News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է Ֆեյսբուքի հայկական տիրույթի քննադատությունների թիրախում։ Օգտատերերը «Հայկո ջան, սիրուն չի» հեշթեգով քաղաքապետին հիշեցնում են, որ տարիներ առաջ ինքն էր պայքարում Մաշտոցի պուրակի ծառերի հատման դեմ, իսկ հիմա, երբ քաղաքապետ է, էլի ծառեր են հատվում։ Նրանք 2012թ․-ի տեսանյութ են հրապարակել, որտեղ Հայկ Մարությանը պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար։

Օրեր առաջ՝ հուլիսին 31-ին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել և գրել, որ Մաշտոցի պուրակում կատարվողը ճիշտ չի համարում։

«Այգու մեջ քարով, բետոնով շենք, կտրված ու խեղված ծառեր։ Էս ամենի պատասխանը պահանջում եմ շինթույլտվություն տվողից և ծառ կտրելու իրավունք տվողից»,- ասել էր նա։

NEWS.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ չգիտի, թե ինչ կազմակերպություն է այդ տարածքում շինարարություն անցկացնում, բայց ընդգծեց, որ այդ տարածքը վաղուց վարձակալած է։

«Երկու և ավելի տասնամյակ առաջ այդտեղ վարձակալության պայմանագիր է գործել, մեզանից առաջ, և դեռ մեկ, երկու տասնամյակ այդ վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է լինելու։ Այնտեղ եղել է սրճարան, ես որ հիշում եմ՝ առնվազն 1998թ․-ից է սրճարանը եղել և 2019թ․-ի աշնանը դիմել են, որպեսզի նույն ծավալների մեջ ստանան տարածքի բարելավման թույլտվություն»,- նշեց Հակոբ Կարապետյանը, ապա հավելեց․

«Նույն սեփականատերն է, որը տարիներ շարունակ այդ տարածքում այդ ծավալների մեջ սրճարան է շահագործել։ Այսինքն՝ սեփականատիրոջ և ծավալների փոփոխություն տեղի չի ունեցել»։

Ինչ վերաբերում է ծառերի հատմանը, Հակոբ Կարապետյանն արձագանքեց․

«Կարծում եմ՝ ինչքան էլ որ տարածքը զգայուն է, մարդկանց անկեղծ մտահոգությունները հասկանալի են, սակայն պետք է նշեմ, որ մտահոգության հիքմերը մի քիչ խարխուլ են և չափազանցված է այս հետաքրքրությունը, որովհետև տարածքում կանաչ զանգվածը չի կրճատվում»։

Երևանքի քաղաքապետի խոսնակը հղում արեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր՝ հատված ծառերը անառողջ էին ու ոչ կենսունակ։

«Թե ինչի հետևանքով են վնասվել, դա մասնագետները չեն նշում, հնարավոր է ագրեսիվ միջավայրի, հնարավոր է այդ 20 տարվա ընթացքում բետոնի մեջ պարփակված լինելու, կամ վերջին մի քանի ամիների ընթացքում շինարարության հետևանք են եղել։ Համենայնդեպս ծառերը վնասված են և անկեսունակ։ Ընդհանրապես թեղի ծառատեսակը անցանկալի է մի շարք պատճառների բերումով, և նպատակ կա աստիճանաբար այդ ծառատեսակը դուրս բերել քաղաքի կանաչապատման ֆոնդից և փոխարինել այլ ծառերով։ Կոնկրետ այդ տարածքում այդ չորս հատված թեղիների փոխարեն, փոխհատուցվող կանաչապատման շրջանակներում կառուցապատողը գրավոր պարտավորվել է 9 սոսի տնկել և դրանք պետք է լինեն ոչ թե բարակ, նեղ, փոքրիկ ճյուղեր, այլ պետք է լինի 10-15 սմ տրամագիծ ունեցող բնով տնկիներ, որոնք տնկվելու պահից կարելի է ծառ համարել, չհաշված, որ 2-3 տարի հետո իրենք լուրջ ծառեր կդառնան»,- հավելեց Հակոբ Կարապետյանը։

Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի» ՀՈԱԿ-ի հաղորդագրության՝ տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը:

«Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո: Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»,- ասվում էր հայտարարության մեջ։

Տպել
Ամենաշատ