News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վիշապաքարերից 5-րդը ևս արդեն ճիշտ դիրքով է տեղադրված: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Երևանի Օղակաձև այգում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախախարության և Գիտությունների ազգային  ակադեմիայի  հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ պատկերագրված հատվածով գլխիվայր տեղադրված 5 վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքների մասին: Այսօր տեղի ունեցավ վիշապաքարերից 5-րդի բացման արարողությունը:

«Հայաստանում մոտ 100 այսպիսի վիշապաքարերից 18-ը, ցավոք, տեղաշարժված են իրենց բուն բնակավայրերից և հայտնվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում»,- ասաց Նարինե Թուխիկյանը:

Նա նշեց, որ վիշապաքարերը ոչ միայն տեղաշարժվել են, այլև սխալ դիրքով տեղադրվել են բետոնային հիմքի մեջ: «Քարերից մեկը գլխիվայր մխրճված է եղել բետոնի մեջ, մեկն էլ հորիզոնական դիրքով պառկած է եղել լճի ափին»,- ասաց Ներինե Թուխիկյանն ու հավելեց, որ իրենց խնդիրը այդ հինգ վիշապաքարերը բերելն էր իրենց իրական դիրքին, թեպետ դրանք իրենց բնօրրանում չեն գտնվում։

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր առաջին քայլն էր, որ մենք բետոնից ազատեցինք և ճիշտ դիրքով դրեցինք այդ վիշապաքարերը Արագածոտնի մարզի 4 տարբեր տեղերում: Եվ, իհարկե, 5-ը, որ տևական ժամանակ է՝ Օղակաձև այգու լճի մոտ տեղադրված էր, սակայն սխալ դիրքով՝ պառկած վիճակում»:

Թուխիկյանի խոսքով՝ վիշապաքարերը մշակույթի և ընդհանրապես համաշխարհային մշակույթի մեջ շատ հետաքրքիր ու բացառիկ երևույթ են:

«Վիշապաքարերն իրենց բնույթով հուշարձանի տեսակ են, որոնք շատ նման են խաչքարերին»,- ասաց հնագետ Արսեն Բոբոխյանը:

Նրա խոսքով՝ քարերն ի հայտ են գալիս միայն հայկական լեռաշխարհում, որոնք  բացառիկ հուշարձան են և կառուցվել են Ք.ա. 2-3 հազարամյակներում և արդեն վերջին 10 տարիների ընթացքում բավականին ինտենսիվ հետազոտվում են: Քարերի հետազոտությունը սկսվել է մոտ 100 տարի առաջ. «Այս քարը գալիս է Գեղամա լեռներից, այն վայրից, որը հայերը կոչել են վիշապներ, եզդիները կոչել են՝ աժդահա  յուրդ, բայց մենք ունենք այս տեղանվան շատ հին, նույնիսկ աշխարհացույցից մնացած անունը՝ սախուրակ, որը մենք ցանկանում ենք վերականգնել»:

Հնագետը նշեց, որ այն հայտնաբերվել է 1909 թվականին, տեղափոխվել է այստեղ 1970 թվականին:

«Ըստ էության, տեղափոխողները փորձել են նախնական լանդշաֆտը վերականգնել։ Լճային  այդ միջավայրը վիշապաքարերի համար կարևոր նշանակություն ունի, Աղբյուրները վիշապաքարերի համար շատ կարևոր են: Այսինքն տեղափոխելն ի սկզբանե սխալ  քայլ է եղել, բայց փորձ է կատարվել այդ ձևով  փրկել վիշապաքարերը և վերականգնել իրենց նախնական լանդշաֆտներում»,- հավելեց Արսեն Բոբոխյանը։

Նա նշեց, որ վիշապաքարերը որոշակի պաշտամունքային հուշարձաններ են եղել, ընդ որում՝ բարձրլեռնային սրբավայրերում։

«Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ միայն բարձրլեռնային, այլ նաև միջին լեռնային տարածքում են ի հայտ գալիս վիշապաքարերը, մոտավորապես 1300-3200 մետրի վրա են:

Դրանք նման են մոտավորապես այն սրբավայրերին, որտեղ Վարդավառին, Նավասարդին և նման այլ տոներին մարդիկ բարձրացել են և ծիսակատարություններ  են իրականացրել, մեկ կամ երկու շաբաթ մնացել են, ապա վերադարձել իրենց բնակավայրերը։

Քարերն  ունեցել են  նաև համայնքները միավորող նշանակություն: Տարածված են եղել Վանի, Սևանի, Ուրմիայի ավազաններում, և  այսպիսով կարծես սահմանում են  հայկական լեռնաշխարհը որպես մի մշակութային տարածք՝ հատկապես բրոնզի դարում։

Հարցին՝ քարի ստեղծման, ձևափոխման գործում մարդկային միջամտություն եղե՞լ է, թե ոչ, հնագետը նշեց, որ ոչ թե վարպետ, այլ վարպետներ են աշխատել, համայնք է աշխատել, քանի որ այսպիսի քար մշակելու համար համայնքային ուժեր են պետք. «Այստեղ խոսք է գնում խիստ կազմակերպված համայնքի մասին, որը ընտրել է հստակ քար՝ անդեզիտ, կամ բազալտի տիպի կարծր քարեր, որոնք շատ դժվար են մշակվում, այսինքն՝ համայնքի կողմից ներդրվել է մեծ ներուժ»:

Հնագետը հավելեց նաև, որ կա տեսակետ, որ խաչքարերը ստեղծվել են վիշապաքարերից: Այդ տեսակետն առաջին անգամ հայտնել է հուշարձանների հայտնագործող, հետազոտող Նիկողայոս Մառը:

Տպել