News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման հիմքում պետք է դրվի մեր սերունդների ապագային միտված կրթության ռազմավարությունը, որը նոր կառավարությունը չունի։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը՝ անդրադառնալով Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի վերաբերյալ հանրության, հատկապես մասնագիտական շրջանակների կողմից տևական ժամանակ հնչող մտահոգություններին։

Պատմաբանը հիշեցրեց, որ գործող կառավարությունը չի հաստատել 2018 թ․ գարնանը նախորդ կառավարության կողմից պատրաստված կրթության նոր ռազմավարությունը, իսկ դրան փոխարինող ռազմավարություն անցնող երկու տարվա ընթացքում չի գրվել։

«Կրթության գործող ռազմավարությունն ընդունվել է շուրջ երկու տասնամյակ առաջ և վստահ եմ այն մի կողմ է դրված։ Պետք է հստակեցվի Հայաստանի կրթական աշխարհայացքը։ Պետք է հստակ ամրագրվի, թե ապագայի համար ի՞նչն է մեզ համար առաջնային, պետք է սահմանվի շատ կարևոր մի դրվագ՝ համամարդկայինն ու ազգայինը չպետք է լինեն հակադրության մեջ, քանի որ դրանք փոխլրացնող արժեքներ են և այս ամենը պետք է փաստաթղթով ամրագրվի»,–ասաց պատմաբանը։

Խաչատուր Ստեփանյանի կարծիքով՝ անթույլատրելի է առանց հիմքում ունենալու կոնկրետ ռազմավարություն՝ մշակել կրթական չափորոշիչները։

Անդրադառնալով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե շրջանառության մեջ դրված նախագիծն արտահայտում է կառավարության ռազմավարական պատկերացումները հանրակրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, Ստեփանյանն ասաց.

«Շատ ուրախ կլինենք, որ չափորոշիչները համապատասխանեն մեր ռազմավարական մոտեցումներին, բայց այդ ռազմավարությունը պետք է հանրությունը տեսնի, քննարկի, դրա շուրջ հանրային կոնսենսուս ձևավորվի, հաստատվի, ինչից հետո անցնեն մայր չափորոշիչի, ապա նաև առարկայական չափորոշիչների մշակմանը»։

Դիտարկմանը, թե հաշվի առնելով պատմության չափորոշիչների վերաբերյալ հանրային, քաղաքական, ինչպես նաև մասնագիտական լուրջ դժգոհությունները, կարելի՞ է փաստել, որ Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման խմբի կողմից ստեղծված նախագիծը տապալված է, պատմաբանն արձագանքեց.

«Դատելով մասնագիտական շրջանակներից հնչող դժգոհություներից, կարելի է փաստել, որ մշակված փաստաթուղթն անհաջող է։ Նախագծում շեղում է նկատվում կոնկրետ պատմագիտական կոնցեպցիաներից, պահպանված չէ անգամ հիստորիզմի սկզբունքը, որոշ դեպքերում խախտված է պատմագիտական ժամանակագրությունը։ Հայոց պատմության հիմնական դասընթացը սկսվում է Ուրարտուից, մինչդեռ հայ ժողովրդի կազմավորման մի կարևոր շրջան բաց է թողնված. եթե մենք խոսում ենք մեր հինգհազարամյա պատմության մասին, ապա պետք է սկսել Հայկից և Բելից, ինչը հիմնական դասընթացում ներառված չէ։ Իսկ հարևան երկրների պատմագիտական դպրոցների հետ պայքարում շատ կարևոր է մշտապես շեշտել հայ ժողովրդի՝ տեղաբնիկ լինելու հանգամանքը։ Իրենք ասում են՝ չենք ժխտում, որ հայ ժողովուրդը տեղաբնիկ է, սակայն այդ փաստը չեն ամրագրել»,–նկատեց պատմաբանը։

Անդրադառնալով կրթության նոր չափորոշիչների շուրջ առաջացած բանավեճի վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն գնահատականին թե «բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը», Ստեփանյանն արձագանքեց.

«Լևոն Տեր–Պետրոսյանը եթե ասելու բան ուներ, պետք է ավելի պարզ խոսեր, ոչ թե ծածկագրերով։ Պաշտոնական պատմագիտության մեջ հայդատական պատմագիտություն գոյություն չունի, եթե նախագահը նկատի ունի ազատագրական շարժման, Հայաստանի Առաջին հանրապետության պատմագրությունը, ապա չպետք է դրա վերաբերյալ հեգնանքով խոսի, քանի որ դա մեր ժողովրդի հերոսական պատմության մի կարևոր դրվագ է, իսկ ինչ վերաբերվում է նրա բնորաշած՝ Խորհրդային գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը, ապա դա այդքան էլ այդպես չէ, որքան էլ քննադատանեք Խորհրդային ժամանակաշրջանի պատմագրությանը։ Նույն Նիկողայոս Ադոնցը, որին Տեր–Պետրոսյանը հայ պատմագիտության հսկա է անվանում, պատմագիտությամբ է զբաղվել հենց խորհրդային ժամանակաշրջանում։ Դատելով իր մոտեցումներից, կարելի է ենթադրել, որ առաջին նախագահը հեգնում է ազգայնականությունը։ Նա մի կողմից քննադատում է չափորոշիչները, սակայն միաժամանակ հեգնում է չափորոշիչները քննադատողներին»,–ասաց պատմաբանը։

Հարցին, թե ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի ապագայում այս չափորոշիչների հիման վրա գրվելիք դպրոցական դասագրքերը համակրանք առաջացնեն առարկայի նկատմամբ եւ աշակերտին տան համակողմանի գիտելիքներ, Ստեփանյանը պատասխանեց.

«Սա այն դեպքն է, երբ գործ ունենք մատաղ սերնդի դաստիարակության և մեր երկրի ապագայի հետ, և պետք է այդ ամենը սիրով արվի, միմյանց նկատմամբ քննադատությունները չպետք է վերածվեն անձնական վիրավորանքների, հատկապես իշխանական դիրքերից հանդես եկողների կողմից հնչող քննադատությունները չպետք է ագրեսիայի, արհամարանքի դրսևորումներ պարունակեն։ Պետք է քննարկումները ծավավեն փոխադարձ հասկացողության պայմաններում»,–ասաց Ստեփանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am–ի տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ