News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր՝ օգոստոսի 6-ին, Նորամարգ գյուղի դպրոցի մոտ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացրել գյուղի դպրոցի նորանշանակ տնօրենի ընտրության դեմ, ինչը, ակցիայի մասնակիցների խոսքով, եղել է անօրինական:

Նրանք այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց են հավաքվել, քանի որ նախօրեին նրանց Կառավարությունից ասել են, որ իրենց կընդունի վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Այսօր մեծ բողոքի ակցիա էր դպրոցում, սակայն դպրոցի մոտ եկավ ոստիկանական մի ամբողջ վաշտ, 2-3 ժամ մնալուց հետո նրանք հրմշտեցին աշխատողներին և, կարելի է ասել, կիսագրկած վիճակում նոր տնօրենին տարան դպրոց, ինչից հետո ուսուցիչները հայտարարեցին, որ չեն աշխատելու: Աշակերտները նշեցին, որ դասադուլ են անելու և ծնողների հետ միասին լքեցին շենքը՝ թողնելով նորանշանակ տնօրենին միայնակ»,- ասաց դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն ու հավելեց, որ հավատում են՝ ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե այսօր հանդիպումը չկայանա, նորից կգան բողոքելու. «Իրավական ձևաչափով պահանջելու ենք արդարություն, իսկ ինչ վերաբերվում է համայնքին, գործողությունները միանշանակ չեն դադարելու, օր–օրի ավելի կուժեղանան դրանք»,- հավելեց Ծովինար Գալստյանը:

«Երեխաներն անչափ սիրում են նախկին տնօրենին և չեն պատրաստվում սեպտեմբերին գնալ դպրոց»,- ասաց ծնողկոմիտեի նախագահը՝ հավելելով, որ Կառավարությունից ակնկալում են արդարություն. «Եթե մենք միասին կանգնել ենք ոտքի ու չենք ուզում մեր դպրոցի տնօրենը փոխվի, միթե մեր խոսքը լսելի չպիտի լինի: Մենք ոչ մի վատ բան չենք ասում նորանշանակ տնօրենին, նրան չենք էլ ճանաչում, պարզապես չենք ցանկանում՝ Ծովինար Գալստյանը հեռանա այդ պաշտոնից»,- ասաց նա:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Փերինե Գալստյանն էլ ասաց, որ զարմացած է նորանշանակ տնօրենի համառության վրա, քանի որ 2-3 ժամ շարունակ ծնողներն ու աշակերտները վանկարկել էին, որ չեն ցանկանում՝ նա մտնի դպրոց, չեն ցանկանում իրեն տեսնել տնօրենի պաշտոնին, սակայն նա մնացել է շենքում. «Մենք էլ ուսուցիչներով թողեցինք, դուրս եկանք դպրոցից, եթե նրա համար այդ շենքն էր կարևոր, թող մնա այնտեղ: Ես մտածում էի, որ ըմբռնումով կմոտենա, և կգնանք փոխհամաձայնության, սակայն այդպես չեղավ: Նրա հետ եկել էր համայնքապետը, բազմաթիվ ոստիկաններ էին այնտեղ, տպավորություն է, որ բոլորը ծառայում են այդ կնոջը»,- ասաց ուսուցչուհին:

Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցած ոստիկանը նշեց, որ Նաիրի Սարգսյանը արձակուրդում է և չի կարող ընդունել նրանց, նաև հավելեց, որ դպրոցի տնօրեն արդեն նշանակվել է, հրամանագրված է, ինչը փոփոխության ենթակա չէ, իսկ Կառավարության ներկայացուցիչներից ոչ ոք այդպես էլ չմոտեցավ ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ Նորամարգում խոսակցություններ կան, որ նորանշանակ տնօրենի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մերձավորներից է։

Տպել
Ամենաշատ