News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ի՞նչից են սկսվել զանգվածային անկարգություններն Ախալքալաքում օգոստոսի 8-ին եւ որո՞նք են հետեւանքները, տեղեկացնում է JNEWS պորտալը։

Երեկ, օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթեւ վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վ. Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Տեղում մոբիլիզացված էր հատուկ ջոկատայիններն ու ոստիկանական ուժերը:

Գործակալության հաղորդմամբ՝ զրույցակիցներից մեկի պատմելով երեկ՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցած սպանությունից առաջ՝ առավոտյան եւ կեսօրին երկու անգամ վիճաբանություն է եղել՝ Կուլիկամցիների եւ Ա. Գաբրիելյանի եւ ընկերների միջեւ: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Կուլիկամ գյուղից մի երիտասարդի են քաղաքում ծեծել եւ վիրավորել, որից հետո Կուլիկամի երիտասարդները եկել են քաղաք պարզաբանելու: Սակայն ինչպես երեւում է կողմերը չեն կարողացել մինչեւ վերջ հարցերը պարզել եւ արդեն երեկոյան մոտավոր ժամը 19:00-ից հետո քաղաքի հենց կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակի վրա, փողոցի մեջտեղում հրազենային կրակոցից սպանվել է Վ. Միրանյանը: Ականատեսներից մեկի պատմելով, միջադեպից ընդամենը րոպեներ առաջ ինքը (Խմբ. ճանաչել է սպանվածին) զրուցել է սպանվածի հետ, հարցել է ի՞նչ է անում քաղաքում, ի՞նչ կա չկա, սպանվածն ասել է, որ քաղաք է եկել գյուղի ճանապարհի սաֆալտպատման հարցով եւ որ ամեն ինչ կարգին է: Սակայն այս կարճատեւ զրույցից ընդամենը մի քանի րոպե անց, փողոցի մեջտեղում նա սպանվել է:

Մեկ այլ ականատեսի խոսքերով, դեպքն այնքան արագ է եղել, որ նույնիսկ չեն հասկացել ինչ է կատարվում, «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատեր Արթուր Գաբրիելյանը կրակել է սպանվածի ուղիղ սրտին, չնայած նրան անմիջապես տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, սակայն նա մահացած է եղել: Կրակոցները շարունակվել են նաեւ հիվանդանոցի բակում, Ա. Գաբրիելյանը եւ ընկերները խոչընդոտել են, եւ կրակի տակ են պահել սպանվածին տեղափոխող մեքենան, հիվանդանոցի դարպասների մոտ երիտասարդին տեղափոխող մեքենան շրջվել է: Արդեն հիվանդանոցի բակում առավոտվանից սկսված իրադարձություններին փորձել է միջամտել ոստիկանությունը:

Կուլիկամցիները փորձել են վրեժխնդիր լինել՝ այրելով Արթուր Գաբրիելյանի սեփական տունը, հոր՝ Սամվել Գաբրիելյանի սեփական տունը, ինչպես նաեւ Գաբրիելյաններին պատկանող «ԱրտՍեգ» հյուրանոցը: Այրել են նաեւ սպանության մասնակիցների՝ Գենա Զարմարյանի եւ Կլիմենտ Քոսյանի տները, որոնք Արթուր Գաբրիելյանի ընկերներն են: Հատկանշական է, որ բոլոր այրված տներում մարդ չի եղել եւ ոչ ոք չի տուժել:

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկվա պարզ վիճաբանությունը պարզապես հարմար առիթ է եղել վրեժխնդիր լինելու: Բանն այն է, որ ըստ խոսակցությունների՝ մոտավոր 3-4 տարի առաջ կուլիկամցիները խնդիր են ունեցել «ԱրտՍեգ» հյուրանոցի տնօրինության հետ:

Սպանության կադրերը տեսած մարդկանցից մեկի պատմելով, դեպքի վայրում երկու խումբ երիտասարդներ են հավաքված եղել, մոտավոր 10-12 հոգի, վերեւից մերսեդես մակնիշի մեքենան եկել ու կանգ է առաել անմիջապես հավաքվածների մեջտեղում, որից հետո անմիջապես սկսվել է իրարանցում, հնչել են կրակոցներ: Կրակելուց հետո Արթուր Գաբրիելյանին խմբով սկսել են ծեծել մինչեւ հասկացել են, որ վիրավոր մարդ կա, անմիջապես Վիլիս մակնիշի մեքենայում Վ. Մ-ին տեղափոխել են հիվանդանոց եւ կողմերը ցրվել են: Տեսանյութը տեսածի պատմելով երկու կողմն էլ զինված է եղել, եթե մի կողմերից մեկը զենք է ունեցել ձեքին, ապա մյուս կողմը՝ մահակ:

Թե ինչու սպանության եւ սպանության նախորդած երկու վեճերին չի խառնվել ոստիկանությունը պարզ չէ: Քաղաքում պնդում են, որ եթե ժամանակին ոստիկանությունը միջամտեր, ապա անդառնալի կորուստ չէր լինի:

Սպանությունից անմիջապես հետո Ախալքալաքում մեծ թվով հատուկ ջոկատայիններ ու ոստիկանական ուժեր են կուտակվել: Ախալքալաքում էր նաեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Երեկ քաղաքում անկարգությունները հանդարտվել են միայն հատուկ ջոկատայինների եւ ոստիկանության մեծաթիվ ուժերի կուտակումից հետո:

Գիշերը սպանված երիտասարդի դին արդեն տեղափոխել են Կուլիկամ: Այսօր, ինչպես Կուլիկամ գյուղում, այնպես էլ քաղաքում եւ քաղաքին մուտքերին ուժայինները հսկում են իրավիճակը: Իրավիճակը հարաբերական հանգիստ է: Կուլիկամում սգում են երիտասարդի մահը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության եւ ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու եւ օգտագործելու մեղադրանքով:

Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով՝ երեկ հիվանդանոց է տեղախոխվել երեք երիտասարդ տղամարդ, որոնցից մեկն արդեն մահացած էր, մյուս երկուսին ցուցաբերվել էր բուժօգնություն, որից հետո նրանք դուրս էին գրվել։

Օգոստոսի 9-ի դրությամբ՝ հիվանդանոցում չկար երեկված միջադեպի մասնակիցների ոչ մեկը։ «Սակայն քաղաքում շրջանառվող լուրերով՝ Արթուր Գաբրիելյանի հայրը՝ Սամվել Գաբրիելյանը, գլխի բաց վնասվածքով եւ ծանր վիճակում տեղափոխվել է Թբիլիսի»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ