News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դա մի անգամ էլ ապացուցում է, որ ես հենց սկզբից չեմ սխալվել, և սա ազգադավ ծրագիր է, որն իրենք իրականացնում են ուժեղ ազգային պետություն ստեղծելու գաղափարի անվան տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն անդրադառնալով՝ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առարկայական չափորոշիչների վերաբերյալ հայտարարությանը, թե սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է։

«Չափորոշիչները ոչ թե պատահականություն են, այլ մտածված ազգադավ ծրագիր է, որ թելադրվում է դրսից, և ներկա իշխանությունները անզոր են այդ թելադրանքի դեմ»,- ասաց գրականագետը։

Մեր հարցին, թե դրսից ասելով ո՞ր երկրներին նկատի ունի, Սերժ Սրապիոնյանն արձագանքեց․

«Կոնկերտ երկրներ չգիտեմ, էդ կառույցները, որոնք կոչվում են «սորոսական», «մասոնական» անհայրենիք կառույցներ են, կարող են լինել ցանկացած երկրում»։

Հիշեցնենք, որ երբ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակեց հանրակրթական առարկաների առարկայական չափորոշիչները, գրականագետները դժգոհեցին, որ ըստ այդ չափորոշիչների՝ «Գրականություն» առարկայից հանվել են հայ դասականները՝ Գրիգոր Նարեկացին, Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը և այլք։ Բարձրացված աղմուկից օրեր անց նախարարությունը պարզաբանեց, որ միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում կներառվի։

Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։

«Ժողովրդական մի խոսք կա՝ լոլո-լոլո, քրդի տղին ի՞նչ լոլո, քրդի տղային լոլո չեն կարդում, չէր կարելի հանրակրթական վիթխարի կառույցներին դնել լոլոյի տեղ, այն էլ ձեր ասած նախարարության պաշտոն զբաղեցնող անձի փոքրիկ մտածելակերպով։ Օրենքի այդ որոշումը կգա կմտնի դպրոց, դուք կտեսենք, որ էդ լոլոն մնաց նույն լոլոն։ Համոզված չեմ, որ հայ դասականները հանվելու են։ Դրվելու են դասականների գործեր, որոնք նրանց որոշիչ գործերը չեն, եթե անգամ որոշիչներն են, պատահական չի, որ ուսուցիչներին և աշակերտներին տրվել են այդքան անհեթեթ արտոնություններ։ Հրահանգ կտրվի, գաղտնի կշրջանցեն այդ մեծերին և կներկայացնեն այսպես կոչված ԱԳԼԿՃՊԼԳԲՏՊ չգիտեմ ինչ կառույցներին. դուք տեսեք որտեղ են հրատարակվել գրքերը, ովքեր են եղել խմբագիրները, ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա։

Սերժ Սրապիոնյանը շեշտում է, որ «նախագծում ի սկզբանե հայ դասականների անունները չկային, աղմուկից վախեցան և խցկեցին»։

«Միայն այն, որ Պատմությունից և Հայ Գրականությունից ժամանակագրությունը հանում են, արդեն վկայում է, թե ինչ ուժեղ հարված են հասցնում այդ առարկաների ազդեցության ոլորտին»։

Հավելենք, որ ըստ ԿԳՄՍ նախարարության պարզաբանման՝ խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։

Հանրակրթական պետական չափորոշիչը բխում է ազգային շահերից, և որևէ մի բան մեզ չի շեղելու դրանից. Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել