News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով, իրականությունից կտրված եւ շինծու մեղադրանքներով այլեւս վերածվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի՝ գայթակղելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կոչ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, քաղաքացիներին, համայն հայությանը

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության գործադիր եւ օրենսդիր իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նրանց սպասարկող ուժերը պառակտում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ բաժանելով նրանց սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նորերի ու հների:

Հայաստանի իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով, իրականությունից կտրված եւ շինծու մեղադրանքներով այլեւս վերածվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի՝ գայթակղելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ:

Տարածաշրջանում իրենց ազգային եւ պետական շահերը հետապնդող, Հայաստանին եւ Արցախին ոչ բարեկամ երկրները, նրանց ռազմաքաղաքական դաշնակիցները՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, կազմակերպել եւ հետեւողականորեն իրականացնում են հայկական երկու պետություններին, այդպիսով` մեր ժողովրդի երկու հատվածներին, ինչպես նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին միմյանց դեմ տրամադրելու քաղաքականություն՝ նպատակ հետապնդելով առավելագույնս թուլացնել հայ ժողովրդի միասնականությունը:

2016թ. ապրիլին Ադրբեջանի, Թուրքիայի եւ նրանց դաշնակիցների կողմից Արցախի դեմ կազմակերպված ռազմական ագրեսիային Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ միայն համարժեք իրավաքաղաքական գնահատական չեն տվել, այլեւ ինչպես ապրիլյան հայտնի դեպքերից օրեր անց, այնպես էլ այժմ հետեւողականորեն շարունակում են պնդել, որ Ադրբեջանն այդ ռազմական գործողությունները համաձայնեցրել է Հայաստանի դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, դրանով իսկ Ռուսաստանի ղեկավարությանն ուղղակի մեղադրելով իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ հրահրելու մեջ:

Մինչդեռ իրականությունն այն է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիային Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվել էր հիմնովին՝ իր գործը համաձայնեցնելով ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ եւ նպատակ ունենալով փոխել բանակցային գործընթացի էությունը:

Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում հայկական կողմերի համար շահեկան դարձած պայմանավորվածությունները հետապրիլյան արտաքին քաղաքական գործընթացներում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների դիվանագիտական փայլուն աշխատանքի արդյունքն էին, որոնք, սակայն, Հայաստանի ներկա իշխանությունների դիվանագիտական ապաշնորհ աշխատանքի հետեւանքով ի չիք դարձան՝ վերածվելով Ադրբեջանին ոչնչով չպարտավորեցնող «վերելակային դիվանագիտության»:

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան դեպքերը` Ադրբեջանի սադրիչ գործողությունները, այնուհետեւ Թուրքիայի միջամտության փորձերը եւ դրան հաջորդող` Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժությունները Նախիջեւանի տարածքում, եւս մեկ անգամ ապացուցում են ասվածը:

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ Հայաստանի ռազմական իշխանություններն իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են փայլուն, եւ համոզված ենք, որ այդպես է լինելու մշտապես: Հակառակ դրան` Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին իրենց անկարողությունը, եւ նրանց ապաշնորհ կառավարման արդյունքում Հայաստանը հերթական անգամ հայտնվեց քաղաքական փակուղում: Այդպիսի կառավարումը, Արցախյան հիմնախնդրում ձախողած «վերելակային» դիվանագիտությունը կարող են պատճառ դառնալ հայության միակամ ջանքերի շնորհիվ կերտված մեր նորօրյա պատմության ամենափառահեղ ձեռքբերման՝ Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքների կորստի:

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ՀՀ Ազգային ժողովում իշխող կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից կատարվող հայտարարություններն ու գնահատականները, որոնցով Արցախյան ազատամարտի, ինչպես նաեւ 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների, 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (Տավուշի մարզ) սադրիչ գործողությունների ժամանակ կորուստների գնով ձեռք բերված հաղթանակները որակվում են որպես գործողություն հանուն ոչնչի:

Դիմում ենք Հայաստանի եւ Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն եւ սթափություն՝ չտրվելու համար հայկական երկու պետությունների անվտանգությունը թուլացնող սադրանքներին, առկա բազմաթիվ վտանգների եւ մարտահրավերների պայմաններում չկորցնել զգոնությունը, վեր կանգնել սոսկ անձնական, կուսակցական, խմբային շահերի սպասարկումից, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում հայրենիքի սահմանների պաշտպանունակության վրա, թուլացնում են պետական ինստիտուտները, թշնամանքի եւ ատելության մթնոլորտ ստեղծում երկրում` սպառնալով հայոց երկու պետականությունների անվտանգությանը:

Դիմում ենք Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին` միասնաբար դիմագրավել եւ չեզոքացնել այլ երկրների ազգային եւ պետական շահերը սպասարկող ազդեցության գործակալների կողմից իրականացվող հակապետական եւ հակաազգային գործունեությունը, տուրք չտալ միմյանց նկատմամբ թշնամանքի եւ ատելության սերմանմանը, զերծ մնալ բոլոր այն գործողություններից, որոնք կարող են կոտրել մեր ժողովրդի բարոյական բարձր ոգին, խաթարել ազգային եւ հոգեւոր արժեհամակարգը, հավատն առ Հայրենիք եւ առ Աստված»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ