News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Առավոտյան հայկական զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Պաշտպանության նախարարության  խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանել է, որ նպատակը զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու կարողությունը ստուգելն է, նաեւ կրակի կառավարման մարզումները: Ռազմական փորձագետները Հայկական բանակի զգոնության բարձր մակարդակի բերելը պայմանավորում են թուրք-ադրբեջանական վարժանքներով։

Արցախում գտնվող պաշտպանական գերատեսչության ղեկավարն արձագանքել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, թե՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները», նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը: Իսկ Զաքիր Հասանովի՝ Ալիեւի համապատասխան հրամանին սպասելու պարբերական հոխորտանքներին ի պատասխան, Դավիթ Տոնոյանը նշել է՝ հայկական բանակը եւս սպասում է հրամանի:

Նոր արկածախնդրության դեպքում Ադրբեջանի համար վատ հետեւանքների մասին է NEWS.am-ի հետ խոսել նաեւ պաշտպանության փոխնախարարը։  Գաբրիել Բալայանը, որ մասնակցում էր զոհված զինծառայող Աշոտ Միքայելյանի հուղարկավորությանը, նշել է, որ հակառակորդի դիպուկահարային ակտիվությունը եւս անպատիժ չի մնում։

Օրվա առաջին կեսին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ մինչեւ վերջերս իր ղեկավարած գերատեսչություն բացատրություն տալու հրավերն էր։ Վանեցյանը 51 տարեկան փոխգնդապետին վերականգնել էր  պաշտոնում, մինչդեռ ծառայության սահմանային տարիքը 50-ն է։ Փաստաբան Լուսինե Սահակյանն այս քննությունը ծաղր է համարում օրենքի նկատմամբ, քանի որ անձը 50 տարին լրանալուց հետո իրավունք ունի 5 տարով այդ ժամկետը երկարացնել, ինչն էլ արվել է: Եթե նույնիսկ խախտում է եղել, այն քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող, պնդել է Սահակյանը:

Ինքը՝ Վանեցյանը լրագողներին ասել է, թե իրեն ԱԱԾ են հրավիրել մի անհեթեթ գործի շրջանակում եւ կարող էր նույնիսկ չներկայանալ, հարգելով ինստիտուտը՝ ներկայացել է, բայց հրաժարվել բացատրություն տալուց: Գործն, ըստ նրա, ոչնչի մասին է, շինծու է եւ հետապնդում է քաղաքական նպատակներ:

Արթուր Վանեցյանը չի բացառում, որ առաջիկայում հանդիպումներ ունենա  բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում բոլոր երեք նախկին նախագահների հետ:

Երկիրը շատ բարդ, ծանրագույն իրավիճակում է, ասել է նա եւ կանխատեսել քաղաքական բուռն գործընթացներ: Իր դեմ քրեական գործ են հարուցում, քանի որ իրենից սարսափած են, ավելի ուշ հայտարարել է Վանեցյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ վկայակոչել է այն օրենքը, որը ենթադրաբար խախտել է ծառայության նախկին ղեկավարը։ Նշվել է, որ ծառայողական քննությամբ ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ:

Ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել ԲՀԿ խմբակցությունը լքելու պատճառների մասին, նշել, թե տևական ժամանակ իր քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումներից։ Բագրատյանը շեշտել է, թե տասնամյակներով է պայքարել Նոր Հայաստանի հայտարարած արժեքների համար եւ շարունակելու է պայքարել, մանդատն էլ վայր չի դնելու, որովհետեւ ստացել է ժողովրդից։

Երբ մանդատը պահելու մոլուցքը վեր է տղամարդկային ու բարոյական բոլոր արժեքներից․ արձագանելով նախկին կուսակցին՝ գրել է ԲՀԿ-ից պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Դիրքորոշման էական տարբերությունների մասին խոսում է մի մարդ, որը ԲՀԿ քաղխորհրդի մինչև վերջին  նիստը իր անվերապահ աջակցությունն ու համաձայնությունն է հայտնել բոլոր որոշումների վերաբերյալ: Ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է», գրել է Տոնոյանը։

Նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը չի հիշում, որ Սերգեյ Բագրատյանը երբեւէ տարաձայնություն ունենար կուսակցության որոշումների հետ։  «Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում», գրել է Աբովյանը։

Հայաստանում արդեն մահացել է 966 կորոնավարակակիր։ Նախօրեին մահացել է 13 մարդ, ամենաերիտասարդը՝ 41 տարեկան տղամարդ։ Նրանցից 3-ն, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է այլ հիվանդությունից։ Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 354-ով եւ հասել 38550-ի:

Ցավով պետք է արձանագրեմ, որ կորոնավիրուսի պատճառով այս տարի չենք կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը,  շրջակա միջավայրի նախարարությունում ներկայացնելով նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանին, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սեւանի ծաղկելու մասին էլ Փաշինյանը շեշտել է, որ լճի խնդիրները տասնամյակների պատմություն ունեն։

Համաշխարհային մամուլում խորանում են Ուեսթ-Քարդաշյան զույգի բաժանման մասին կասկածները։ Քանյե Ուեսթը միայնակ մեկնել է Վայոմինգում գտնվող իր ռանչոն՝ նախագահական արշավով ու երաժշտությամբ զբաղվելու համար, նրան հետեւել է նաեւ Քիմը, սակայն հեռուստաաստղի այցը երջանիկ վերամիավորման չի վերածվել։ Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Քիմը բախվել է  ամուսնու երկբեւեեռ խանգարման սրման հետ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով ու կազմել  485.33 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.20 դրամով ու հասել 575.46 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.77 դրամով ու հասել 637.53 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով  ու կազմել 6.57 դրամ։

Օգոստոսի 1-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու եւ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Վաղը եւ մյուս օրը Հայաստանի մեծ մասում, նաեւ մայրաքաղաքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +33+35:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ