Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի՝ բերման է ենթարկվել 2 քաղաքացի:

Կոչուբաեւը դիմորդներին ուղեկցել է նաեւ դեպի ոստիկանության բաժին երթի ընթացքում եւ կառավարության առջեւով անցնելիս, թերեւս հեգնանքով, կոչ է արել շնորհակալություն հայտնել կառավարությանը քննությունները լավ կազմակերպելու համար։

Չընդունված դիմորդի ծնողին՝ Մասիս Բաբալյանին, բերման էին ենթարկել մայթեզրից, նա փողոց չէր փակել, հետեւաբար նրա վարչական ձերբակալումն ակնհայտ ապօրինի էր, պնդել է բերման ենթարկվածների փաստաբանը: Իսկ մյուս բերման ենթարկված Հովհաննես Հարությունյանն, ըստ Կոչուբաեւի, ցանկացել էր ընդամենը միջամտել անչափահաս աղջիկներին բերման ենթարկելու գործողությանը, և դրա համար էլ ձերբակալվել էր: Այժմ կամ ոստիկանությունը կդիմի Վարչական դատարան և մենք կպաշտպանվենք, կամ մենք կդիմենք, որպեսզի ոստիկանության գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ»,- նշել է իրավաբանը:

Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվելու վերջին շրջանի համար աննախադեպ փոքր թիվ է գրանցվել՝ 73, բայց պարզվել է, որ թեստավորվել է ընդամենը 314 մարդ։ Վարակվածների ընդհանուր թիվը 37 հազարից ավելի է։ Երեկ մահացել է 7 կորոնավարակակիր, որոնցից ամենաերիտասարդը 54 տարեկան էր։ Մահացածների ընդհանուր թիվը 932 է։

Արցախում էլ անցած օրը մահացել է առաջին COVID-19-ով վարակվածը։ Նա 90-ամյա կին էր։ Առայսօր Արցախում կորոավիրուս ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ն ապաքինվել է։ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել: Բժշկականի ուսանող Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին է վարակվել եւ թոքաբորբ ունի: Վերջին օրերին իր հետ շփվածերին նա մեկուսանալու կոչ է արել։

Հյուսիսարևելյան ուղղության մարտական դիրքում, հակառակորդի դիպուկահար հրազենի կրակոցից զոհվել է 29-ամյա պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը։ Նա  ամուսնացած էր,  ընտանիքի հետ ապրում էր Վանաձորում: Աշոտի եղբայրը նույնպես զինվորական է։

Sputnik-Արմենիան հայտնել է, որ Վրաստանի Սադախլո գյուղում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա, ընդ որում, ոստիկանության բաժանմունքի հարեւանությամբ։ Հարձակման շարժառիթները դեռ պարզ չեն։

Իսկ աշխարհի քաղաքներում շարունակվում են հայերի բողոքի ցույցերն ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի։ Նյու Յորքում ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչները ցույցի են դուրս եկել հայկական 2 հանրապետությունների դրոշներով եւ պաստառներով,  կատարել Հայաստանի օրհներգը, ռազմահայրենասիրական երգեր, ազգային պարեր։

Աշխարհի մյուս ծայրում գտնվող Վանկուվերում եւս հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ձայն են բարձրացրել  ընդդեմ Հայաստանի ու հայերի հանդեպ պետական մակարդակով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։

Հանգստյան օրերին հայերը ցույցեր են կազմակերպել Գերմանիայի Համբուրգ քաղաքում, Վենեսուելայում։ Իսկ ամերիկյան Հարվարդի հրապարակում հավաքված Հայկական բանակին զորակցող հայերին «Յարխուշտա» պարել փորձել են խոչընդոտել  ադրբեջանցիները։ Հայերը տուրք չեն տվել սադրանքին։

Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի իր անվանական մարզաշապիկներից է նվիրաբերել Տավուշի դիրքային մարտերում վիրավորված հայ զինծառայողներին։ «Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- նրանց գրած իր նամակում նշել է Մխիթարյանը եւ խոստացել  Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել նրանց և անձամբ ստորագրել մարզաշապիկները:

Հուլիսի 27-ը Լիսաբոնյան հնգյակի հիշատակի օրն է. 37 տարի առաջ այս օրը 5 հայ երիտասարդներ՝ 19-ից 21 տարեկան, Հայոց ցեղասպանության ու կորսւյալ հայրենիքի մասին աշխարհին հիշեցնելու համար գրոհով վերցրել են Լիսաբոնի թուրքական դեսպանատունը եւ   հայտարարություն տարածելուց հետո, պայթեցրել իրենց։

«Մենք որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին», մահից առաջ հայտարարել են նրանք։ Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը գտնվող նրանց հուշաքարին միացյալ Հայաստանի քարտեզն է, որից վեր են խոյանում հինգ դաշույններ։

Սևանի White Shorja լողափում իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, անտեսելով պարետի սահմանած արգելքները, փարթի է կազմակերպել։ Այս մասին գրել եւ տեսանյութ է հրապարակել hraparak.am-ը։ Կայքին ասել են, որ լողափը կապ ունի տարատեսակ փարթիների ու խրախճանքների սիրահար պատգամավորի հետ կամ պատկանում է հենց նրան: Տեսանյութերից մեկում, որտեղ հնչում է հեղափոխականների սիրելի հնդկական «Տունակ-տունակ» տարօրինակ ձայներով երգը, երևում է նաև ինքը` Հայկ Սարգսյանը, գրել է կայքը: Մասնակիցները եղել են առանց դիմակի եւ, ինչպես երեւում է՝ սոցիալական հեռավորություն չեն պահպանել։ Ոստիկանությունից հայտնել են, որ այդ այդ փարթիի առնչությամբ, իրենց ձեւակերպմամբ, համապատասխան աշխատանքներ են իրականացնում:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, թե հեռախոսազրույց է ունեցել Հայկ Սարգսյանի հետ, որն ասել է, թե ինքը որեւէ միջոցառում չի կազմակերպել:

Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության  անդամ Արսեն Բաբայանն այս թեմայով Ֆեյսբուքում գրել է, մեջբերում եմ․ «Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում։ Զգուշացրեք նաև, որ դադարեցնի ստելն ու անմիջապես ձեռնարկի օրենքով սահմանված միջոցներ, քանի չեն հրապարակվել բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք փաստագրում են պատգամավոր Հայկի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ապացույցները»՝ մեջբերման ավարտը։

Համացանցում տեսանյութ է տարածվել՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, 8 մարզպետների եւ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությամբ Դեբեդ գետում ռաֆթինգի մասնակցելեւո մասին։ Մինչ Սուրեն Պապիկյանը հպարտությամբ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այդ տեսանյութը, սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ ռաֆթինգի ընթացքում պաշտոնյաները խախտել են պարետի սահմանած հակահամաճարակային կանոնները:

«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանն ահազանգում է, որ Սևանա լիճը մարդու առողջության համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում: «Այսպես այլևս անհնար է. պետք է փրկել Սևանը։ Աղետի շեմին ենք կանգնած, ազգովի պետք է լրջանանք», գրել է նա։

Վարագյանը նաեւ կոչ է արել Սևանի ավազանում անասնապահությամբ զբաղվող անձանց խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին ափամերձ տարածքներ տանելուց: Բնապահպանը թունավորումից անկած կովի լուսանկար է հրապարակել։

Լիլիթ Մակունցն այսօր նաեւ հայտարարել էր, թե չի կարծում, որ Թուրքիան գնա Ադրբեջանին ռազմական օժանդակության, քանի աշխարհը չի ընկալի այդ արարքը։ Այս ֆոնին ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ են սկսվելու 2 օրից, այդ թվում Նախիջեւանի տարածքում:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է կարճատեւ արձակուրդի՝ հուլիսի 27-31-ը ներառյալ։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Հիշեցնենք, որ ուրբաթ օրվանից արձակուրդում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաննա» մրրիկը քանդել է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանային պատնեշի մի հատվածը, որը հայտնի է որպես «Թրամփի պատ»: Հիշեցնենք, որ պատի կառուցումը, որը պետք է կանխեր մեքսիկացիների զանգվածային ներգաղթը ԱՄՆ՝ Թրամփի նախընտրական խոստումներից էր։ Պատի կառուցման համար նա մի քանի միլիարդ դոլար էր ծախսել։

Միացյալ Նահանգների Ինդիո քաղաքում տեղի ունեցած մենամարտում ամերիկացի Սենիեսա Էստրադան պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC Silver գոտու համար մենամարտում հաղթել է Միրանդա Աթքինսին։ Էստրադան գրանցել է ամենաարագ հաղթանակը կանանց բռնցքամարտում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով արդեն 7-րդ վայրկյանին։

ԱՄՆ դոլարի փոխարժեք նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով ու կազմել  484.97 դրամ:  Եվրոյի փոխարժեքն աճել է 4.92 դրամով ու հասել 567.71 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.92 դրամով ու հասել 622.99 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 6.78 դրամ։

Հուլիսի 28-ին Հայաստանի որոշ վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։ Չորեքշաբթի շոգի անկում կգրանցվի:

Երեւանում սպասվում է առանց տեղումներին եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +34+36։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ