News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց: Այս մասին հայտնում են հանձնակատարի գրասենյակից:

Այսօր՝ վաղ առավոտից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և անձամբ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կապ են հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում:

Ըստ համայնքից ստացված տեղեկատվության՝ այժմ համայնքում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն:

Համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը: Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ:

Այսօր երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունենալու հավաք համայնքային ղեկավարների հետ, որի ընթացքում կքննարկվեն հենց այս հարցերը:

Արամ Ա կաթողիկոսը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լիբանանում և հայ համայնքի շրջանակներում ընդհանուր իրավիճակը, խոսվել է զոհերի և վիրավորների մասին: Այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելու ուղղությամբ, որը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Գլխավոր հանձնակատարը Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ է համակարգային ձևով աշխատելու համար:

Կարիքների հիման վրա մեր գրասենյակի կողմից կատարված վերլուծությամբ՝ կառաջարկվեն աջակցության ընթացիկ ուղիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ