News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


88 թվականից ի վեր մենք Արցախի հարցի լուծումը տեսնում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա, սա է Արցախի հարցի լուծման բանաձեւը, եւ ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է հարցը տեղափոխել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ դաշտ է։ Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այդ դաշտում, այդ սկզբունքի շրջանակում հարցն ուղղակի լուծում չունի։ Մեզ համար բարենպաստ լուծում։ Իմ մտահոգությունը պայմանավորված է այն բանի հետ, տպավորություն այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ, թե Հայաստանի այսօրվա իշխանությունը ի՞նչ սկզբունքների վրա է տեսնում լուծումը։ Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Հասկանում եմ, որ ինչ-որ տեղ ալեգորիկ նշանակություն ունի Հայաստանի այս իշխանության համար, բայց, փաստացի, Արցախը վերածվել է Հայաստանի մարզի կարգավիճակի։ Եվ երբ սրան զուգահեռ ասվում է, որ պետք է լուծում, որը կբավարարի կոնֆլիկտի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ՝ ինչպես ենք մենք համատեղում «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւը այն լուծման հետ, տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին։ Ես չեմ գտնում այն կետը, որտեղ հատվում են այդ երկու բանաձեւերը, պրոբլեմը սրա մեջ է։ Եվ կարծում եմ, հենց այդ թելն է կտրվել Արցախի հարցի լուծման հետեւողական, տրամաբանված բովանդակության մեջ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի հրաժարվում Ղարաբաղից, Ադրբեջանի եւ իշխանության, եւ հասարակության կողմից որեւէ հայտարարություն նման հույս չի տալիս։  Ի դեպ, ես 88 թվից չեմ լսել որեւէ ադրբեջանցու հայտարարություն, որ, ի վերջո, Ղարաբաղը կարող է եւ ինքնորոշվել, ինքնուրույն պետականություն ունենալ։ Չի եղել այդպիսի բան։ Հիմա, իշխանության առաջ քաշած բաանձեւերով կամ պետք է Ղարաբաղը հրաժարվի անկախության գաղափարից կամ Ադրբեջանը պետք է համաձայնի Ղարաբաղի անկախությանը։ Չկա ոչ այն, ոչ էլ մյուսը։ Ոչ Ադրբեջանում եմ տեսնում նման մտադրություն, ոչ էլ Ղարաբաղում եմ տեսնում նման մտադրություն։ Հիմա հարց է առաջանում՝ ինչ սկզբունքերի շուրջ է այս հարցը լուծում ստանալու։  Ինձ համար հասկանալի չէ, եւ սա մեծ մտահոգություն է առաջացնում։ Որովհետեւ մենք համանախագահողներին հնարավորություն ենք տալիս իմպրովիզացիայի լայն միջանցք ունենալ։ Եվ, ի դեպ, պատահական չէ, երբ վերակենդանացվեց ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հանգամանքը, նաեւ, իմ տպավորությամբ, պատահական չէ, որ Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության մեջ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ ԼՂՀ ժողովուրդ բառերը։ Կա ազգաբնակչություն կամ բնակչություն։ Եվ սա բավական հետաքրքիր ձեւով կապվում է ադրբեջանական համայնքի ներկայացուցչի վերակենդանանալու հանգամանքի հետ։ Միգուցե պատահականություն է, բայց շատ մտահոգիչ պատահականություն է», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«2 տարի իշխանությունը շեշտը դնում է մի կարեւոր գործոնի վրա՝ բանակցություններին պետք է մասնակցի Արցախի ներկայացուցիչը եւ Հայաստանը բանակցություններին չի մասնակցի, մինչեւ Արցախի ներկայացուցիչը չմասնակցի»՝ լրագրողի հիշեցմանն արձագանքելով, Ռոբերտ Քոչարյանն ասել է․ հիմա մենք խոսում ենք հայտարարությունների՞ մասին, թե՞ փաստերի․

«Այդպիսի հայտարարություններ հնչել են, հետո ունեցել ենք երկարատեւ, ժամերով տեւող բանակցություններ, որոնք, պարզվում է, բանակցություններ չէին, չգիտեմ ինչ էին։ Ունենք հայտարարություններ եւ ունենք փաստեր, որոնց կապը ես չեմ տեսնում։ Ինձ անհանստացնում է այն ամենը, ինչը տրամաբանված չէ, որովհետեւ անտրամաբանական ելույթների մեջ դու տեսնում ես նաեւ միտումնավոր հնարավորություն կամ ուղղակի հարցի կարգավորման էությունը չհասկանալով, երկուսն էլ վտանգավոր՝ եւ միտումնավորությունը եւ, երբ մարդիկ չեն հասկանում հարցի էությունը, բայց զբաղվում են դրանով»։

«Իսկ այս կետից ինչը պետք է փոխվի՝ ձեւաչափեր, շեշտադրումներ, թեզեր, որ հնարավոր լինի ձեր հիշատակած ինքնորոշման ռազմավարությանը վերադառնալու համար»՝ հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել է․ ուղղակի պետք է կարդալ ԼՂՀ անկախության հռչակագիրը․

«Բանակցություններում բոլոր քայլերը պետք է բխեն այդ հռչակագրից։ Որովհետեւ Արցախի Հանրապետության ձեւավորման իրավական հիմքերն անխոցելի են։ Իրականում են անխոցելի։ Ամեն ինչի համար ինչ-որ հիմք է պետք, ինչի վրա ես հենվում քո քայլերում, եթե այդ հիմքերը չկան կամ օրական մի հիմք ես գտնում կամ մտավարժանքների արդյունքում ուզում ես ինչ-որ օրիգինալ բաներ ասել, որոնք հարցի էության հետ որեւէ աղերս չունեն, դրա հետեւանքները լավ չեն լինում։ Կրկնում եմ՝ վերադառնանք ԼՂՀ հռչակագրին եւ մեր բոլոր քայլերը տեղավորենք այդ հռչակագրի շրջանակում։ Եվ երբեք խնդիրներ չենք ունենա, մենք իրար չենք հակասի, այսօրվա քայլերով չենք հակասի 3 տարի առաջվա քայլերին։ Հետեւողական, հասկանալի եւ կանխատեսելի», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Խնդրի կարգավորման հիմնական ռազմավարությանը վերադառնալ, ՀՀ 2-րդ նախագահը հնարավոր է համարում։

«Չեմ կարծում, որ հնարավոր է հետ բերել առանց կորուստների, լինի բանակցային դիրքերում կամ ժամանակի կորուստը, բայց ասել թե հետդարձը հնարավոր չէ, այդպես չէ։ Իմ տպավորությամբ, իշխանությունը սկսել է ինչ-որ բան հասկանալ, համենայն դեպս, Տավուշի դեպքերին արձագանքը ցույց է տալիս, որ սկսել են ինչ-որ բան հասկանալ։ Հասկանալ, որ ինչ-որ բան այն չեն անում։ Դա միգուցե սթափեցնող հանգամանք էր, սպասենք եւ տեսնենք»։

Ալիեւի հայտարարությունը, թե Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու իմաստը չի տեսնում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, չպետք է համարենք ողբերգություն։

«Բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը, սա հայտնի ճշմարտություն է։ Բայց ենթարկվել որեւէ շանտաժի, իսկ ես դա շանտաժ եմ համարում, չի կարելի։ Սա այն դեպքն է, որ պետք է սկզբունքայնություն ցուցաբերվի, նույնիսկ ռիսկերի պարագայում։ Ռիսկեր, այո, կան, բայց մենք 88 թվից միշտ եղել ենք ռիսկային իրավիճակներում, եւ մենք գնացել ենք այդ ռիսկերին։ Ռիսկ կա, շանտաժին չպետք  է ենթարկվենք, չեն ուզում բանակցել՝ չենք բանակցի, երբ կհասկանան, որ բանակցություններին այլընտրանք չկա, կվերադառնանք բանակցությունների, այսպիսի կապրիզների գերին չպետք է դառնանք որեւէ պարագայում», ընդգծել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«ԱԱ ռազմավարությանը կցված է վարչապետի ուղերձը՝ որպես փաստաթղթի մի մաս, որտեղ Արցախի Հանրապետության մասին խոսք կա, թերեւս այդ կերպ են փոխհատուցել ԱԱՌ-ում Արցախի Հանրապետություն եզրույթի բացակայությունը»՝ լրագրողի դիտարկմանը Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է․ կարելի էր լայվի տեսագրությունը կպցնել կամ մի շարք լայվերի տեսագրությունը, եւ ասել՝ դա ռազմավարության մաս է կազմում։

«Չեմ հասկանում մոտեցման այդ ձեւը․ կա ռազմավարություն, կոնկրետ փաստաթուղթ, որն ուսումնասիրվելու է այլ երկրներում եւ այստեղ ընդունվելու է որպես պետության մոտեցում գալիք տարիների համար։ Հիմա թե ինչ ելույթ են կցել հետը, ինչ ելույթ է, ում ելույթն է, դա արդեն էական չէ։ Այսօր բոլոր հարցերում իշխանություններն ուզում են զրոյական կետից սկսել, բայց երեւի նկատել եք, որ այդ բոլոր հարցերում վերադառնում են այն կետին, որից ընդունել են իշխանությունը։ Օրիգինալ լինելու ցանկությունը տեղին չէ եւ լավ տեղ չի տանելու, անպայման նոր էջից սկսելը լավ բանի չի բերելու», ասել է ՀՀ 2-րդ նախագահը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ