News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կուրթանցի Մեխակը, որին վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ հանդիմանել էր աշխատել եւ ինքնուրույն տուն ստեղծել իրեն այդ հարցով դիմելու փոխարեն, ընտանիքի հետ արդեն տեղափոխվել է բարերարներից ստացած նոր տուն։ Տունը Առաքելյաններին են նվիրել երկու բարերար արտերկրից՝ նրանց սոցիալական վատ վիճակի մասին հրապարակումը տեսնելուց հետո։

«Ձեր եկած օրը՝ գիշերը, մենք չենք քնել։ Թե ինչքան զանգեր են եկել արտերկրից, Եվրոպայից, չենք կարողացել քնել։ Մեկը տուն ա ասում, մեկը՝ մի ապրանք, մեկը՝ մի բան կօգնենք։ Էդպես օգնելով մեզ ոտքի հանեցին։ Էդքան ահավոր տեղից, մենք մթից, խավարից դուրս եկանք լույսն ընկանք»,- ասում է Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը։ 

Մեխակի 10 հոգանոց ընտանիքը նեղ, փտած հատակով, փլվող առաստաղով վագոն-տնակի փոխարեն այժմ ընդարձակ, երկհարկանի տանն է ապրում նույն գյուղում։ Տունը կահավորել են բարերաների օգնությամբ։ Բացի այդ՝ 1 հա հողատարածք են նվեր ստացել, որտեղ  պատրաստվում են ցորեն ցանել։ Տնամերձ հողատարածքն էլ արդեն մշակել են, հասցրել են առաջին բերքը ստանալ։ Անասնագոմ ունեն ու տեղափոխվելուց հետո տարբեր ծրագրերով երկու խոզ եւ մեկ խոշոր եղջերավոր են ստացել։ Մեխակը հրապարակումից հետո բուժման անվճար կուրս է անցել, հիմա, թեեւ ամբողջովին չի ապաքինվել, բայց համեմատաբար ավելի լավ է զգում։ Մտադիր է ավելացնելու իր ունեցած անասունների քանակը, հողամասը մշակելու՝ ապրուստ վաստակելու համար։

«Պատճառն էս տունն էր, որ չունեի, իմ դուխն էլ ընկած էր։ Համ առողջական չունեի, դոմիկում էինք ապրում, ոնց որ թեւաթափ եղած լինեի։ Հիմա ոնց որ երազ լինի սա, չէի հավատում, որ տեղափոխվեցի էստեղ։ քնում, վեր էի կենում, չէի հավատում, որ ես սենց տան մեջ եմ, 30 տարվա կյանքումս չէի պատկերացնում, որ կապրեմ էս ձեւի տան մեջ։ Իմ համար էս պալատ ա»,- ասում է Մեխակը։

Ապրելու բարվոք պայմանները դրական են անդրադարձել նաեւ ընտանիքի 4 փոքրիկների առողջական վիճակի վրա։ Պատմում են, որ եթե նրանք առաջ խոնավ պայմաններից հաճախ էին հիվանդանում, նոր տուն տեղափոխվելուց հետո ոչ մի առողջական խնդիր չեն ունեցել։ 

Առաքելյաններն այս ընթացքում նաեւ ընտանիքի նոր բարեկամներ են ձեռք բերել, որոնք պարբերաբար օգնում են նրանց։ Վերջին օգնությունը արեւային ջրատաքացուցիչն է եղել, որը տեղադրելուց հետո կնվազեն նրանց կումոնալ վճարները։ Իսկ Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը, աշխատանքի է ընդունել գյուղի կարի ֆաբրիկայում, որը, թեեւ կորոնավիրուսի օրերին փակ է, բայց շուտով կվերաբացվի։ 

Մեխակն արդեն մտածում է ապրուստի բավարար միջոցներ վաստակելուց հետո իր պես անապահով ընտանիքներին օգնելու մասին։

Տպել
Ամենաշատ