News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Այս սրճարանի կառուցումն ինքնանպատակ չէ, այն Երևանը կրկին գեղեցկացնելու, բարեկարգելու մի ծրագիր է, ուստի կարծում եմ, որ հանրության ուշադրությունը պետք է անպայման հրավիրել այդ հարցին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Եսոյանն՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակի մուտքի հատվածում կառուցվող սրճարանի շուրջ բարձրացված աղմուկին։

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շինարարության թույլտվություն է տվել, ըստ որի Մաշտոցի պուրակի սկզբնամասում նախկինում գործող սրճարանի տեղում ավելի փոքր մակերեսի վրա կառուցվում է սրճարան և  բարեկարգվելու է նաև Մաշտոցի պուրակը։ Ընկերության դիրքորոշումն է, որ տվյալ շինարարական աշխատանքները իրականացվում են շինարարության թույլտվությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծի ծավալների շրջանակում և այդ ծավալներից շեղումներ չկան։ Սակայն, քանի որ քաղաքապետը նշեց ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկություններ, հարգելով քաղաքային իշխանությունների մոտեցումը, որ եթե կան շեղումներ, ապա պետք է ուշադիր լինել, մենք նույնպես լրացուցիչ տեխնիկական հսկողություն ենք ներգրավել, որպեսզի պարզենք՝ կապալառու ընկերությունը արդյո՞ք շեղում թուլ տվել է, թե՞ ոչ, եթե շեղում կա, մենք շատ շուտ կշտկենք, և այդ շեղումները կվերացնենք»,- ասաց կառուցապատող ընկերության ներկայացուցիչը, նաեւ պնդել, որ «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն վստահ է՝ նախագծի ծավալներից որևէ շեղում չկա։

Այնուամենայնիվ, Արմեն Եսոյանը չի հերքում, որ շինհրապարակը մասամբ աղտոտված է եղել, և ընկերությունը դա նկատելով, սկսել է շինհրապարակի տարածքի մաքրման աշխատանքները։ Մեր նկարահանող խումբն այսօր եղել է շինհրապարակում և արձանագրել, որ 4 շինաշխատողներ տարածքը մաքրում են։

«Այդ մասով քաղաքապետարանում կազմվել է արձանագրություն և, ինչպես քաղաքապետը նշել է, իրականացվում է վարչական վարույթ»,- հավելեց պարոն Եսոյանը։

Ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ որևէ պաշտոնական փաստաթղթով ներկայում շինարարական աշխատանքները կասեցված չեն։

«Մենք կաշկանդված չենք ներկայում շինարարական որևէ աշխատանքների փաստով, առաջիկա օրերին շարունակելու ենք շինարարական աշխատանքները։ Հիմա ընդամենը մաքրման աշխատանքներ ենք կատարում»,- ընդգծեց նա։

Նա հղում է անում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ երեկվա ասուլիսից հետո քաղաքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրությանը, որում ասվում է․

«Տարածքում արդիականացման թույլտվությունից հետո քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության աշխատակիցները 4 անգամ խախտումներ են հայտնաբերել և վարչական տույժի են ենթարկել կառուցապատողին՝ այս տարվա փետրվարին, մայիսին և հուլիսին (երկու անգամ): Վերջին տուգանքը կազմվել է հուլիսի 23-ին: Ներկայում ոուսումնասիրվում են խախտումների ծավալները և դրա հիմքով համապատասխան իրավական հետևանքները՝ ընդհուպ շինթույլտվության կասեցում»։

«Հիմա ասյտեղ չի նշանակում, որ դեռ կա շինարարությունը դադարեցնելու որևէ որոշում»,- հավելեց նա։

Նկատենք, որ օգոստոսի 4-ին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադառնալով Մաշտոցի պուրակում սրճարանաի կառուցապատմանն ասել էր․

« Շատ հաճախ շինթույլտվություն ստացած կազմակերպությունները սկսում են շեղվել շինթույլտվությունից, նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ․․․․Այստեղ մինչև երեկ 4 արձանագրություն է եղել, մեկը՝ փետրվարին, մեկը՝ մայիսին, երկուսն էլ՝ հուլիսին։ Այս պահին վերջին արձանագրության հետ կապված եղել են շեղումներ իր քաղաքաշինական փաստաթղթերից, շինթույլտվությունից, նաև ուսումնասիրություն է բացվել՝ ինչ չափի են շեղումները։ Այսօրվանից դադարեցված են աշխատանքները հուլիսի 23-ի արձանագրության հիման վրա»։

Սրճարանի կառուցապատման ընթացքում 4 թեղի է հատվել։ Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի հաղորդագրության, մասնագետների գնահատմամբ, դրանք անառողջ և ոչ կենսունակ էին։ «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն ընդգծում է, որ ընկերությունը ցանկություն չուներ որևէ ծառ հատել, իրենք շահագրգռված են, որ ավելի շատ ծառեր լինեն։ Մեր դիտարկմանը, թե «Առավոտ» լրատվական կայքի հետ զրույցում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է, թե Մաշտոցի պուրակի ծառերը կենսունակ էին, դարձել են անկենսունակ, երբ ծանր տեխնիկան դրանք վնասեց, և ապա քաղաքապետի գրչի մի հարվածով դարձան անկենսունակ, ընկերության ներկայացուցիչն արձագանքում է․

«Այդ ծառերի հատման որոշումները կայացրել է հենց այդ մարմինը, և եթե չեմ սխալվում այդ ժամանակաշրջանում պարոն Բեգոյանն է ղեկավարել այդ մարմինը։ Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ շինարարական աշխատանքների ընթացքում շինարարը կամ մեր ընկերությունը կարող էր վնասել, անհեթեթություն է, որովհետև ոչ մի շահագործող սրճարանի տնտեսվարող չի ուզենա նույնիսկ մեկ թուփ պակասի իր տարածքից, դա անտրամաբանական է»,- ասաց նա։

Անդրադառնալով սրճարանի կառուցապատման շուրջ բարձրացված աղմուկին, Արմեն Եսոյանը հիշեցնում է 8 տարի առաջ պուրակի պահպանման ակցիաները։

«Այս բարձրացված աղմուկն ինձ թվում է, թե թյուր կարծիք է ձևավորել հանրության մեջ, որ ներկայումս ևս Մաշտոցի պուրակի կանաչ գոտին նվազեցվում է, սակայն այդ աղմուկը սխալ է բարձրացվել, որովհետև կանաչ գոտին նախ չի նվազում, երկրորդ՝ եթե չեմ սխալվում, այդ նույն տեղում սրճարանը գործել է ավելի քան 60 տարի։ Բացի դրանից, մեր ընկերությունը հրաժարվել է իր օգտագործման և սեփականության իրավունքով հողատարածքներից և անշարժ գույքից, որպեսզի ավելի մեծ լինի կանաչ գոտին, ինչպես նաև, որպեսզի նոր կառուցված, ավելի գեղեցիկ սրճարան ունենանք»,- ընդգծեց նա։

Կառուցապատողը սրճարանի շինարարությունը սկսել է ավելի քան 4 ամիս առաջ, սակայն, համավարակից ելնելով, որոշ ժամանակ դադարեցվել է աշխատանքը, ապա վերսկսվել։

Ներկայում ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը և կառուցվող սրճարանները բաղկացած են 296 քառակուսի մետր մակերեսով տարածքից։ Նախկինում սրճարանի տարածքը կազմել է ավելի քան 1600 քառակուսի մետր։

Քաղաքապետարանի կողմից «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունք է տրվել մինչև 2040թ․-ի դեկտեմբեր 30-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել