News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիպրոսի բարձրաստիճան դիվանագետը վիրավորվել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հաղորդում է Կիպրոսի լրատվական գործակալությունը` վկայակոչելով Լիբանանի մայրաքաղաքում Կիպրոսի Հանրապետության դիվանագիտական ​​առաքելության գծով հերթապահ աշխատակից Սերժ Բո-Սամրային:

Վերջինիս խոսքով` «վիրավորվել է դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը», սակայն տուժածի անունը չի նշվել: Բու-Սամրան հայտնել է, որ իրեն տեղափոխել են հիվանդանոց, սակայն միեւնույն ժամանակ շեշտել է, որ դիվանագետի վնասվածքը լուրջ չէ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հերթապահ աշխատակիցը նաեւ հայտնել է, որ պայթյունը վնաս է հասցրել դեսպանատան շենքերին եւ Կիպրոսի դեսպանի նստավայրին:

Բեյրութում Կիպրոսի դեսպանատան կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` միակ կինը, ով Կիպրոսի բարձրաստիճան դիվանագետ է, առաքելության եւ հյուպատոսի ղեկավարի տեղակալ Էլենի Պապանիկոլաուն է:

Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը Al Jazeera-ին հայտնել է կազմակերպության 48 աշխատակցի մասին, ովքեր տուժել են պայթյունից: «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից եւ նրանց ընտանիքների 27 անդամ»,- ասել է Հաքը:

Երեքշաբթի օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Վերջին տվյալներով` պայթյունի զոհ է դարձել առնվազն 78 մարդ, վիրավորվել է 4 հազար մարդ: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ