Սու-27 կործանիչը Սեւ ծովի վրա ամերիկյան հետախուզական երկու ինքնաթիռ է հայտնաբերել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Ինչպես նշել են գերատեսչությունում, այսօր օդային տարածության վերահսկողության ռուսական ուժերը հայտնաբերել են պետական սահմանին մոտեցող թիրախներ, ուստի փորձագետները որոշում են կայացրել Հարավային ռազմական շրջանի հերթապահ ուժերից Սու-27-ը օդ բարձրացնել:
Ռուսական կործանիչի անձնակազմը թիրախները ճանաչել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռ եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի R-8A «Պոսեյդոն» պարեկային ինքնաթիռ: Այն բանից հետո, երբ նրանք փոխել են կուրսը, Սու 27-ը վերադարձել է օդակայան:
Նախարարությունում ընդգծել են, որ ռուսական ինքնաթիռի թռիչքը կատարվել է խստորեն միջազգային կանոնների համաձայն: Ամերիկյան հետախուզական ինքնաթիռները պետական սահմանը չեն խախտել:
Հուլիսի սկզբից զինված ուժերը ավելի քան տասը անգամ օտարերկրյա ինքնաթիռներ են նկատել Ռուսաստանի տարածքից ոչ հեռու, իսկ նախօրեին Սու-27-ը Սեւ ծովի վրա հայտնաբերել էր ամերիկյան EP-3E «Արիես»-ին:
Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ նման թռիչքները լրացուցիչ լարվածություն են ստեղծում երկու երկրների հարաբերություններում, եւ Վաշինգտոնին կոչ են արել հրաժարվել դրանցից: Ամերիկյան իշխանությունները մերժել են այդ այդ խնդրանքը: