News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանը լեգիտիմ է համարում ՍԴ դատավորի պաշտոնից Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների վաղաժամ դադարեցումը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Արթուր Վաղարշյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում իրավաբանորեն կբացատրի, թե ինչու է այդպես կարծում։

«Ազգային ժողովում այդ հարցադրումը կլինի և դրա իրավաբանական բացատրությունը կտամ»,– ասաց նա։

Հարցին՝ արդյոք իրեն համոզե՞լ են թեկնածությունն առաջադրելու հարցում, թե՞ անմիջապես ընդունել է առաջարկը, Վաղարշյանը պատասխանեց.

«Ինչու՞ պետք է համոզեն, նախորդ մրցույթներին, երբ առաջադրվում էի, հո ինչ–որ մեկը ինձ չէ՞ր համոզում, ասում, արի՝ մասնակցի։ Մի քանի մրցույթի մասնակցել եմ, չեմ անցել, որոշումը ես եմ կայացրել, ոչ թե ինձ ասել են գնա՝ դիմի»։

Նշենք, որ նախորդ տարվա մայիսին ԱԺ–ում, երբ քննարկվում էր ՍԴ դատավոր ընտրելու հարցը, Վաղարշյանն իր ելույթում հայտարարեց, որ քաղաքական խարդավանքերի մեջ չի մտել, մրցույթին որոշել է մասնակցել «հեղափոխական ռոմանտիկ շրջանում՝ մայիսին»։

Հարցին՝ արդյոք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը քաղաքական խարդավանքների արդյունք չէ՞, ՍԴ դատավորի թեկնածուն պատասխանեց.

«Ես օրենքով եմ գնում, սա գործադիր իշխանության պաշտոն չէ, որ քաղաքականացված լինի գործընթացը»։

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Արթուր Վաղարշյանին ՍԴ դատավորի պաշտոնին առաջադրելու վերաբերյալ գրությունը: Վաղարշյանի թեկնածությունը նախագահի կողմից առաջադրվել էր նաև նախորդ տարի մայսին և մերժվել ԱԺ–ում 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ։ Արթուր Վաղարշյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչը։

Նշենք, որ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուներին պետք է ընտրի ԱԺ-ն՝ 3/5-րդ ձայներով:

Կառավարությունն արդեն ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին։ Նրա հետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել։

Դատավորների ընդհանուր ժողովը նույնպես ներկայացրել է իր թեկնածուին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ