News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ամուլսարի շուրջ վերջին իրադարձությունների, հետագա քայլերի ու հնարավոր զարգացումների շուրջ NEWS.am–ը զրուցել է «Լիդիան Արմենիայի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանի հետ։

Պարոն Նասիբյան, չնայած «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ Ամուլսարի հանքի պահակակետի մոտ տեղադրված վագոն–տնակները ընկերությանը պատկանող օրինական տարածքում են, այնուամենայնիվ, դրանք տեղափոխվեցին։ Այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեցիք, որ դրանք տեղափոխվեն, և արդյոք պատրաստվո՞ւմ են վիճարկել համայնքապետարանի գործողությունները։

Իսկ ի՞նչպես պետք է չթողնեինք։ Վերջին շրջանում կարծես նորմ է դարձել, որ հարցերը լուծվում են զորբայությամբ, ապօրինությամբ, գոռալ-ճվալով։ Լիդիանը բոլոր խնդիրներին արձագանքում է բացառապես օրենքի շրջանակներում։ Ջերմուկի համայնքապետարանը, ոստիկանության թողտվությամբ և աջակցությամբ, ապօրինի ներխուժելով Լիդիանի տարածք՝ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու մի քանի մետր տեղաշարժեց մեր տնակները։ Տնակները գտնվում էին մեր օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում։ Այս պահին մենք ՀՔԾ ենք ներկայացրել հաղորդում՝ Ջերմուկի համայնքապետի գործողություններում ՀՀ ՔՕ 315.2 հոդվածի հատկանիշներ պարունակող արարքի առկայությունը պարզելու և համապատասխան իրավական գնահատականի արժանացնելու պահանջով։ Վերջինիս պնդմամբ, մեր տնակների տեղադիրքը ճամփեզրին հակասում է օրենքին։ Սակայն նույն տրամաբանությամբ Ջերմուկի համայնքապետը որեւէ կերպ չի խոչընդոտել նույն վայրում, Լիդիանի կողմից օրինական վարձակալված տարածում ապօրինություն իրականացնող անձանց խմբավորման տնակները տեղադրելուն և որևէ քայլ չի ձեռնարկել դրանք այդտեղից տարհանելու ուղղությամբ։ Իսկ դա, ի լրումն պաշտոնական լիազորությունները անցնելուն, կարող է խոսել նաև պաշտոնական լիազորությունների չարաշահման մասին։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանի կառավարությունից, ե՞րբ եք վերջին անգամ հաղորդակցվել կառավարության հետ, և ի՞նչ են ձեզ ասել։

Կառավարությունից մեր ակնկալիքը չի փոխվել վերջին երկու տարում՝ վերականգնել օրենքը։ Կառավարության տարբեր օղակների, մասնավորապես՝ ոստիկանության հետ հաղորդակցվում ենք պարբերաբար, եւ չեմ կարող ասել, որ վերջին շաբաթվա ընթացքում ոստիկանության կողմից ձեռնարկված գործողությունները ամբողջությամբ բխում էին օրենքից։

Հայտարարել էիք, որ ցանկացած պահի կարող եք վերսկսել շինարարությունը հանքում։ Կա՞ն արդյոք հստակ ժամկետներ, թե երբ կվերսկսեք աշխատանքները ։

Նորից ստիպված ենք հիշեցնել, որ Լիդիանը ունի աշխատելու բոլոր թույլտվությունները, եւ միակ խոչընդոտը անարգել ապօրինություն իրականացնող խմբավորումն է։ Համայնքն այս երկու տարվա ընթացքում սպասում էր օրենքի «վերագործարկմանը», որն այդպես էլ տեղի չունեցավ։ Մենք ունենք աշխատելու իրավունք, եւ որոշ վերականգնողական աշխատանքներ արդեն սկսվել են։ Ներգրավելու ենք նոր աշխատուժ համայնքներից՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Իրավապահ մարմինների վրա է մնալու համայնքում բախումներ թույլ չտալու օրենքով իրենց վերապահված պատասխանատվությունը։

Ի դեպ, իրավական խոչընդոտների մասին։ Բնապահպանները պահանջում են ՇՄԱԳ-ի չեղարկումը։ Եթե խնդիրն ի վերջո լուծվի բնապահպանների օգտին, ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։

Զուտ իրավական տեսանկյունից նման «չեղարկում» ինչ-որ մեկի, այդ թվում՝ կառավարության որոշմամբ չի կարող տեղի ունենալ։ Դրա համար անհրաժեշտ է իրավական գործընթաց, հիմնավոր իրավական պատճառաբանություններով, որոնք չկան ու այս երկու տարվա ընթացքում չեն հայտնվել։ Ամուլսարի ՇՄԱԳ-ը Հայաստանում երբեւէ իրականացված լավագույն ՇՄԱԳՆ է, ու սա ընդունում են նաեւ ընդդիմախոսները։ Այնպես որ, մեկնաբանություններն ավելորդ են։ «Բնապահպանների» օգտին որոշում լինել չի կարող։ Որոշումը ու գործողությունները կարող են լինել օրենքի շրջանակներում, կամ՝ հակառակը։ Օրենքին հակառակ որոշումների դեպքում, Ընկերությունը ունի համապատասխան գործիքակազմը։

Ճիշտ է՞, որ Ընկերությունը այլեւս չի կարող դիմել արբիտրաժ, քան որ ժամկետն անցել է։

Ոչ, ճիշտ չէ։ Նման ժամկետ ու խոչընդոտ չկա։ Ցավում եմ, որ տարբեր շրջանակներ միտումնավոր շարունակում են հանրությանը ապակողմնորոշել։

Շրջակա միջավայրի նախկին նախարարի պաշտոնանկության պատճառներից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ամուլսարի հարցը լուծելու անկարողությունն էր։ Կարծում եք՝ ստեղծված իրավիճակը նախկին նախարարի՞ պատասխանատվության շրջանակում էր , և ի՞նչ եք ակնկալում նորանշանակ նախարարից։

Ես իրավաբան եմ, եւ չեմ կարող գնահատել նախկին նախարարի մասնագիտական ունակությունները։ Բայց իրավական դաշտում կարող եմ մատնանշել աղաղակող խնդրի մասին։ Երկու տարի առաջ հարուցվել է քրեական գործ՝ նախարարության ՊՈԱԿ-ի կողմից ենթադրաբար ինչ-որ բան թաքցնելու առիթով։ Մի կողմ թողնենք այդ մեղադրանքի մեր կարծիքով վիճելի լինելը, բայց զուտ տեխնիկապես, այդ քրեական գործը Լիդիանի հետ առնչություն չունի ու հարուցված է նախարարության պաշտոնյաների գործողությունների առնչությամբ։ Չնայած դրան, նախարարությունը համակարգել է այս գործի շրջանակներում փորձաքնության տեխնիկական առաջադրանքի կազմումը, ինքն է հրավիրել փորձաքննություն իրականացնող միջազգային կազմակերպությանը, իչի մասին նախկին նախարարը հայտարարել է հրապարակավ։ Դա մեր համոզմամբ շահերի բախման աղաղակող օրինակ է։ Իսկ որեւէ պետական պաշտոնյայից մենք ունենք մեկ ակնկալիք՝ օրինականության ու հավասար մրցակցային պայմանների վերականգնում։

Ի դեպ, ինչ փուլում է այդ քրեական գործը։

Նույնիսկ չեմ ուզում պատասխանել այդ հարցին։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այն ընթացքի մեջ է։ Անկախ դրանից, մեր համոզմամբ՝ այս երկու տարվա ընթացքում, ինչպես եւ անցյալ տարի Քննչական կոմիտեն հայտարարեց, ոչ մի խնդիր չեն գտել, բայց գործը, ակնհայտորեն ձգձգվում է։ Այդուհանդերձ, դարձյալ ուզում եմ շեշտել։ Ո'չ այդ գործը, ո'չ որեւէ այլ իրավական գործընթաց որեւէ կերպ չի արդարացնում Լիդիանի ճանապարհների ապօրինի շրջափակումը եւ չի չեղարկում Լիդիանի աշխատելու իրավունքը։

Վայոց Ձորի ոստիկանապետն ասում էր, որ իրավական գործընթացներ են ընթանում բուֆերային գոտի կոչվող այդ տարածքի առնչությամբ։

Կարող եմ միայն կրկնել՝ Լիդիանը վագոն տնակները տեղադրել էր իր տարածքում, հենց այն նույն վայրում, որտեղ երկու տարի ապօրինի տեղադրված էին ակտիվիստների տնակները։ Պատկան մարմինները երկու տարի ոչ մի «բուֆերային գոտու» անհրաժեշտություն չէին տեսնում, սահմանում, որն ի դեպ, ընդհանրապես բացակայում է մեր օրենսդրության մեջ։ Մեկնաբանություններն ավելորդ են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին․ Շիրակ Բունիաթյան
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի․․․
Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր…
«Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի Ամուլսարի համայնքների ուսանողներին
Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող առաջին 15 դիմումատու ուսանողներին:...
Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. ՀԲՃ
Արդեն մեկ տարուց ավելի է, որ նույնիսկ պաշտոնական հարցումների միջոցով Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը չի…
«Լիդիանի» նախկին աշխատակիցների նույնաբովանդակ հայցադիմումներից մեկը վարույթ է ընդունվել, մյուսը՝ ոչ. փաստաբան
Իրավական տեսանկյունից մեզ համար շատ տարակուսելի է այդ որոշումը, որովհետեւ անձանց նույնաբովանդակ պահանջը նույն դատարանը մեկ գործով ընդունում է եւ մյուս անձանց…
Ամուլսարում հանքի շահագործումը աղետալի հետևանքներ է ունենալու․Շիրակ Բունիաթյան
Դա է վկայում բազմաթիվ գիտնականների եզրահանգումը, ինչպես նաև կառավարության կողմից ընտրված, ՀՀ պետբյուջեից վարձատրված…