News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Գրիգորյանին երեկ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով նրա ոտքի մատները դուրս է ընկել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արթուր Գրիգորյանի հայրը՝ Գագիկ Գրիգորյանը։

«Ոտքի մատները դուրս էր ընկել։ Սնղչին տեղը գցեց, հիմա պառկած է։ Ոտքը չի կարողանում դնել գետնին»,- ասաց հայրը և հավելեց, որ իրենք հրաժարվել են դեպքի առթիվ որևէ ցուցմունք տալ։

Հարցին՝ ինչո՞ւ ցուցմունք չեն տվել, Գագիկ Գրիգորյանն ասաց. «Որովհետև արդեն հավատ չկա ոստիկանության նկատմամբ»։

Նշենք, որ քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն ասել էր, որ ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի ակցայի մասնակցին վրաերթի ենթարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ Ամուլսարում կրկին լարված իրավիճակ էր։ Ոստիկանները բերման էին ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Այդ լարված իրավիճակում, երբ ոստիկանները ոստիկանության բաժիններ էին տանում քաղաքացիներին, ոստիկաններից մեկը վրաերթի էր ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին։ Նա ոտքի վնասվածք էր ստացել։

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսն այսօր եկել են իրենց երեխաների հետ։

Նրանք արդեն երրորդ օրն է՝ երեք պահանջ են ներկայացնում։ Առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ արդեն 2 օր է՝ Ամուլսարում իրավիճակը լարված է, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Դեպքերին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը։

Տպել
Ամենաշատ