ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի նկատմամբ կա նախատրամադրվածություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Աեքսանդր Կոչուբաեւը։
«Անհասկանալի առարկություններ էին ներկայացրել, իբրեւ թե մեր դիմումները թեր են եղել։ Փաստորեն, մեկ տարի անց անգամ վարչական մարմինը չի նայել վարչական վարույթի նյութերը, որպեսզի տեսնի ու համոզվի, որ, այնուամենայնիվ, դիմումը եղել է պատշաճ ներկայացված։ Նրանք դատական նիստերին ներկայացել էին հանպատրաստ եւ ասում են նյութերը եղել են թերի։ Սա խոսում է այն մասին, որ այս գրքի նկատմամբ կա նախատրամադրվածություն։ Մենք այստեղ գործ ունենք ոչ իրավաչափ վարչարարության հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով հաջորդ դատական նիստի նշանակման ժամկետին, նշեց. «Մեկ տարին այսպիսի գործերի համար ողջամիտ չէ։ Սա մասամբ հետեւանք է վարչական մարմնի անգործության։ Սա ոչ թե գործը քննող դատարանի խնդիրն է, որ գործը մեկ տարի ձգձգվում է այլ վարչական մարմնի խնդիրն է, ում առջեւ ամեն գնով դրված է այդ դատական նիստերը հետաձգել»։
Ալեքսանդր Կոչուբաեւը շեշտեց, որ միջավայրը, որը ձեւավորվել է ՀՀ երկրորդ նախագահի շուրջ, իրեն թույլ է տալիս եզրահանգել, որ կան իրավական դաշտից դուրս լուծումներ. «Տեղի է ունենում քաղաքական մոտիվներով մերժում։ Իշխանությունը պատրաստ չէ ամեն օր փողոցներում հանդիպել նախագահի դիմանկարին եւ որոշակի ներքին վախեր ունեն»։
Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը եւ հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր կոչուբաեւը եւս դիմելով քաղաքապետարան եւ ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։