News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին․ երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։  Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Այս մասին ասված է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տարածած հաղորդագրությունում։

«Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում են առավելապես բարոյական զորակցության կոչեր, ինչն իսկապես շատ կարևոր է, բայց, խնդրի ծավալները հաշվի առնելով, անհրաժեշտ է նաև գործուն աջակցություն», նշել է Արմեն Գեւորգյանը եւ առաջարկել․

«Բեյրութի մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել կառավարական օպերատիվ շտաբ, որը կհամակարգի ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր և հասարակական այն կառույցների գործունեությունը, որոնք ցանկություն կհայտնեն՝ մասնակցել մեր հայրենակիցների աջակցության խնդրին։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աղետի հետևանքների վերացումը ծանր և երկարատև աշխատանք է ենթադրում։

ՀՀ Նախագահին՝ անցկացնել հեռավար քննարկումներ՝ հայկական առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ջանքերի համակարգման և օգնության առաջնահերթությունների որոշման համար։

Ձևավորել կապի և տեղեկատվության օպերատիվ խողովակ՝ ԱԳՆ-ում կամ կառավարման օպերատիվ շտաբում՝ քաղաքացիների համար։

Նույնիսկ այսօրվա՝ պետության համար դժվար ֆինանսական պայմաններում կառավարության պահուստային ֆոնդից գումար առանձնացնել՝ աջակցության անհետաձգելի նպատակների համար։

Բացել հատուկ հաշիվ՝ նվիրատվությունների համար՝ Բեյրութի հայերին աջակցելու նպատակով։

Պետությունը պետք է աշխատի հայ մեծահարուստների հետ, որոնք արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ աջակցության ձեռք են մեկնում բեյրութահայերին, որպեսզի այդ աջակցությունը հնարավորինս հասցեական և նպատակային դառնա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մշակել հատուկ ծրագիր՝ Լիբանանի հայ համայնքին օգնելու համար։ Օրինակ՝ համայնքի կրթական, մշակութային և կրոնական հաստատությունների վերականգնումը։

Քննարկել Հայաստանում ժամանակավոր օթևանի տրամադրման խնդիրը, հատկապես՝ Բեյրութի երեխաների և տարեցների համար, քննարկել այդ հնարավորությունը հատկապես Երևանի դատարկ հյուրանոցների համատեքստում։

Քննարկել Երևանի և Բեյրութի միջև անխափան օդային կապի ապահովումը՝ դեպի Երևան ցանկացողների փոխադրման, իսկ հետադարձ ճանապարհով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման նպատակով։

Ճշտել մասնագետների ցանկը՝ բժիշկներ, հոգեբաններ, փրկարարներ, շինարարներ, որոնք կամավորության հիմունքներով կարող են մեկնել և տեղում մասնագիտական աջակցություն ցույց տալ։

Նախապատրաստել հիվանդանոցներ և այլ բուժհաստատություններ՝ Բեյրութից հնարավոր տուժածների ընդունման համար», գրել է նախկին փոխվարչապետը։

Արմեն Գեւորգյանը վստահություն է հայտնել, որ իր շարադրածը միայն մի մասն է այն անհրաժեշտ քայլերի և միջոցառումների, որոնք կարող է ձեռնարկել հայկական աշխարհը՝ Բեյրութի մեր քույրերին և եղբայրներին այսօր աջակցելու համար, նաեւ ցավակցել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ 

Տպել