News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքում Հանրապետության հրապարակը մարդկության նորագույն ժամանակների Ագորա (Հին հունական քաղաքների շուկայի հրապարակները, որտեղ համաքաղաքային ժողովներ էին անցկացվում՝ NEWS.am) հռչակած վարչապետը խոստացավ՝ ամեն ինչ որոշելու է ժողովուրդը։ Այս մասին ասվում է «Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ պատրաստված  «Կորսված փողեր & հույսեր» ֆիլմում, որտեղ վարչապետի՝ «Հանրապետության հրապարակը հռչակվում է ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին» հայտարարությանը հաջորդում են քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ նույն հրապարակում հետագայում տեղի ունեցած քաշքշուկների կադրեր։

«Չանցած 1 տարի պարզվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտի հրամանով էականորեն բարձրացվել են նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հրամանը տրվել է հուլիս ամսին։ Բարձրացած աղմուկից հետո տեղեկությունը հաստատեց վարչապետի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Իսկ ինչո՞ւ գաղտնի, չէ՞ որ ամեն ինչ որոշելու էր ժողովուրդը՝ 21-րդ դարի Ագորայում, Հանրապետության հրապարակում», նշվել է ֆիլմում, որի հեղինակները հիշեցնում են, որ այդ քայլով վարչապետը հակասել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, որը պահանջում էր․ օրինակ․ համապատասխան տոկոսային հարաբերակցություն պաշտոնյայի եւ նպաստառուի աշխատավարձի եւ նպաստի միջեւ։

Նշվում է նաեւ, որ այսօր միջին կենսաթոշակը 44 հազար դրամ է, իսկ ոլորտը համակարգող նախարարի՝ Զարուհի Բաթոյանի աշխատավարձը 2019 թվականին կազմել է 18 միլիոն դրամ, այսինքն 34 անգամ ավելի։

«Ուսուցչի միջին աշխատավարձը 80 հազար դրամ է, կրթության նախարարինը՝ 1,420 հազար դրամ, այսինքն՝ 18 անգամ ավելի։ 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվար պատգամավորները ստացել են 580 միլիոն դրամ պարգեւավճար, 2017-ին, մեկ տարվա ընթացքում, ԱԺ պատգամավորները ստացել են 33 միլիոն դրամ պարգեւավճար, 17 անգամ ավելի քիչ։ Պատգամավոր Փաշինյանը դեմ էր, որ ՀՀ նախագահի աշխատավարձը 436 հազարից հասնի 1,322 հազար դրամի, այսօր այդքան աշխատավարձ են ստանում իր հեղափոխական մարզպետները», նշվել է ֆիլմում, որտեղ թվարկված են ներկայիս պատգամավորների, նախարարների, նրանց ընտանիքի անդամների՝ վերջին 2 տարում ձեռք բերած բնակարանները, ավտոմեքենաները, հողամասերը։ 

«Միլիոնավոր դոլարների այս պարգեւատրումները գուցե հասկանալի լինեին, եթե իշխանությունը վերադարձներ այսպես կոչված թալանված գումարները, որի լոզունգների վրա էլ եկավ ու մնաց իշխանության», նշված է «Կորսված փողեր & հույսեր» ֆիլմում։

Տպել
Ամենաշատ