News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաեւ առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել եւ ամփոփվել է ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի դեպքերը հանրային կարգով քննելու կապակցությամբ դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման վիճակը: Ամփոփման արդյունքներով ի հայտ են բերել մի շարք բացեր եւ լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումները կարող են էապես բարելավել ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը:

Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախանշվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների առաջարկություններ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում բաղադրիչի շրջանակներում: 

Մասնավորապես՝ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել այնպիսի փոփոխություն, որի դեպքում դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման հնարավորությունը կապվի ենթադրյալ հանցագործությունից տուժած անձի ոչ միայն անօգնական կամ կախվածության վիճակի, այլ նաեւ նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական անմիջական վտանգի առկայության հետ: Դա բխում է քրեադատավարական օրենսդրությունը ՄԻԵԴ նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վեջինս ընտանիքում բռնության մասնավոր դեպքերը հանրային կարգով քննելու հնարավորությունը մեծապես կապում է բռնության կրկնվելու հավանականության եւ այդ առումով անձի կյանքի իրավունքի երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության հետ:

Բացի այդ, թեեւ դատախազը կարող է ստուգել ընտանիքում բռնության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը՝ պարզելու ենթադրյալ բռնության ենթարկվածի՝  անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, սակայն դրա համար խիստ անբավարար է միայն բացատրությունների արձանագրություններին կամ նյութերին ծանոթանալը:

Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկման վերաբերյալ ՀՀ դատախազությունում շրջանառության մեջ դրված ուղեցույցով պարտավորեցվել է դատախազներին ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպել ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության մեջ, սակայն շատ դեպքերում, ենթադրյալ բռնարարի հետ արդեն իսկ հաշտված լինելու կամ այլ պատճառով, ընտանիքում բռնությունից տուժած անձինք հրաժարվում են ընդունելության ներկայանալ դատախազություն:

Այս առումով առաջարկվել է, դատախազի իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորության իրացման առավել արդյունավետ մեխանիզմներ:

Ներկա կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաեւ այն իրավիճակը, երբ, քրեական գործն ի սկզբանե դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ հոդվածի կարգով հարուցված չլինելու պայմաններում, տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, սակայն առկա են տուժողի՝ անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրական վտանգի վերաբերյալ տվյալներ: Այդ պարագայում քրեական վարույթը հանրային կարգով շարունակելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնարավորություն, փաստորեն, առկա չէ: 

Այս առումով առաջարկվել է, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների միջոցով իրավական հնարավորություն ստեղծվի նաեւ դատախազի կողմից հանրային մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու այն դեպքերում, երբ դիմողի բողոքի հիման վրա ընտանիքում բռնության մասնավոր դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության փուլում անձը հրաժարվել է բողոքից, բայց առկա է տուժողի անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրավան անմիջական վտանգ:

Ընտանիքում բռնության դեպքերով քննությունների պրակտիկան վկայում է նաեւ, որ լինում են դեպքեր, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու մասին որոշում  է կայացվում, սակայն հետագա նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվում է, որ տուժողը ենթադրյալ հանցանք կատարած անձից գտնվել է կախվածության մեջ կամ անօգնական վիճակում կամ նախաքննության փուլում դադարում է նման վիճակի մեջ գտնվել: Գործող իրավանորմերով նման դեպքերում հնարավոր չէ կայացնել հաշտության հիմքով քրեական հետապնդումից հրաժարվելու մասին որոշում: Դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններով լուծել նաեւ նշված խնդիրը:

Նկատի ունենալով ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական արդյունավետ պայքարի հանրային մեծ նշանակությունը՝ ՀՀ դատախազությունը շահագրգիռ է նշված առաջարկների շուրջ հանրային ու մասնագիտական առավել լայն քննարկումների հարցում:    

Ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների, 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 246 դեպք, որը 6-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 58-դեպքով հարուցվել է քրեական գործ, որը 4-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ընդ որում՝ այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերը (թվով 13) 62.5% ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ (թվով 8 քրեական գործ):  

Ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի 11 դեպքով, բողոքի բացակայության պայմաններում, դատախազի որոշմամբ, հարուցվել է նույնքան քրեական գործ: Փաստորեն՝ ընտանիքում բռնության դեպքերի առթիվ քրեական գործերի 20%-ը հարուցվել են դատախազի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորության իրացման արդյունքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ամենաշատ