News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ անմիջապես շփումներ չեմ ունեցել պարզ պատճառներով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեզ համար այժմ շատ էական է, որ մենք լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան եւ նախապատրաստվենք մեր աշխատանքի հաջորդ փուլին: Ես հիշեցնեմ, որ նախորդ մեր հանդիպումը հունվարի վերջին էր, եւ մենք բոլոր ուղղություններով ունեինք բավական երկար, բովանդակալից եւ խորքային աշխատանք: Եվ պետք է անցնեինք հաջորդ փուլերին, որին մենք բացարձակապես պատրաստ էինք, բոլոր այն ուղղություններով, որոնց մասին ես խոսում էի»,-ասել է նախարարը՝ ճշտելով, որ խոսքը Ադրբեջանի արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին է:

«Այդ հանդիպումը ի դեպ, պետք է լիներ դեռեւս գարնանը. մենք այդպես էինք նախատեսում: Բայց այս համավարակը իրապես խանգարեց եւ բերեց նոր իրողությունների, նոր զարգացումների, ներքաղաքական տարբեր արտահայտումների, նաեւ այս իրավիճակին հենց Ադրբեջանում:

Ինչ վերաբերում է նոր նախարարին, ես առիթ չեմ ունեցել իրեն հանդիպելու, ես, իհարկե, սպասում եմ այդ հանդիպմանը: Սկզբունքորեն պատիվ ունեմ այսօր քաղաքական պատասխանատվություն կրելու, տանելու այս բանակցային գործընթացն արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Ես արտահայտել եմ այն բոլոր մոտեցումները, որոնք Հայաստանի դիրքորոշման հիմքում են, եւ պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական եւ պատասխանատու անձի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ