News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 6-ին Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքող ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ագրեսիվ ցուցարարների խմբերը փորձել են ճեղքել պահպանաջոկատը եւ ներխուժել խորհրդարանական պալատ Փլյաս Էթուալ հրապարակում: Բռնկված բախումների ընթացքում երկու կողմից վիրավորներ կան, որոնց տանում են շտապօգնության ավտոմեքենաներով:

Ցուցարարները հարձակվել են իրավապահ մարմինների շարքերի վրա հարեւան Պլյաս դե Մարթիր հրապարակում` An Nahar թերթի եւ քաղաքապետարանի մոտակայքում: Ընդ որում, նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր եւ մոլոտովի կոկտեյլներ էին նետում:

Ցուցարարներն առաջին անգամ Բեյրութի փողոցներ էին դուրս եկել օգոստոսի 4-ին ծովային նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո, որը ողբերգական հետեւանքների էր հանգեցրել: Վերջին տվյալներով` պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է հարյուրավոր կառույցներ եւ բնակելի շենքեր, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Զոհվել է 145 մարդ, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:

Ըստ Daily Star թերթի` ակտիվիստիներին, որոնք պահանջում են Հասան Դիաբի կառավարության հրաժարականը, ոգեւորել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Բեյրութ: Երբ Ֆրանսիայի առաջնորդն այցելեց  Ջումեյզե պատմական թաղամաս, որտեղ բազմաթիվ ավերված տներ կան, նրան դիմավորեց ցուցարարների բազմությունը: Նրանք ողջունում էին Մակրոնին` վանկարկելով «Կեցցե Ֆրանսիա» կարգախոսը:

Շփվելով ակտիվիստների հետ` Մակրոնը խոստացել էր, որ Լիբանանը միայնակ չի մնա պատահած ողբերգությունից հետո: Անդրադառնալով երկրում ընթացող ճգնաժամին եւ կառավարության և ընդդիմության միջեւ սուր դիմակայությանը` Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ նա «կառաջարկի Լիբանանի ղեկավարներին ճշմարտացի երկխոսության մեջ մտնել եւ նոր քաղաքական գործարք կնքել»: Նա նշել էր, որ արաբական երկրին այժմ բարեփոխումներ եւ ազգային համաձայնություն է անհրաժեշտ` շեշտելով, որ միջազգային օգնությունը «չի հայտնվի կոռումպացված պաշտոնյաների ձեռքում, այլ կփոխանցվի քաղաքացիական հասարակություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել