News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլում Էմմիի ձախողումից հետո հայ հանրությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Եվ, իսկապես, չէ որ ոչ ոք չէր սպասում, որ հայկական էստրադայի հրաշքը, Հայաստանի շոու-բիզնեսի այնպիսի լուսատում, ինչպիսին Էմմին է, չի կարող դուրս գալ մրցույթի եզրափակիչ:

Այստեղ ակամա հիշում ես դեռ 2011թ. հունվարի 11 -ին NEWS.am-ի թղթակիցի հետ զրույցում Էմմիի խոսքերը. «Առայժմ «Եվրատեսիլ-2011» -ում ոչ մի կատարողի մրցակից չեմ համարում: Չեմ ուզում ինքնասիրահարվածի տպավորություն թողնել, բայց մինչ օրս հայտնի մասնակիցներից ոչ մեկը չի կարող մեզ մրցակից լինել»: Եթե այն ժամանակ այդ խոսքերը լուռ ժպիտ էին առաջացնում, ապա, համաձայնեք, որ այսօր դրանք այլ զգացմունքներ են առաջացնում:

Ընդհանուր առմամբ, կարելի է համարձակորեն հաստատել, որ մրցակիցներն այնքան ցածր որակի կատարողներ էին, որ նրանց միօրինակ զանգվածի մեջ Էմմիի մեծ տաղանդը չնկատվեց: Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ չնայած ողջ PR-ին, պաթոսին եւ հայկական կողմի հայտարարություններին, թե Էմմին ֆավորիտ է, իսկ «Գերմանիայից երգչուհի Լենան տպավորված է նրա կատարումից», առաջին կիսաեզրափակիչից դեռ 6 օր առաջ եվրոպական առաջատար բուքմեյքերները հայ մասնակցի հաղթանակի գործակիցը սահմանել էին 151: Նույնիսկ Հայաստանի նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող բուքմեյքերական «William Hill» ընկերությունը Էմմիի համար սահմանել էր 101 գործակից: Համեմատելու համար նշենք, որ ֆավորիտ համարվող Ֆրանսիայի ներկայացուցչի դեպքում այդ ցուցանիշը տատանվում էր 4 - 4,5-ի միջեւ: Այսինքն, Հայաստանը համարվում էր ոչ թե ֆավորիտ, այլ աուտսայդեր: Ստացվում է, որ բուքմեյքերներն ասում էին մի բան, իսկ շոու-բիզնեսի տեղական ներկայացուցիչները շրջանցում էին այդ թեման` մեծարելով իրենց հովանավորյալին:

Այս ողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը հայրենական շոու-բիզնեսի թվում է թե ազդեցիկ եւ հեղինակավոր ներկայացուցիչների արձագանքն էր: Այսպես, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը կիսաեզրափակչին հաջորդած ասուլիսում հայտարարեց, որ Էմմիի անհաջողության պատճառնեից մեկն այն էր, որ նա «չափազանց շատ էր լսում ծնողներին»:

«Եվրատեսիլ-Հայաստանի» մամուլի քարտուղար Տիգրան Դանիելյանը եւս օրիգինալ էր: Նրա խոսքով` պատճառն այն էր, որ քվեարկող երկրներում շատ հայեր չեն բնակվում: Սա ամեն ինչ իր տեղն է գցում: Ասվածի հիման վրա կարելի է ենթադրել, որ նախորդ տարիների հայ մասնակիցների հարաբերական հաջողությունները պայմանավորված էր նրանով, որ քվեարկել էին այն երկրները, որոնցում հայերը շատ են կամ էլ հայերը հանկարծ որոշել էին թափով լքել Եվրոպան: Կամ էլ պրն Դանիելյանը «Եվրատեսիլ» մրցույթը խառնում է «Որտեղ ում սփուռքն է ավելի հզոր» մրցույթի հետ:

Երգչուհի Շուշան Պետրոսյանն, իր հերթին, Էմմիին փորձեց մեծարել անցած տարվա մասնակից Եվա Ռիվասին վարկաբեկելու միջոցով` նրան համեմատելով արտասահմանյան ծամոնի հետ: Անցած տարի, սակայն, Շուշան Պետրոսյանի կողմից նման համեմատություններ չէին հնչել: Ավելին, վաստակավոր երգչուհին հայտարարեց, որ Էմմիի հասցեին քննադատությունը դավաճանություն է, հավանաբար, այդպիսով փորձելով այս հոդվածի հեղինակին տարհամոզել այն գրելուց:

Եթե այս ամենին կողքից նայենք, ապա կարծիքներն ամենեւին էլ հավասարապես չեն բաժանվում: Մի կողմից երգչուհու երկրպագուները եւ նրան հովանավորողները կոչ են անում չողբերգականացենլ մրցույթի արդյունքները, դավաճան են համարում Էմմիին քննադատողներին եւ կարծում են, որ մեղավոր է ով ասես, բայց ոչ իրենք: Պետք է նշել, որ նման կարծիք կա, բայց այն շատ լոկալ է: Մյուս կողմից` հայկական բլոգոսֆերան եւ սոցիալական ցանցերը լեցուն են կշտամբանքներով, քննադատությամբ ինչպես հայկական կողմի միջոցառումների ողջ շարքի կազմակերպիչների, այնպես էլ Էմմիի հասցեին:

Դրա հերթական առիթը նաեւ էմմիի մի հարցազրույցն էր, որտեղ նա ի լուր աշխարհի հայտարարեց, որ «1987 թ. Հայաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել»: Հավանաբար նկատի ուներ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը, որի մասին գիտե 10 տարեկանից բարձր իրեն հարգող յուրաքանչյուր հայ եւ չի խառնում տարեթիվը… Մենք ներողամտաբար ենթադրում ենք, որ դա, ինչպես հաճախ է լինում, հուզմունքի հետեւանքով էր տեղի ունեցել:

Այս թեմայի մասին կարելի է շատ խոսել, սակայն ժամանակն է ամփոփել արդյունքերը: Կցանկանայինք նշել, որ Հայաստանում կան ոչ քիչ տաղանդավոր կատարողներ եւ երաժշտական խմբեր, որոնք երգում են ոչ թե «բում-բում, չակա-չակա», ինչպես դա արեց Էմմին, այլ երաժշտասերների համար ավելի հասկանալի ու հաճելի բաներ: Եթե նրանց չեն ցուցադրում հեռուստատեսությամբ, դա չի նշանակում, որ նրանց չի կարելի մեկնել այնտեղ, որտեղ եւ նրանք պետք է լինեն: Ի վերջո, «Եվրատեսիլ-2011»-ը միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից է, որն ունի իր լսարանն ու իր կանոնները: Եթե Հայաստանում որաշակի անձանց շնորհիվ եւ որոշակի հանգամանքներից ելնելով «բում-բում, չակա-չակա»-ն կարող է քարոզվել, ապա պետք չէ զարմանալ, որ եվրոպական ունկնդրի համար այն պարզապես աղմուկ է թվացել….

P.S. Էմմի. «Ինձ զերծ պահեք մաղձից, որն անդադար ինձ ուղարկում եք»:

Էմիլ Բաբայան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ