News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Անցած մեկ օրում Հայաստանում մահացել է COVID-19-ով վարակված 10 մարդ․ ընդհանուր թիվը 942 է։ Նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել․ նրանց թիվը հասել է 37629-ի, ապաքինվել է 27357-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 8-ով․ նրանցից ամենաերիտասարդը 54 տարեկան կին է։ Եվս 2 վարակակիր, ըստ պաշտոնական աղբյուրի՝ մահացել է այլ հիվանդությունից։

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով սահմանել է, թե ովքեր կարող են դուրս գալ ինքնամեկուսացումից։ Ցանկում են օտարերկրյա  պատվիրակությունները, դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները, երկրի համար անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք։ Նրանք պետք է ժամանելուն պես 24 ժամում լաբորատոր հետազոտության ենթարկվեն:

Երեկ երեկոյան հրդեհված ավտոմեքենայում այրվածքներ ստացած 7-ամյա երեխան եւ 36 ու 39 տարեկան տղամարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են։ Հիշեցնենք, որ ավտոտնակում կայանած մեքենայի գազի բալոնից արտահոսքից կրակ էր բռնկվել։ Հրշեջներն ու փրկարարները դուրս էին բերել այրվածքներ ստացած մարդկանց ու հասցրել հիվանդանոց։

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակում։ Գյումրիի բնակիչ 65-ամյա Մանվել Հ-ն է Ներսես Շնորհալու փողոցում էքսկավատորով շինաշխատանք կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկվել հետընթացի ժամանակ։

Բողոքի ցույցերը շարունակում են բուհ չընդունված դիմորդները։ Հիշեցնենք, որ նախօրեին կրթության նախարարը Հանրայինով հայտարարել էր, թե նոր ընդառաջումներ չեն արվելու։ Դիմորդներն այսօր ցանկացել են անձամբ Աստվածաշունչ նվիրել նախարարին: Բայց նվերը ստանալու համար Արայիկ Հարությունյանն ուղարկել էր իր խորհրդականին։

Դիմորդների ծնողները հերքել են նախարարի այն հայտարարությունը, որ իր հրաժարականի պահանջը քաղաքական երանգ է ստանում, քանի որ նա նրանց շարքերում նկատել է երկրորդ նախագահ Քոչարյանի կողմնակիցներին։

Դատարանը հերթական անգամ թույլ չի տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել Հայաստանը եւ այցելել Ախալցխայում գտնվող ծնողների ու եղբոր շիրիմներին։ Դատավոր Աննա Դանիբեկյանն իր որոշումը հիմնավորել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանային հավանական արգելքներով։ Նախորդ անգամ դատարանը թույլ չէր տվել այլ պատճառաբանությամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը պահանջել է փոխել իր թարգմանչին, քանի որ երբ գնում էր առաջին հարցաքննության, նույն կինն այնտեղ էր, եւ, իր տպավորությամբ, մտերմիկ հարաբերություններ ուներ քննիչի հետ։

Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, որ կալանքի տակ գտնվող իր գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել։ Պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։

Երեկ երեկոյան Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին սրման համատեքստում: Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել  լարվածության աճը խթանող ցանկացած գործողություն, ինչն ի դեպ, վերաբերում է հենց թուրքական կողմին, որը Տավուշյան դեպքերի առաջին իսկ ժամերից կոշտ հայտարարություններ էր հնչեցնում։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ «երկու կողմերն էլ կողմ են, որ կոնֆլիկտային իրավիճակը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների»:

Իսկ թուրքական զորքերն արդեն Ադրբեջանի տարածքում են, այդ թվում Նախիջեւանում։ Նրանք համատեղ զորավարժություններ կանցկացնեն վաղվանից։ Քաղաքագետների շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թե Թուրքիան չի ներխուժի Հայաստան, քանի որ աշխարհը չի ընկալի այդ քայլը։ Նրանք հիշեցրել են, որ Թուրքիան այս պահին զորքեր ունի արդեն մի քանի երկրում եւ աշխարհի ընկալումը նրա քայլերի վրա առանձնապես չի ազդում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզված է, որ կողմերը քաղաքական կամք պետք է հանդես բերեն հակամարտության կարգավորման համար, ինչը չեն անում։ «Ամերիկայի ձայնին» դիվանագետն ասել է, որ իրեն անհանգստացնում է, որ մերձենալու փոխարեն երկու երկրում էլ տրամադրությունները ավելի կոշտ են դառնում: Ուորլիքին նաեւ մտահոգում է այն, որ լարվածությունը կարող է էլ ավելի աճել։ Եվ սա դեռ տեղայնացված բախում էր,- նկատի ունենալով հուլիսյան մարտերը՝ նշել է Ուորլիքը։ 

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները ցույց են կազմակերպել BBC-ի դիմաց: Այստեղ է նաեւ ադրբեջանցիների խումբը՝ իրենց դրոշներով:

Ադրբեջանցիներից մեկը փորձեց հարվածել հայ երիտասարդի, ինչից հետո բախում է սկսվել: Բրիտանացի ոստիկաններին հաջողվել է խմբերին հեռացնել իրարից:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Հայաստանում բացասական արձագանք ստացավ, ՌԲԿ հեռուստաալիքի հետ զրույցում համոզմունք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ղրիմի միացումը Ռուսաստանին չճանաչելու վերաբերյալ Սիմոնյանի գրառմանը Փաշինյանն արձագանքել է․ «Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մի՞թե դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը»: Պատասխանելով Հայաստանում արեւմտամետ ՀԿ-ների հետ կապված դժգոհություններին՝ վարչապետը հիշեցրել է, որ դրանք աշխատել են նաեւ մինչ 2018 թվականը՝ իր իշխանության գալը:

Ամուլսարի 2-րդ «պոստից» երեկ ուշ երեկոյան  պահապանների հետ քաշքշուկից հետո 9 քաղաքացի է բերման ենթարկվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար կազմել են արձանագրություն և նրանց ազատ են արձակվել:

Դատարանի որոշմամբ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի Շմայսի, որդին՝ Դավիթ Մովսիսյանը կալանքից ազատ է արձակվել։ Նրա փաստաբան Գոռ Գևորգյանը հայտարարել է, թե վերականգնվել է իր պաշտպանյալ եւ իր մտերիմ բարեկամ Դավիթ Մովսիսյանի ազատության իրավունքը։ Դատարանը մերժել է Մովսիսիյանի կալանքը երկարաձգելու քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ  Դավիթ Մովսիսյանը կալանովրվել էր զորամասում զինվորի մահվան դեպքով։

Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրի ներքո: Նա ներկայացրել է, թե ինչ է կառուցվում Գեղարքունիքի մարզում, մասնավորապես վերակառուցվում է Գավառի 2-րդ հիմնական դպրոցը, հիմնանորոգվում են Սեւան-մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը, Երանոսից Լիճք 7կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

Արդեն որերորդ անգամ չի հաջողվում լիարժեք պայթեցնել «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը: Այսօր հերթական փորձն էր, եւս մեկը եղել էր 4 օր առաջ։ Միայն  առաջին փորձն էր հաջողությամբ պսակվել, երբ պայթեցվում էր կենտրոնական հատվածը:

Խոսրովի արգելոցում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ծոծրակի քորը հաղթահարում այնտեղ բնակվող կովկասյան գորշ արջը։ Նա պարբերաբար մոտենում է ժայռի տակ աճած ծառին եւ նրա օգնությամբ ինքնամերսվում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով եւ կազմել  484.64 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.58 դրամով ու հասել 568.29 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.94 դրամով ու հասել 623.93 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  ու կազմել 6.71 դրամ։

Հուլիսի 29-ին Հայաստանի զգալի մասում, նաեւ մայրաքաղաքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում՝ նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Երեւանում այս գիշեր սպասվում է 23-25 աստիճան զրոյից բարձր, վաղը ցերեկը՝ +33-ից +35 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ